News

Hero House AI Ինկուբացիոն ծրագրի երկրորդ շրջափուլի հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 4-ն է

Հարավարևելյանային Եվրոպայի եվրոպական ֆոնդի Ձեռնարկատիրության ակադեմիան և SmartGateVC-ն միավորում են ուժերը իրականացնելու Hero House-ի արհեստական բանականության ինկուբացիոն ծրագրը, որը նպաստում է նորարարության և գիտության զարգացմանը՝ աջակցելով գիտական հետազոտություններին, որոնք կազմակերպություններին զինում են ժամանակակից տեխնոլոգիաներով և մասշտաբայնացման հնարավորություն տալիս:

Ծրագրի ընթացքում ուսանողները աշխատում են հետազոտության ղեկավարների և ընկերությունների ներկայացուցիչների հետ` ընկերությունների առջև արհեստական բանականության բնագավառում ծառացած տեխնոլոգիական մարտահրավերները հայտնաբերելու և համապատասխան լուծումներ ստեղծելու համար: Ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին ձեռք բերել գործնական և կիրառական փորձ՝ փորձառու մասնագետների հսկողության ներքո աշխատելով: Ուսանողները ստանում են բացառիկ մենթորություն Հայաստանում ԱԲ մասնագետների կողմից, աշխատում են հաջողակ ձեռներեցների, առաջատար գիտնականների և վաղ փուլերի ստարտափերի հետ ՝ ընկերությունների համար շուկայի նոր հնարավորություններ բացահայտելու և ինկուբատորից նշանակալից գործնական փորձ ստանալու համար:

Hero House-ի արհեստական բանականության ինկուբացիոն ծրագրի առաջին շրջափուլի շրջանավարտ Նարե Սմբատյանը նշում է․ «Ինկուբացիոն ծրագիրը փայլուն նախաձեռնություն էր, որը հիմնովին փոխեց իմ մասնագիտական կարիերայի հետագա ընթացքը: Պրոֆեսիոնալ մենթորների ղեկավարությամբ 2 ամսվա ինտենսիվ աշխատանքը իրական ընկերությունում տեխնոլոգիական խնդիրների շուրջ թույլ տվեց խորապես և բազմակողմանիորեն ծանոթանալ արհեստական բանականության  գործիքակազմի կիրառման առանձնահատկություններին և հնարավորություններին: Գործնական հմտություններն ու գիտելիքները, հետաքրքիր ու անհրաժեշտ կապերի հաստատումը, և  Embry Tech-ի նման խոստումնալից ստարտափում  աշխատել շարունակելու հնարավորությունը դարձան իմ ամենակարևոր նվաճումները: Եվ ամեն անգամ հետ նայելիս, ես խորապես շնորհակալ եմ լինում նախաձեռնությանը`որ այն տեղի է ունեցել իմ կյանքում»:

Ծրագրի առաջին փորձնական շրջափուլը իրականացվել է Եվրոպական Միության SMEDA ծրագրի աջակցությամբ։  Այն տեղի է ունեցել 2019 թվականի հունիսից սեպտեմբեր ամիսներին, որի ընթացքում 11 հետազոտողներ աջակցել են 7 ընկերությունների ԱԲ մոդելների ստեղծմանը: Այդ ժամանակից ի վեր ծրագիրը մեծ պահանջարկ ունի տեխնոլոգիական համայնքում: Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական ֆոնդն աջակցում է ծրագրի երկրորդ շրջափուլի իրականացմանը, որը կարտացոլի փորձնական շրջափուլից վերցված դասերը և 12 ընկերությունների, 24 ուսանողների և 6 հետազոտական  ղեկավարների ներգրավման արդյունքում կունենա ավելի մեծ ազդեցություն: Ծրագրի հետազոտական մասի տևողությունը 18 շաբաթ է՝ սկսած 2020 թվականի սեպտեմբերի 14-ից մինչև 2021-ի հունվարի 22-ը:

Ծրագրի երկրորդ շրջափուլին մասնակցելու համար արդեն իսկ ընտրվել են 12 ընկերություններ և 6 ղեկավարներ։ Հետազոտողները կարող են դիմել 2020 թվականի Օգոստոսի 24-ից սկսած։ Դիմումների վերջնաժամկետը 2020 թվականի Սեպտեմբերի 4-ն է: Հայտերը հասանելի են www.herohouse.am/ai-incubator էջում։ Օգոստոսի 27-ի ժամը 19։00-ին կկայանա տեղեկատվական հանդիպում՝ ծրագրի և ընդունելության մանրամասների մասին։ Առցանց միջոցառման մանրամասները հասանելի են այս հղումով։

Share