Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Սփյուռքահայ մասնագետները իրենց փորձը կներդնեն Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում
News 08/09/2020 13:09

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը և գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանը սեպտեմբերի 7-ին հանդիպել են տվյալագիտության մասնագետ Մեղրիկ Այիթյանին Ավստրիայից և ինժեներ֊բալիստիկ Րաֆֆի Գյուրջյանին ՌԴ֊ից, ովքեր «իԳործ» ծրագրի շրջանակներում միանալու են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թիմին որպես փորձագետներ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը ողջունել է ՀՀ ԲՏԱ նախարարությանը միացող մասնագետներին, նշել, որ շուրջ 50 մասնակիցների հետ արված հարցազրույցներից հետո ընտրվել են առավել համապատասխան փորձառություն ունեցող 9֊ը հայրենակիցներ: Նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ նրանց աշխատանքը նախարարությունում արդյունավետ և հաջողված է լինելու:

Գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին իրենց փորձառությունը, գիտելիքներն ու ներուժը հայրենիքում ներդնելու պատրաստակամության համար, համոզմունք հայտնել, որ ծրագիրը հաջողելու է, կատարված աշխատանքի դրական արդյունքները տեսանելի են լինելու կարճ ժամկետում և որ ողջ անձնակազմը պատրաստ է իր աջակցությունն ունենալ այդ հարցում:

«իԳործ» ծրագրի առաքելությունն է հայրենադարձության` մասնավորապես մասնագիտական հայրենադարձության խթանումը և այն իրականացվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ: Պատասխանատու Լիաննա Սիմոնյանն իր խոսքի ընթացքում մատնանշել է ծրագրի բացառիկությունը՝ սփյուռքահայ մասնագետներին ընձեռում է հնարավորություն աշխատելու Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում, իրագործելու հայրենիքում՝ հարազատ ոլորտի նկատմամբ մասնագիտական երազանքները:

Հանդիպման ավարտին Վիկտորիա Պողոսյանը նոր գործընկերներին ներկայացրել է իրենց ղեկավարներին, մենթորներին, որոնց ուղեկցությամբ փորձագետները ծանոթացել են աշխատանքային պայմաններին ու անցել գործի՝ հետևելով «իԳործ» ծրագրի կարգախոսին:

Առաջին փուլի արդյունքներով թվով 24 մասնագետներն արդեն Հայաստանում են: Կանադայից, Դանիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Ֆրանսիայից, Նորվեգիայից մինչև Իսրայել, Նիդերլանդներ ու Չինաստան. նրանց անգամ համաճարակը չի խանգարել հասնելու հայրենիք և միանալու ՀՀ կառավարության աշխատանքներին:

Ընդհանուր առմամբ, շուրջ 100 մասնագետներ սփյուռքից կհամալրեն պետական կառավարման համակարգը` բերելով իրենց հետ արտասահմանյան փորձն ու խորացնելով, թե՛ գործընկերների, թե՛ իրենց մասնագիտական գիտելիքները: