Սեպտեմբեր, 2020
September 2020
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Հայկական .am դոմենը 26 տարեկան է
News 26/08/2020 14:16

2020 թվականի օգոստոսի տվյալներով՝ .am տիրույթում գրանցված է շուրջ 37.800 դոմենային անուն: Այժմ Հայաստանում գործում են ավելի քան 40 ռեգիստրար` դոմենային անուն գրանցող կազմակերպություններ

Ուղիղ 26 տարի առաջ ինտերնետում հասանելի դարձավ հայկական .am դոմենային տիրույթը: Օգոստոսի 26-ին նշվում է .am դոմենի հիմնադրման օրը:

Դեռեւս 26 տարի առաջ, երբ չկար .am-ը, Հայաստանում կայքերը գրանցվում էին .com, .org, .net տիրույթներում: Դոմեն գործարկելու իրավունք ունեին միայն այն երկրները, որոնք ունեին ինտերնետ ենթակառուցվածք եւ ինտերնետն օգտագործողների համայնք: 1994 թվականին նոր անկախացած Հայաստանում նորարարական գաղափարներով ոգեւորված մի խումբ մասնագետների ջանքերով Հայաստանը միացավ օնլայն աշխարհին, եւ գործարկվեց .am դոմենային տիրույթը: Հայաստանը գործնականում սեփական դոմենային անուն ունեցավ 1994 թվականին:

Հետաքրքրական է .am տիրույթի գործարկման պատմությունը, որի կայացմանը նպաստողներից մեկը «Ինտերնետ հանրություն» ՀԿ Խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանն է, ով երկար տարիներ աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանում որպես համակարգչային բաժնի տնօրեն, նաեւ Երեւանի Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտում որպես բաժնի վարիչ:

Իգոր Մկրտումյանը պատմում է, որ 1993 թվականին մասնակցել է Սան Ֆրանցիսկոյում կայացած Համաշխարհային INET93 համաժողովին. «Այդ ժամանակ գործուղվեցի ԱՄՆ` Հայաստանի ազգային դոմենի(.am) կառավարումը կարգավորելու նպատակով: Սան Ֆրանցիսկոյում դասընթացներ անցա ազգային դոմենի կառավարման վերաբերյալ: Վերադառնալով Հայաստան` ստեղծեցինք նախաձեռնող խումբ, այդպիսով հիմնադրվեց «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը (ISOC.am):

ՀԿ-ի հիմնական գործառույթը .am եւ .հայ տիրույթների կառավարումն է, գլխավոր նպատակն է ՀՀ-ում նպաստել ինտերնետի զարգացմանը՝ ապահովելով հայկական սեգմենտի կայունությունն ու հուսալիությունը, հատկապես ազգային դոմենների, քանի որ դրանից է մեծապես կախված ինտերնետի հայկական տիրույթի աշխատանքը:

Նախորդ տարի՝ 2019 թվականին մեծ մասշտաբներով նշվել է .am-ի 25-ամյակը, ԻՀ-ն շնորհակալագրեր է հանձնել այն կազմակերպություններին ու անհատներին, ովքեր նշանակալի ավանդ են ունեցել .am տիրույթի զարգացման գործում:

«Ինտերնետ հանրություն»-ը ոչ առևտրային կազմակերպություն է, որը համագործակցում է Հայաստանի հիմնական ինտերնետ պրովայդերների, համալսարանների, մարզային գրադարանների, հետազոտական կենտրոնների ու դպրոցական ցանցերի հետ:

Իր գործունեության ընթացքում ՀԿ-ն համահիմնադրել է Հայկական Ինտերնետ տրաֆիկի փոխանակման ԱՐՄԻՔՍ հիմնադրամը, որը 2010 թվականից ի վեր միավորում է Հայաստանի օպերատորներին՝ մեծ թողունակությամբ կապուղիներով ինտերնետ տրաֆիկ փոխանակելու համար։ Իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, որոնցից մեկը ուղղված էր դպրոցների 700 ցանցային ադմինիստրատորների վերապատրաստմանը։ Ծրագրերից կարելի է նշել IGF հայկական ինտերնետ կառավարման ֆորումը, որն այս տարի 6-րդ անգամ քննարկումների բաց հարթակ կդառնա ինտերնետ կառավարման քաղաքականության վերաբերյալ:

ՀԿ-ն ստեղծել է նաեւ ArmSIG Ինտերնետ կառավարման հայկական դպրոցն ու աջակցել երիտասարդական Youth IGF ֆորումի կայացմանը, որը կազմակերպում են ոլորտի երիտասարդ մասնագետները: Նաեւ իրականացնում է բարեգործական եւ սոցիալական նախագծեր՝ մասնավորապես կույրերի մշակույթի տանը բացել է համակարգչային կենտրոն եւ անց է կացնում դասընթացներ, նաեւ մարզային գրադարաններին տրամադրում է համակարգչային տեխնիկա: