Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
EPIC՝ ուսանող ստարտափների բիզնես գաղափարների կայացմանն աջակցող կենտրոն
Organizations 31/10/2018 12:58

Սեպտեմբերի 14-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում կայացած Startup Boost Weekend II մրցույթին ուսանողների բարձր մասնակցությունը ցույց տվեց, որ ՏՏ ոլորտում կրթություն ստանալու մեծ պահանջարկ կա Հայաստանում։

Ուսանողները հետաքրքրված են ՏՏ ոլորտով, քանի որ այն բիզնես սկսելու և մեծ շուկա դուրս գալու համար ամենակարճ ճանապարհներից մեկն է։ Միևնույն ժամանակ Հայաստանում բազմաթիվ երիտասարդ ուսանողներ, ունենալով հետաքրքիր գաղափարներ, չգիտեն՝ ինչպես դրանք կյանքի կոչել։

Այս հարցում օգնության է հասնում Ամերիկյան Համալսարանի Ձեռներեցության և նորարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC)։

Գործառնությունների մենեջեր Արամ Քեռյանը «StartHub»-ի հետ զրույցում պատմել է EPIC ուսանողական ստարտափ ինկուբացիոն ծրագրի հիմնական ուղղությունների, առանձնահատկությունների և դիմելու ընթացակարգի մասին։

– Ինչպե՞ս է ծնվել նման կենտրոն ունենալու գաղափարը։

-Նման կենտրոն ունենալու ամբողջ գաղափարը Բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արամ Հաջյանինն է։ Նա դեռևս 2013 թվականին դիմել է նման կենտրոն ստեղծելու առաջարկով, ինչին արձագանքել է Բոստոնում բնակվող 93-ամյա մի կին։ Բացի այդ, American Schools and Hospitals Abroad (USAID/ASHA)-ը տրամադրել է ֆինանսավորում՝ շինարարական աշխատանքների համար։ Եվ հենց այդ գումարով վերանորոգվել է ներկայումս գործող ինկուբատորի տարածքը։ Այն տեղակայված է 5-6 հարկերում, ունենք նաև արդի սարքավորումներով հագեցած երկու լաբորատորիա՝ նկուղային հարկում։

Կենտրոնի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2016 թվականի հունիսի 16-ին՝ «Ձեռնարկատիրություն և նորարարություն» խորագրով համաժողովի շրջանակներում։

2017 թվականի գարնանն էլ մեկնարկել է «EPIC» ուսանողական ստարտափների համար նախատեսված ինկուբացիոն ծրագիրը։

-Ո՞րն է եղել նման կենտրոն ունենալու հիմնական նպատակը։

– Այս տենդենցն եկել է ԱՄՆ-ից։ Այնտեղ ընդունված է, երբ համալսարաններում, բացի դասախոսություններ և հետազոտություն անելու հնարավորություն տրամադրելուց, ունենալ նաև նման կենտրոններ։ Դրանք նպաստում են տնտեսության զարգացմանը։ Այսպիսով ուսանողներն ընդգրկվում են կազմակերպություններ ստեղծելու գործընթացի մեջ։ Նրանք այստեղ ծանոթանում են կազմակերպություններ ստեղծելու, հարկեր վճարելու և դրա հետ կապված գործընթացների առանձնահատկություններին։

– Որո՞նք են EPIC դիմելու համար անհրաժեշտ քայլերը։

-Մենք գտնվում ենք համալսարանում։ Սա նշանակում է, որ մեր անմիջական հաճախորդը ուսանողն է։ Իհարկե, մեր ուշադրության կենտրոնում Ամերիկյանի ուսանողներն են, բայց ծրագիրը նաև հասանելի է Հայաստանի բոլոր բուհերի ուսանողների համար։

EPIC-ի ծրագիրն իրականացվում է տարեկան երկու անգամ՝ գարնանային և աշնանային ծրագրաշարերի տեսքով։ Գարնանայինը մեկնարկում է փետրվարից, իսկ աշնանայինը՝ սեպտեմբերից։

Ծրագրաշարի մասին տեղեկատվությունը հիմնականում տարածում ենք EPIC-ի ֆեյսբուքյան էջով և տեղեկատվական պաստառներով։ Հայտարարության մեջ ընդգծում ենք, որ մեզ կարող են դիմել թիմեր, որոնք արդեն ունեն որևէ գաղափար։ Չնայած այն բանին, որ թիմը պետք է ունենա առնվազն երկու մասնակից, մենք քանակային որևէ սահմանափակում չենք մտցնում։ Մենք ունեցել ենք թե՛ մեկ, թե՛ հինգ հոգանոց թիմեր։ Չունենք նաև տարիքային որևէ սահմանափակում. այս պահին մեզ մոտ ուսանող ստարտափների թիմերից մեկում ընդգրկված է նաև դպրոցական։ Ունենք ընդամենը մեկ պայման՝ թիմում մի հոգի պետք է լինի նախկին կամ ներկա Ամերիկյան համալսարանի համայնքի ներկայացուցիչ։ Հայտարարությունից հետո տեղեկացնում ենք, որ ընդունում ենք օնլայն հայտեր, որոնք էլ հենց սկսում ենք ֆիլտրել։ Բոլոր օնլայն փուլն հաջողությամբ հաղթահարած թիմերին հրավիրում ենք հարցազրույցի։ Այս փուլում մեծ ուշադրություն ենք դարձնում թիմին։ Մեզ համար կարևոր է, որ թիմն ունենա համատեղ անցած ճանապարհ և պատմություն։ Թիմի անդամները միմյանց հետ աշխատելու փորձ ունենան։

-Ի՞նչ ձևաչափով է իրականացվում ծրագրաշարը։

Ծրագրաշարի շրջանակներում նախատեսում ենք 12 շաբաթանոց ծրագիր, ինչը ենթադրում է շաբաթական երեք անգամ պարտադիր հանդիպում։ Երկու հանդիպումներից մեկը լինում է դասախոսության տեսքով՝ շաբաթական երկու անգամ, որի ընթացքում հրավիրում ենք ոլորտի լավագույն մասնագետների։ Այդ դասախոսությունների կենտրոնական թեմաներն են հաճախորդի բացահայտումը և ստարտափ հիմնելու փիլիսոփայությունը։ Մյուս երրորդ մասը՝ կրթական է, որի ընթացքում ստարտափներին տրամադրում ենք հավելյալ գիտելիք։ Պարտադիր չէ, որ այն կիրառվի հենց ծրագրաշարի ընթացքում։

Բացի այդ, սովորաբար ուրբաթ օրերին կազմակերպում ենք «Պիցցա օր», որի ընթացքում հրավիրում ենք միջազգային և տեղի ստարտափների հիմնադիրների, ովքեր ստարտափներին պատմում են իրենց հաջողության պատմությունը, նաև այն բոլոր սխալները, որոնք եղել են ձախողման պատճառ։ Նմանատիպ ձևաչափով հանդիպումներն օգնում են ստարտափներին ավելի լավ պատկերացնել ոլորտային առանձնահակությունները։

Նշեմ, որ կենտրոնի տարածքը մեր ռեզիդենտների համար օրական 24 ժամ , շաբաթական 7 օր, տարեկան 364 օր բաց է։ Մենք հենց սկզբում նրանց տրամադրում ենք ID քարտեր, որոնց միջոցով նրանք կարող են մուտք գործել տարածք, երբ ցանկանան։ Անգամ կարող են այստեղ գիշերել. մենք ունենք փչովի մահճակալներ։

-Կխնդրեմ թվարկել երեք տարածված սխալ, որն անում են գրեթե բոլոր ստարտափները։

– Շատ անգամ մեզ մոտ գալիս են թիմեր, որոնք դեռևս չունեն ստարտափ անելու փորձ, սակայն մտածում են, որ իրենց գաղափարն ամենալավն է, ու նրանք միանգամից կարող են ներդրումներ ներգրավել, դուրս գալ միջազգային շուկա և հաջողել։ Այնինչ՝ սկսնակները պետք է գիտակցեն, որ ստարտափ ստեղծելն ու զարգացնելն իրականում շատ բարդ աշխատանք է։ Միջինում այս ամենը կարող է տևել 10 և ավելի տարի։

Ստարտափն ապրում է այնքան, որքան դրա հիմնադիրները «բզբզում են» այն զարգացնելու ուղղությամբ։

– Մի փոքր թերագնահատում են թիմի կարևորությունը։ Լավ ընկերներ լինելու փաստը դեռ չի նշանակում լինել նաև լավ գործընկերներ։ Ստարտափ հիմնելն ամուսնության պես մի բան է, նույնիսկ՝ ավելի պարտավորեցնող է։ Հիմնադիրները պետք է հասկանան, որ թիմի հետ շատ ավելի ժամանակ ես անցկացնում, քան ենթադրենք ամուսնու կամ կնոջ հետ։

– Քիչ ժամանակ են տրամադրում ստարտափին. իրենց թվում է, որ այն երկու ժամ տևողությամբ նախագիծ է։

– Կարո՞ղ եք նշել նախկին ռեզիդենտ ստարտափների անուններ, որոնք, ըստ Ձեզ, հաջողել են։

Օրինակներից մեկը՝ «Currencii» ստարտափն է, որն արտարժույթի օնլայն փոխանակման ավտոմատացված հարթակ է։ EPIC-ում ռեզիդենտ լինելու ընթացքում հիմնադիրներն երկու անգամ դիմել են ԿԲ՝ Հայաստանում բիզնես գործունեություն իրականացնելու համար հավաստագիր ստանալու նպատակով։ Երկու անգամն էլ մերժվել են։ Սակայն այդ նույն ստարտափին հաջողվել է անցնել Ռիգայում Startup Wise Guys էստոնական աքսելերատորի եռամսյա ծրագիրն, հիմնել Էստոնիայում և Լատվիայում ընկերություններ։ Հիմնադիրը հիմա վերադարձել է Հայաստան և երրորդ անգամն է դիմել ԿԲ։

Մյուս օրինակելի ստարտափն ինձ համար Breedge-ն է։ Այս թիմը շատ լավ է պատկերացնում՝ ինչ ասել է ստարտափ։ Իհարկե, նրանք դեռևս չեն արժանացել ներդրողների ուշադրությանը և չեն ստացել ֆինանսավորում, բայց դա բնական է, քանի որ իրենք դեռևս հետազոտության փուլում են։ Բայց պետք է ասել, որ նրանք կարողացել են համագործակցել 60-ից ավելի կազմակերպությունների հետ և 120 ուսանող տեղավորել աշխատանքի։ Սա խոսում է թիմի՝ օրինակելի ստարտափ լինելու մասին։

-Այս ընթացքում քանի՞ ծրագրաշար և ռեզիդենտ եք ունեցել։

– Այս ծրագրաշարը թվով երրորդն է, որտեղ ընդգրկված է 9 ստարտափ։ Առաջինում ունեցել ենք 6 ստարտափ, իսկ երկրորդում՝ 8:

Անահիտ Լալայան