2020 թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանի և նորանշանակ տնօրեն Րաֆֆի Քասսարջյանի հետ:
Ողջունելով հյուրերին ՀՀ ԲՏԱ նախարարությունում՝ նախարար Հակոբ Արշակյանը շնորհավորել է տնօրեն Րաֆֆի Քասսարջյանին իր նոր՝ պարտավորեցնող պաշտոնում, համոզմունք հայտնել, որ հիմքում ունենալով Կարեն Վարդանյանի թողած նշանակալի ժառանգությունը, նոր նախագծեր կմշակվեն և կյանքի կկոչվեն միության կողմից վերջինիս տնօրինությամբ: Նախարարը նշել է, որ ինքն էլ, լինելով մասնագիտությամբ ինժեներ, քաջատեղյակ է, թե որքան կարևոր է ԱՏՁՄ-ի դերը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի համար, որը ողնաշարի դեր է կատարել այս ասպարեզում, թե՛ իբրև տեսլական թելադրող, թե՛ ոլորտի լոբբինգի իրականացնող և թե այլ շատ առումներով:
Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ ներկայումս նախարարությունը ստանձնել է մի շարք ինստիտուցիոնալ նախագծերի իրականացում, որոնք ներառում են կրթությունից, գիտելիքից մինչև ընկերության ստեղծում, հիմնում, ձեռներեցության զարգացում, ֆինանսների ներգրավում, ենթակառուցվածքային այլ ծրագրեր: Ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտում ևս շտկումներ են լինելու:
ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը նշել է, որ երկար քննարկումների արդյունքում է Րաֆֆի Քասսարջյանը նշանակվել տնօրենի պաշտոնում և ներկայումս միությունը վերագործարկելու է բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ նախարարության ռազմավարական զարգացմանը նպաստող: Եսայանը ներկայացրել է ԱՏՁՄ ռազմավարությունը, զարգացման հիմնական ուղղությունները և նշել, որ ակնկալում են նախարարության աջակցությունը դասընթացների և այլ տեսլականների իրականացման հարցերում:
Րաֆֆի Քասսարջյանը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար և նշել, որ իր համար ուրախալի է այն փաստը, որ նախարարը ևս բարձր տեխնոլոգիաների ոլորտից է և լավ է պատկերացնում ոլորտի խնդիրներն ու առաջնահերթությունները: Քասսարջյանը մատնանշել է ոլորտում փոփոխությունների անհրաժեշտությունը, քանի որ այն, ինչ նախատեսված էր 5 տարի, 10 տարի առաջ, այժմ արդիական չէ և արագ զարգացման կարիք ունի․ կարևորել է փաստը, որ ներկայումս լուծված են հարկային, մաքսային խնդիրների գերակշիռ մասը, ստարտափների համար բարենպաստ միջավայր է ձևավորված, ակնհայտ է ռազմարդյունաբերության ոլորտի առաջընթացը և հիմնական խոչընդոտը ռեսուրսների առկայության խնդիրն է:
Նախարարը նշել է, որ «Վիրտուալ կամուրջ մարզերի համար» ծրագրի շրջանակներում քարտեզագրում է կատարվել, ինտերակտիվ ուսուցում է իրականացվում մարզերում՝ Երևանից հնարավորինս շատ գիտելիք մարզեր տանելու նպատակով: Նախատեսվում է դրամաշնորհներ տրամադրել ձեռներեցներին՝ մարզերում ընկերություններ հիմնելու նպատակով, ինչն իր հերթին ինստիտուցիոնալ մեխանիզմներ կձևավորի որակյալ կադրերին մարզեր ուղղորդելու և տեղում բացահայտելու գործում:
Հանդիպման ավարտին նախարար Հ․ Արշակյանը, ամփոփելով նախարարություն – ԱՏՁՄ հարաբերությունների զարգացման ուղղությունները և հեռանկարները, համոզմունք է հայտնել համատեղ ջանքերով մեծ արդյունավետությամբ և պատասխանատվությամբ աշխատելու վերաբերյալ: