Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Եթե այդ ժամանակ հասկանայինք, ոչինչ էլ չէինք  նախաձեռնի. Դավիթ Բաղդասարյանը՝ 2Hz ստարտափի մասին
OFFLINE 23/10/2018 08:48

Հոկտեմբերի 17-ին Beeline Startup Ինկուբատորում կայացավ «Ո՞ւր են գնում տեխնոլոգիաները» թեմայով հանդիպում-քննարկում։

StartHub Offline ձևաչափով քննարկմանը խոսնակները կիսվել են իրենց կարծիքներով տեխնոլոգիաների ոլորտում սպասվող նորամուծությունների, անվտանգության նոր մարտահրավերների, տեխնոլոգիական նորարարությունների հարցում հայկական ներուժի, տեխնոլոգիական աշխարհում արագ կողմնորոշվելու ու անընդմեջ կրթվելու կարևորության մասին։

Դավիթ Բաղդասարյանը հյուրերին ներկայացրեց, թե ինչպես են Արտավազդ Մինասյանի հետ որոշել հիմնել հիմա արդեն շատերին հայտնի 2Hz ստարտափը։

Նրա խոսքով, այդ ժամանակ թե՛ նա, թե՛ նրա համահիմնադիր գործընկերը գրեթե պատկերացում չեն ունեցել արհեստական բանականությունից, սակայն, այնուամենայնիվ, որոշել են ստեղծել աղմուկը վերացնող ծրագիր։ Այդ նպատակով մտածել են ալգորիթմ, որն այս պահին փորձում են վերածել պրոդուկտի ու ներկայացնել շուկայում։

«Մենք մտածեցինք, որ աղմուկը շատ մեծ խնդիր է հեռահաղորդակցության մեջ, ուստի որոշեցինք, կիրառելով արհեստական բանականությունը, վերացնել այն։ Այդ ժամանակ ասեմ, որ մենք ընդհանարապես գաղափար չունեինք արհեստական բանականությունից։ Բայց լավ է, որ այդ ժամանակ բան չէինք հասկանում. եթե հասկանայինք, ոչինչ էլ չէինք նախաձեռնի»,- նշում է 2Hz ստարտափի գործադիր տնօրեն, համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը։

Նշեմ, որ 2Hz ստարտափի հիմնադիրներն արդեն ստացել են երկու ներդրում, հասցրել են մասնակցել Բերկլի Skydeck աքսելերատորի ծրագրին, իսկ վերջերս ստացած ներդրման միջոցով փորձում են իրենց հետաքրքիր գաղափարներն արդեն վերածել պրոդուկտի։

Դավիթ Բաղդասարյանը ներկաներին նաև տեղեկացրեց, որ ի տարբերություն հիմա շուկայում առկա աղմուկը վերացնող լուծումների, իրենք կարողանում են ամեն բան անել ընդամենը մեկ բարձրախոսով։ Այնինչ՝ մյուսները կիրառում են մի քանիսը։

«Մենք մեր ծրագրում աղմուկը վերացնում ենք ընդամենը մեկ բարձրախոսի միջոցով, որն այդքան էլ էական չի։ Էական է ձայնային հոսքը, որպեսզի այն ստանալուց մենք կարողանանք վերացնել աղմուկը՝ թողնելով ձայնը։ Մեր պրոդուկտը կարելի է օգտագործել հեռախոսներում, ավտոմեքենաներում, ամպային ծառայություններում, այսինքն՝ այնտեղ, որտեղ կարելի է մեր ծրագիրը գործարկել»,- նշեց նա։

Անդրադառնալով Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի այն դիտարկմանը, որ ոչ հեռավոր ապագայում մեզ սպասում են խելացի քաղաքներ, որտեղ գործարկվելու է արհեստական բանականությամբ աշխատող, հսկա տերաբայտեր պահանջող մեխանիզմ, նա նշեց.

«Ապագայի այս մարտահրավերը լուծելու համար անհրաժեշտ է ծրագիր (software), որն այդ ամենը կապահովի։ Այստեղ շատ մեծ է արհեստական բանականության դերը։ Քանի որ դրա միջոցով աշխատող ռոբոտները պետք է կարողանան տեսնել, հասկանալ, ճանաչել մեզ՝ մարդկանց։ Իսկ այսօրվա դրությամբ արհեստական բանականության ամենամեծ առաջխաղացումը մենք տեսնում ենք պատկերներ և տեսանյութեր ճանաչելու ոլորտում։ Սակայն դեռևս չկան լուծումներ, որոնք կօգնեն ճանաչել մարդուն՝ ըստ ձայնի»,- ընդգծեց նա։

«Աշխարհի ամենահայտնի համալսարանները աշխատում են հիմա հենց այս ուղղությամբ, սակայն այդ խնդիրը դեռևս լուծված չէ»,- հավելեց բանախոսը։

Ավելի վաղ տեղեկացրել էին, որ վերոնշյալ քննարկման խոսնակներն էին Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) ղեկավար Արեգ Գևորգյանը, 2Hz ստարտափի գործադիր տնօրեն, համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը և ՏՏ փորձագետ Գեորգի Ավանեսովը։