Դեկտեմբեր, 2020
December 2020
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
«Ինժեներական քաղաքի» ռեզիդենտի կարգավիճակ ձեռք բերելու հնարավորություն են ստացել ինժեներական բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները
News 03/11/2020 15:37

«Ինժեներական քաղաք» (ԻՔ) ծրագրի շրջանակում հայտարարվել է ԻՔ ռեզիդենտի կարգավիճակ ձեռք բերելու նպատակով ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերությունների դիմումների ընդուման մեկնարկի մասին: Ծրագրին կարող են դիմել նյութագիտության, էլեկտրոնիկայի, չափիչ սարքավորումների և համակարգերի, ռադիոհաճախականային սարքավորումների և համակարգերի, ավիատիեզերական սարքավորումների և համակարգերի, ռոբոտաշինության, կիսահաղորդչային սարքավորումների, վարորդների աջակցման արդի համակարգերի (ADAS), ինչպես նաև կենսաբժշկական սարքավորումների ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունները։

Ծրագրի մանրամասն նկարագրությունը, մասնակցության այլ չափորոշիչներն, ինչպես նաև ծրագրի իրականացման պայմանները սահմանված են ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի  N 1218-Լ որոշմամբ, որին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144660:

Ծրագրի մասնակցության չափորոշիչներին բավարարելու և ԻՔ ռեզիդենտի կարգավիճակ ստանալու դեպքում՝ ընկերությունները հնարավորություն կունենան նվիրաբերության միջոցով և սեփականության իրավունքով ստանալու 250 քմ կամ 500 քմ հողատարածք՝ գրասենյակ կառուցելու նպատակով, ինչպես նաև կունենան հասանելիություն՝ համատեղ օգտագործվող ժամանակակից ինժեներական լաբորատոր սարքավորումներին և արտադրական մեքենաներին։

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել [email protected] էլ.փոստին։

Ինժեներական Քաղաքը տեղակայված է Երևան քաղաքի Նոր Նորքի Բագրևանդի փողոց 74 հասցեում գտնվող 3 հեկտար հողատարածքի վրա։ Ինժեներական Քաղաքի գլխավոր հատակագիծը և դիմումի ձևը հնարավոր է ներբեռնել հետևյալ հղումներով՝

Դիմումի ձև

– Ինժեներական քաղաքի Գլխավոր հատակագիծ

Ինժեներական քաղաքը բարձր տեխնոլոգիաների ոլորտի բեկումնային զարգացման ծրագիր է, պետական մասնավոր համագործակցություն՝ ուղղված Հայաստանը տարածաշրջանում ինժեներական գիտահետազոտական բացառիկ լուծումների և արտադրանքի կենտրոն դարձնելուն:

ԻՔ ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել նոր ձևաչափի էկոհամակարգ, որտեղ ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները հնարավորություն կունենան մեծացնել արտադրության ծավալները, ինչպես նաև արդիական ենթակառուցվածքների կիրառմամբ մշակել և իրագործել նորարարական գաղափարներ` տեղական ու միջազգային շուկաների համար։