Կոլբա լաբը հրավիրում է ձեռներեցների, անհատ նորարարների, ՓՄՁ-ների, ՀԿ-ների, ստարտափ թիմերի, հետազոտողների և բոլոր նրանց, ովքեր ունեն նորարար գաղափարներ՝ ուղղված ապագայի գյուղատնտեսության և սննդի վերամշակման ոլորտներին մասնակցելու ստարտափ մրցույթի:
Կոլբա լաբը փնտրում է ապրանքների և ծառայությունների նախագծման և զարգացման վերաբերյալ ապագային միտված գաղափարներ, որոնք ուղղված են լուծելու Տավուշի և Գեղարքունիքի մարզերում գյուղատնտեսության և սննդի վերամշակման ոլորտների տվյալների հավաքագրման և կանխատեսման արդյունքում բացահայտված հիմնական մարտահրավերները: Ահա այն հիմնական ուղղությունները, որոնց միջոցով պետք է լինեն լուծումները վերը նշված մարզերում իրականացնելու նպատակով՝
– Անօդաչու սարքերի օգտագործումը գյուղատնտեսության մեջ,
– Այլընտրանքային ջերմոցներ,
– Օպտիմալ լոգիստիկ լուծումներ գյուղատնտեսության ոլորտում,
– Տվյալահեն գյուղատնտեսություն,
– Բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառումը գյուղատնտեսության մեջ,
– Քաղաքային գյուղատնտեսություն,
– Թվային լուծումների կիրառումը գյուղատնտեսության մեջ,
– Պարենային անվտանգություն,
– Գինեգործություն,
– Կաթիլային ոռոգման խելացի համակարգեր։
Աշխարհն իր առջև խնդիր է դրել վերջ տալ համընդհանուր սովին մինչև 2030 թվականը: Դրան հասնելու համար գյուղատնտեսությունը պետք է դառնա առավել արդյունավետ և կայուն ամբողջ արժեշղթայում: COVID-19-ի հետևանքով պարենային անվտանգության, սննդի անվտանգության, պարենի սակավության և գյուղատնտեսական արտադրության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներ սրվել են, և դրանք պետք է լուծվեն նոր եղանակներով: Ներկայիս մոտեցումները բավարար չեն լուծումներ առաջարկելու համար:
Գիտական ոլորտի գիտելիքների փոխանցումը և կիրառումը գյուղատնտեսական պրակտիկայում դանդաղ է և դժվար ոչ միայն Հայաստանում, այլև գլոբալ մակարդակում, այնուամենայնիվ, մենք փնտրում ենք նոր տեխնոլոգիաներ, այլընտրանքային մոտեցումներ և թվային լուծումներ պարունակող համարձակ գաղափարներ, որոնք թույլ կտան զգալիորեն ավելացնել գյուղատնտեսության և սննդի վերամշակման արդյունաբերության արդյունավետությունն և եկամտաբերությունը: Օրինակ՝ լուծումներ, որոնք կարող են օգնել ֆերմերներին հետևել իրենց ողջ ֆերմայի տվյալների դինամիկային, որոնց հիման վրա հնարավորություն կունենան որոշումներ կայացնել՝ բարձրացնելով իրենց արդյունավետությունն ու տնտեսության եկամտաբերությունը:
Կոլբա լաբը ակնկալում է ստանալ առաջարկներ, որոնք հնարավոր է փորձարկել, մոդելավորել և առաջին արդյունքներն ունենալ առաջիկա 6 ամսվա ընթացքում: Կոլբա լաբը կաջակցի գաղափարի իրագործմանը՝ տրամադրելով գաղափարի ինկուբացման աջակցություն, որը ներառում է մասնագիտական խորհրդատվություն և նախնական ֆինանսավորում 3000-5000 ԱՄՆ դոլարի սահմաններում:
Լրացրեք առցանց հայտն այստեղ: Հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչեւ հուլիսի 27-ը: