Categories: OFFLINE

Մանուկ Հերգնյանը՝ գիտական ստարտափների խթանման ռազմավարության մասին

Դեկտեմբերի 6-ին Starthub Offline հանդիպում-քննարկում շարքի հերթական հյուրն էր «Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր ու կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը։

Հանդիպման խորագիրն էր՝ «Ստարտափներ և Ներդրումներ»։

Անդրադառնալով Հայաստանում գիտական ուղղվածություն ունեցող ստարտափների սակավաթվությանը՝ նա նշեց, որ այսօր էկոհամակարգը պահանջում է գիտական մշակումների հիման վրա լուծումներ, ու այս փաստը պետք է ստիպի Հայաստանում զարգացնել այդ ոլորտը։

«Էկոհամակարգը գտնվում է հիմա մի փուլում, երբ հետագա զարգացումը մեծ մասամբ կախված է լինելու այսպես կոչված գիտական մշակումների փոխակերպումից դեպի տեխնոլոգիական պրոդուկտներ։ Կարծում եմ՝ մենք սպառել ենք այն հնարավորությունը, որ, եղած տեխնոլոգիաների վրա նոր կիրառումներ ունենալով, կարողանանք մեծ զարգացում ապահովել»,- նշել է Մանուկ Հերգնյանը։

Այս մարտահրավերը, որի առջև կանգնած է Հայաստանի տեխնոլոգիական ձեռներեցության էկոհամակարգը, ըստ «Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիրի, պետք է հաղթահարել՝ հաշվի առնելով երեք հիմնական գործոն։

Նրա խոսքով, առաջինը պետք է ուղղակի ներդրում անել գիտության մեջ։

Երկրորդը, գիտությունն առավելագույնս ներմուծել կրթական համակարգ։ Եվ երրորդ, հասարակության մեջ բարձրացնել գիտության համբավը։

«Եթե մենք նայենք 50-60-ական թվականներին Հայաստանում ինչ տեսակի գիտական արտադրանք էր ստեղծվում, իսկապես կտեսնենք համաշխարհային մակարդակի բազմաթիվ ուղղություններով լրջագույն ձեռքբերումներ։ Պետք է հաշվի առնենք, որ հասարակությունում այդ ժամանակ գիտնականի և ինժեների համբավը ամենաբարձրներից էր»,- ամփոփել է նա։

Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող  StartHub Offline-ը միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները հանդիպում և քննարկումներ են անցկացնում  ՏՏ ոլորտի առաջատարների հետ։

Share