Categories: OFFLINE

2019 թվականին Գավառում, Կապանում և Եղեգնաձորում կբացվեն տեխնոլոգիական կենտրոններ

Դեկտեմբերի 21-ին Starthub Offline հանդիպում-քննարկում շարքի հերթական հյուրն էր Business Development Advisors (BDA) ընկերության տնօրեն Ամալյա Եղոյանը։

Հանդիպման խորագիրն էր՝ «Հայկական ստարտափների ներկան և ապագան»։

Անդրադառնալով մարզերում ստարտափների գրանցած հաջողություններին՝ նա նշեց, որ ՏՏ ոլորտը ոչ միայն Երևանով է սահմանափակվում, այլև զարգացում և առաջընթաց ունենք նաև այստեղ։

«Այսօր պետք է փաստեմ՝ նույն Գյումրու և Վանաձորի տեխնոլգիական կենտրոններում ունենք 10-ից ավել ատրատափներ, որոնք դրամաշնորհների աջակցությամբ սկսել են իրենց գործունեությունը և այսօր պատվերներ են կատարում լեհական«Fujitsu», Համաշխարհային բանկի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի և շատ այլ միջազգային կառույցների համար»,- ասել է նա։

Ամալյա Եղոյանը ներկաներին նաև հայտնեց, որ ԳՏԿ-ում դեկտեմբերի 7-8-ը «Բարձր տեխնոլոգիաները մարզային համաչափ զարգացման գրավական» խորագրով երկօրյա համաժողովի ընթացքում քննարկվել է մարզերում՝ Գյումրու և Վանաձորի նման կենտրոններ բացելու հարցը։

«Համաժողովին ներկա էր մարզերից մոտ 150 երիտասարդ։ Քննարկում էինք այն հարցը, թե ինչպես իրականացնել ԳՏԿ-ի և ՎՏԿ-ի մոդելն այլ մարզերում։ Եվ ես շատ ուրախ եմ, որ Հայ օգնության ֆոնդը որոշում կայացրեց՝ Գավառում, Կապանում և Եղեգնաձորում հենց հաջորդ տարվա սկզբից մեկնարկել ԳՏԿ մոդելի իրականացումը»,- ամփոփել է բանախոսը։

Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող StartHub Offline-ը միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները հանդիպում և քննարկումներ են անցկացնում ՏՏ ոլորտի առաջատարների հետ։

Share