ՀՀ բուհերի ու հետազոտական ինստիտուտների ասպիրանտուրայի ուսանողները հրավիրվում են դիմելու Ասպիրանտների աջակցության 2020 թվականի ծրագրին՝ ներկայացնելով իրենց հետազոտական աշխատանքը։ Ծրագիրն իրականցվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ և նպատակ ունի աջակցել ՀՀ-ում երիտասարդ գիտնականներին՝ տրամադրելով ֆինանսավորում և օժանդակություն իրենց հետազոտական և գիտական նախագծերի համար։ 2018 թվականից արդեն 10 համալսարանների և հետազոտական ինստիտուտների 20 ասպիրանտ օգտվել է ծրագրից՝ գրանցելով էական առաջընթաց և հաջողություններ իրենց հետազոտություններում։
Այս տարի Ասպիրանտների աջակցության ծրագիրը նվիրվում է ականավոր երիտասարդ գիտնական Հրայր Ազիզբեկյանի հիշատակին, ով գիտության և հետազոտությունների առաջամարտիկներից էր։ Հույս ունենք, որ այս ծրագիրը ևս մեկ քայլ կլինի Հայաստանում ուժեղ գիտական էկոհամակարգի զարգացման իր տեսլականը կյանքի կոչելու ճանապարհին։
Ծրագիրը թիրախավորում է գիտական և հետազոտական նախագծերի հայտերը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ Մաթ․ մոդելավորում, Սիմուլյացիայի մոդելավորում, Տեխնոլոգիական օժանդակությամբ համակարգերի և փորձարկումերի նախագծում, Ջերմային ու ջերմահաղորդիչ տեխնոլոգիաներ, Արդյունաբերական և համակարգային ինժեներիա, Էլեկտրոնային ինժեներիա, Նախատիպավորում, Նյութագիտություն, Վերլուծական քիմիա, Օրգանական նյութեր (բիոպլաստիկ, բիոկերամիկա, բիոպոլիմերներ), Աերոզոլային գիտություն, Թունաբանություն, Կիրառական ու փորձարարական ֆիզիկա, Կիրառական մաթեմատիկա, Մեքենայական ուսուցում, Արհեստական բանականություն։
Հայտատուները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին.
- Լինել ՀՀ-ում գործող հետազոտական ինստիտուտներից կամ համալսարաններից որևէ մեկում ընդունված կամ սովորող ասպիրանտ,
- Ներկայացնել հետազոտական աշխատանք, որը վերաբերում է վերը նշված ոլորտներին։
Նախընտրական փուլը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի՝ իրենց հետազոտական նախագիծը ներկայացնելու նպատակով։
Հետաքրքրված թեկնածուները պետք է լրացնեն առցանց հայտադիմումը՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.
- Ասպիրանտի և գիտական ղեկավարի ինքնակենսագրությունները (CV)
- Գիտական ղեկավարից աջակցության նամակ,
- Հետազոտական նախագծի առաջարկը՝ համաձայն հավելված 2 -ում նշված կառուցվածքի:
Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն անգլերենով։
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 2020թ. սեպտեմբերի 7-ը, 23։59։