Նոյեմբերի 5-ին Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) վերաբացել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացի հայտերի ընդունումը։ Ծրագիրը ներգրավելու է թե՛ զորակոչի ենթակա տղաներին, թե՛ երիտասարդ կանանց, ովքեր ունեն ԳՏՃՄ ոլորտի առնվազն բակալավրի աստիճան և դասընթացն ավարտելուց հետո ՀՀ ՊՆ առաջադրած նախագծերին
միանալու պատրաստակամություն։ Տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ 6 և 12-ամսյա անվճար
դասընթացին կմասնակցեն թեստավորման և հարցազրույցի փուլերը հաղթահարած դիմորդները։
Մասնակցության հայտերը ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը։ Դասընթացները պարբերական են և մեկնարկում են յուրաքանչյուր
զորակոչից 6 ամիս առաջ։ Գալիք դասընթացը կմեկնարկի 2021 թվականի հունվարին: Դասընթացին մասնակցելը շատ կարևոր է, բայց դեռ երաշխիք չէ, որ երիտասարդները ծառայության կանցնեն «1991 ստորաբաժանում»-ում։ Այդ ընդունելությունն առանձին կարգով է կազմակերպվելու։ Բացի այդ՝ բոլոր ցանկացողները կարող են նաև ինքնուրույն պատրաստվել և մասնակցել «1991 ստորաբաժանման» ընդունելության մրցույթին։ FAST հիմնադրամը կկազմակերպի նաև խորացված դասընթացներ «1991 ստորաբաժանման» զինծառայողների համար նրանց հանձնարարված հետազոտությունների և մշակումների (R&D) նախագծերի կարիքներին համապատասխան։
««1991 ստորաբաժանման» կրթական և մշակումների (R&D) ծրագիրը յուրօրինակ նախաձեռնություն է, որը նպաստելու է մեր երկրի
պաշտպանությանը, տեխնոլոգիական կրթության և տաղանդի զարգացմանը՝ բոլորը միաժամանակ»,- նշում է հեռանկարային
հետազոտական նախաձեռնությունների գծով փոխնախագահ Դավիդ Սարկիսյանը։
Ներկա հակամարտություններում մեծ նշանակություն ունենալուց բացի՝ ծրագիրը հնարավորություն կտա երիտասարդներին
ծառայությունը ավարտելուն պես շարունակել իրենց առաջընթացը գիտական և տեխնոլոգիական ոլորտներում։
«1991 ստորաբաժանման» առաջին դասընթացը մեկնարկել է 2020 թվականի հունվարին և ներգրավել է 46 մասնակցի, իսկ հուլիսին
մեկնարկած երկրորդ դասընթացին մասնակցել են 65 երիտասարդ կին և տղամարդ։