Դեկտեմբերի 6-ին Starthub Offline հանդիպում-քննարկում շարքի հերթական հյուրն էր «Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր ու կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը։
Հանդիպման խորագիրն էր՝ «Ստարտափներ և Ներդրումներ»։
Անդրադառնալով հարցին՝ ո՞ր ուղղություններն են առաջնային Հայաստանի ստարտափ էկոհամակարագը զարգացնելու և առաջ տանելու համար, նա նշեց երկու հիմնական ոլորտ, որին անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել։
«Մոտ ապագայում ամենամեծ ազդեցությունը կունենա երկու տեխնոլոգիա։ Առաջինը, արհեստական բանականությունն է, երկրորդը՝ սինթետիկ կենսաբանությունը (synthetic biology – խմբ.) կամ, ընդհանուր առմամբ, նորարարությունների հիման վրա ի հայտ եկող բիոտեխնոլոգիաները»,- ընդգծեց հանդիպման բանախոսը։
Իհարկե, նա նաև բեկումնային անվանեց երեք այլ ուղղություններ, որոնք են՝ ռոբոտիկան, իրերի համացանցը (IoT) և 3D տպագրութունը։
Խոսելով բլոկչեյին ազդեցության մասին՝ Մանուկ Հերգնյանը նշեց, որ դեռևս պարզ չէ, թե ինչ զարգացումներ են մեզ սպասում այս ուղղությամբ, քանի որ նշված տեխնոլոգիայի կիրառությունների դաշտը դեռևս սահմանափակ է։
Նրա խոսքով, Հայաստանն իր մրցակցային առավելությունները պետք է հիմնի մեծ տվյալների վերլուծության, արհեստական բանականության և մեքենայական ուսուցման վրա։
«Մեծ տվյալների վերլուծությունը ենթադրում է լավ մաթեմատիկական ապարատ, ինչն իր հերթին չի պահանջում հարուստ սարքավորումների առկայություն։ Ուստի այդ ուղղությունը շատ կարևոր է Հայաստանի համար»,- ամփոփեց իր խոսքը բանախոսը։
Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող StartHub Offline-ը միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները հանդիպում և քննարկումներ են անցկացնում ՏՏ ոլորտի առաջատարների հետ։