«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի և «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ, այս ամիս իրականացրել է NVIDIA խոր ուսուցման ինստիտուտի (DLI) Fundamentals of Deep Learning առցանց դասընթացը՝ Եթովպիայում Ադիս Աբեբայի գիտական և տեխնոլոգիական համալսարանի ուսանողների համար։
NVIDIA DLI-ն առաջարկում է որակյալ դասընթացներ՝ ծրագրավորողների, տվյալագետների և հետազոտողների համար, որոնք ցանկանում են խոր ուսուցման և արագացված հաշվողական տեխնիկայի միջոցով լուծել մարտահրավերային խնդիրներ։ Նոյեմբերի 1-ին և 8-ին կայացած դասընթացը վարել են Հայաստանում NVIDIA DLI -ի հավաստագրված դեսպանները, որոնք դասավանդում են (ԵՊՀ) «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի շրջանակում։
«Հայաստանն այսօր դժվարին ժամանակներ է ապրում, բայց, չնայած դրան, մենք՝ հայերս մեծ ուշադրություն ենք դարձնում նմանատիպ միջոցառումներին: Ես համոզված եմ, որ հայ-եթովպական այս համագործակցությունը խորանալու է և զարգանալու՝ ի շահ երկու երկրների»,- ողջունելով ծրագրի մասնակիցներին, նշել է Եթովպիայում Հայաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Արտեմ Ազնաուրյանը:
«Եթովպիան և Հայաստանը ցանկանում են ավելի խորացնել բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության և նորարարության ոլորտներում երկկողմ համագործակցությունը։ Այդ նպատակին միտված այս պիլոտային ծրագիրը միավորում է հայ դասախոսներին և եթովպացի ուսանողներին՝ տվյալագիտության ոլորտում համագործակցությունը զարգացնելու համար»,- նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը:
Հավելենք, որ նորարարական մտածողությամբ ուսանողների, գիտաշխատողների, հետազոտողների համար նախատեսված դասընթացը կազմված էր երկու դասից: Առաջին դասը կոչվում էր Fundamentals of Deep Learning for Computer Vision, որի ընթացքում մասնակցիները սովորել են խոր ուսուցման հմտություններ` Computer Vision-ի մի շարք առաջադրանքների համար: Երկրորդ դասի՝ Fundamentals of Deep Learning for Multiple Data Types-ի շրջանակում, գործածվել են խորը ուսուցման հմտությունների դասավանդման մի շարք գործնական վարժություններ՝ տարբեր խնդիրներում ներառելով բազմաբնույթ տվյալների տեսակները։