Փետրվարի 21-ին կայացավ Starthub Offline հանդիպում-քննարկումների շարքի հերթական միջոցառումը։ Հանդիպման բանախոսներն էին «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և ՎԵՈՆ Արմենիայի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, իսկ խորագիրը՝ «Հայաստանի Ստարտափ Էկոհամակարգ»։
Խոսելով ՁԻՀ աջակցությամբ ստարտափների միջազգային հարթակ դուրս գալու մասին Բագրատ Ենգիբարյանը նշել է, որ իրենց կողմից ֆինանսական աջակցություն ստացած ստարտափների 80%-ը գործում են, և, որ նրանցից շատերն այսօր Հայաստանի փայլող աստղերն են արտերկրում։
Այնուհետև ՁԻՀ ղեկավարը ներկայացրեց տպավորիչ վիճակագրական տվյալներ ստարտափների և դրանց ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ։
«Ըստ վիճակագրության, վերջին տարվա ընթացքում մոտ 30 ստարտափ ենք ֆինանսավորել, և ընդհանուր առմամբ 30-ի վրա ծախսել ենք 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Եթե եկամուտը չհաշվենք, միայն ներգրավված վենչուրային լրացուցիչ ֆինանսավորումը ավելի քան 10 մլն ԱՄՆ դոլար էր։
Մեզ համար նաև ուրախալի էր, որ նորաստեղծ կազմակերպությունները, որոնց աջակցում ենք, ոչ միայն ունեն եկամուտ, այլև կարողանում են լուրջ կապիտալ ներգրավել։ Ոգևորիչ է նաև այն, որ ստարտափերի միջոցով այսօր Հայաստանում ներդրում են կատարել աշխարհի լավագույն վենչուրային հիմնադրամները` Sequoia, Naspers, Lear Capital և մյուսները։ Դա նշանակում է , որ արդեն Հայաստանի տեղը գիտեն, և, որ պետք է մենք օգտագործենք այս հաջողությունը՝ ընդլայնելու աշխատանքները։
Որպես հաջորդ քայլ ես տեսնում եմ, որ առաջին հերթին պետք է Երևանից բացի ուշադրություն դարձնել նաև մարզերին։ Մենք լուրջ պոտենցիալ ունենք երկրում, և այսօր կարևոր չէ, թե որտեղ են գտնվում տեխնոլոգիական նորաստեղծ կազմակերպությունները, նրանք ունեն զարգանալու հնարավորություն, քանի որ այսօր ցանկացած տեղ գործում է գերազանց ինտերնետ հասանելիություն, և կան ֆինանսավորման մեխանիզմներ։
Ես կուզենայի, որ ոչ միայն բաց չթողնենք ստարտափների հետ կապը, որն իրականում չենք անում, այլև կարողանանք նրանց օգտագործել որպես խորհրդատուներ նորերի համար։
Ես կարծում եմ ամենամեծ արժեքն է՝ չվախենալ խոսել մեր հաջողությունների մասին, օգտագործել մեր արդեն-իսկ հաջողված կազմակերպությունների ղեկավարների փորձը, և մյուս ամենակարևոր հարցն է մեր մարզերին ուշադրություն դարձնելը, որն իրականում հնարավորություն է կրկնապատկելու, եռապատկելու մեր հաջողությունը», – նշել է Բագրատ Ենգիբարյանը։
Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող StartHub Offline-ը միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները հանդիպում և քննարկումներ են անցկացնում ՏՏ ոլորտի առաջատարների հետ։