News

Հանձնվեցին ՀՀ ԲՏԱ նախարարության «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների առաջին 177 շրջանավարտների հավաստագրերը

Սեպտեմբերի 4-ին Հայ-Ռուսական համալսարանում տեղի է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվող՝ «Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացների առաջին խումբ հավաստագրերի հանձնման արարողությունը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը ողջունել է դասընթացի մասնակիցներին, հատուկ շնորհակալություն հայտնել Հայ-ռուսական համալսարանի ամբողջ դասախոսական անձնակազմին՝ նշելով, որ վերջիններս ջանք ու եռանդ չեն խնայել գիտելիքը մասնակիցներին հնարավորինս մատչելի փոխանցելու գործում։ Փոխնախարարը հորդորել է մասնակիցներին կանգ չառնել՝ խորացնել ծրագրավորման ուղղությամբ գիտելիքներն ու փորձը․ համոզմունք հայտնել, որ մասնակիցները կկարողանան օգտագործել տեխնոլոգիական ոլորտում նոր գաղափարներով հանդես գալու և հաջողելու բոլոր հնարավորությունները:

Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը փաստել   է, որ սերտ, բեղմնավոր և արդյունավետ համագործակցության արդյունքում արձանագրվում է հաջողությամբ իրականացված  «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների առաջին խմբերի ավարտը և նշել, որ ծրագրի շրջանակներում 2000 հայ մարդ՝ անկախ տարիքից, նախնական կրթական չափանիշից, հնարավորություն է ստացել ծրագրավորման հիմունքներ ուսումնասիրելու բարձր մասնագիտական որակավորում ունեցող անձնակազմի միջոցով: Ռեկտորը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը, ՀՀ ԲՏԱ նախարարությանը այս կարևոր նախաձեռնության համար և հույս հայտնել, որ ծրագիրը շարունակական է լինելու:

Վկայականներ և մասնակցության հավաստագրեր ստացան 177 ուսանողներ. դասընթացն ավարտել և շուտով վկայական կստանա ևս 342 ուսանող:

Սեպտեմբերի սկզբին դիմորդների ընդհանուր թիվը կազմել է 3245 (ՀՀ մարզերից և Արցախից՝ 1603 (49.3%), Երևանից՝ 1642 (50.6%)), սովորում է՝ 1200 ուսանող (մարզերից՝ 574, Երևանից՝ 626): Վերջին քննությանը մասնակցել և անցողիկ շեմը հաղթահարել է՝ 280 ուսանող: Առաջիկա քննությանը մասնակցելու է 82 դիմորդ:

Ի լրումն ստացված կրթության Հայ-ռուսական սլավոնական համալսարանը կազմակերպելու և ֆինանսավորելու է լավագույն արդյունքներ գրանցած 50֊ից ավելի ուսանողների համար անվճար խորացված դասընթացներ, իսկ հետագայում՝ լավագույն 5֊ը ներգրավվելու են համալսարանի նախագծերի աշխատանքներում: Լրացուցիչ խորացված դասընթացներին մասնակցելու առաջարկ արդեն իսկ արվել է 30 շրջանավարտի։

ՀՀ ԲՏԱ նախարարության դրամաշնորհի նպատակն է տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող սկսնակների համար պայմանների ստեղծումը «Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացներին մասնակցության միջոցով: Ծրագրի իրականացման առաջին մի քանի ամիսների ընթացքում արդեն իսկ տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու ցանկություն են հայտնել ամենատարբեր մասնագետներ տուրիզմի, բանասիրության, լրագրության, իրավագիտության, հաշվապահության, մանկավարժության, անգամ՝ վարսահարդարության և խոհարարության ոլորտներից։

Share