Հայաստանում Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի համատեղ իրականացվող StartHub նախագծի շրջանակում հունվարի 30-ին տեղի ունեցավ հերթական ՍտարտՀաբ Օֆլայն հանդիպում-քննարկումը։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները քննարկումներ են անցակացնում ՏՏ ոլորտի առաջատարների հետ։
Հանդիպման խորագիրն էր՝ «Ստարտափ ինկուբատորները և աքսելերատորները Հայաստանում»։ Բանախոսներն էին՝ Անդրեյ Պյատախին՝ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն, Աննա Թանթուշյան՝ Armenia Startup Academy ծրագրի մենեջեր, Հայկազ Արամյան՝ FAST հիմնադրամի նորարարությունների առաջատար վերլուծաբան, Գրիգոր Հովհաննիսյան՝ Beeline Ստարտափ Ինկուբատորի ղեկավար։
Հանդիպման ընթացքում բանախոսները ներկայացրել են Հայաստանում ստարտափ ինկուբատորների և աքսելերատորների գործունեությունը։ Դրանց կողմից իրականացվող ուսուցողական ծրագրերը և ներդրումների ներգրավման գործընթացները։ Անդրադարձ է կատարվել հայկական ստարտափների ձախողման պատճառներին, մեր էկոհամակարգի առավելություններին և թերություններին։
«Ինկուբատորները և աքսելերատորները ստարտափ էկոհամակարգի կարևորագույն բաղադրիչներն են և դրանց գործունեության արդյունավետությունն ուղիղ համեմատական է հաջողակ ստարտափների թվին։ Այս առումով չափազանց կարևոր է ունենալ կրթական նորագույն ծրագրերով գործող և ոլորտի լավագույն մասնագետների ներգրավող կազմակերպություններ։ Շնորհակալ եմ մեր բանախոսներին՝ ուսանելի և հետաքրքիր հանդիպման համար», – նշեց Տեխնոլոգիական զարգացման կենտրոն հիմնադրամի Խորհրդի նախագահ Սամվել Չախալյանը։
Starthub Armenia ծրագրի ընթացքին հետևելու և առաջիկա հանդիպում-քննարկումների մասին տեղյակ լինելու համար կարող եք այցելել https://starthub.am կայք կամ StartHub Armenia ֆեյսբուքյան էջ։