News

ՀՀ ԲՏԱ նախարարությունը՝ 2020թ. առաջին կիսամյակում. Հարկային արտոնություն ԲՏ ոլորտի սկսնակ ընկերություններին

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերից մեկն էլ տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ ընկերություններին հարկային արտոնությունների տրամադրումն է։

ՀՀ ազգային ժողովի կողմից 2019թ. ապրիլին ընդունված և մայիսի 18-ից ուժի մեջ մտած «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները նոր հնարավորություն են ընձեռում տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ ընկերությունների գործունեության համար։

Փոփոխությունների համաձայն` նորաստեղծ ընկերություններին տրամադրվում են հետևյալ հարկային արտոնությունները` 0% շահութահարկ և 10% եկամտային հարկ։ Միևնույն ժամանակ սահմանվում են մի շարք պահանջներ ու չափորոշիչներ, ինչպես օրինակ` աշխատակիցների թիվը չպետք է գերազանցի 30-ը, ընկերությունները չպետք է ստեղծվեն այլ տնտեսավարող սուբյեկտի վերակազմակերպման արդյունքում և այլն:2020թ. հունվարի 1-ից մինչև օգոստոսի-21-ն ընկած ժամանակահատվածում 134 նորաստեղծ ընկերություններ ստացել են հարկային արտոնություն, ևս 11 ընկերություն գտնվում են հավաստագրման գործընթացում:

Հավաստագրված ընկերությունների ընդհանուր թիվը 2019-2020թթ. ընթացքում կազմել է 364՝ ստեղծելով շուրջ 960 նոր աշխատատեղ:

Նորաստեղծ ընկերությունների բաժնետերեր են հանդիսանում ԱՄՆ-ի, Չեխիայի, Վրաստանի, Իրանի, Միացյալ Թագավորության, ՌԴ-ի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Ավստրալիայի, Գերմանիայի, Իսրայելի, Կանադայի, Սիրիայի, Պերուի մեր հայրենակիցները, որոնք Հայաստանում հիմնել են նոր ընկերություններ։

Share