Ամերիկյան TIME ամսագիրը ներկայացրել է 2020թ. լավագույն 100 նորարարությունների ցանկը։ Ամսագրի ցուցակը կազմվել է ամսագրի խմբագիրների և թղթակիցների կողմից՝ ամբողջ աշխարհում։
Ուրախությամբ նշենք, որ hայկական Krisp ընկերությունը, որը արհեստական բանականության տեխնոլոգիաների միջոցով իրական ժամանակում մաքրում է ձայնը կողմնակի աղմուկից, ընդգրկվել է ցուցակի Արհեստական բանականություն բաժնում։
«Ամեն տարի ամերիկյան TIME Magazine-ը հրապարակում է աշխարհի 100 լավագույն ինովացիաները։ Այս տարի Krisp-ն ընդգրկվել է այդ ցուցակում, արհեստական բանականություն խմբում։ Krisp-ի հաղթարշավը շարունակվում է:
- Forbes AI 50 2020
- Forbes Cloud100 2020 Rising Star
- TIME The 100 Best Inventions of 2020
Սրանից հետո միայն կենտրոնանալու եմ հաղթանակների վրա։ Լիքը գործ ունենք անելու», – իր ֆեսյբուքյան էջում գրել է Krisp-ի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը։
«Հրաշալի նորություն Krisp-ի կողմից այս դժվար ժամանակներում։ Krisp-ը ամերիկյան TIME Magazine-ի կողմից ճանաչվել է 2020թ.-ի աշխարհի 100 լավագույն նորամուծություններից մեկը` արհեստական բանականության կատեգորիայում։ Իհարկե մեծ նվաճում է արժանանալ այս մրցանակին, բայց ավելի ոգևորիչ է, թե ի՞նչ այլ նորամուծություններ ենք բերելու աշխարհին 2021թ.-ի ընթացքում», – գրել է Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։