Փետրվարի 12-18-ը Հնդկաստանի Վիշակապատնամ քաղաքում անցկացվելու է SSSholidays India Vizag միջոցառումը։ Այս անգամ Ստարտափ Արմենիա հիմնադրամի հետ միասին միջոցառման համակազմակերպիչն է Անդրա Պրադեշ նահանգում գործող աշխարհի ամենախոշոր բժշկական սարքավորումներ արտադրող AMTZ կենտրոնը։
Միջոցառմանը մասնակցելու են շուրջ 400 ձեռներեցներ և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ ոչ միայն Հայաստանից և Հնդկաստանից այլ նաև աշխարհի տարբեր երկրներից։
Դեռևս 2020 թվականին Ստարտափ Արմենիա հիմնադրամի կողմից մշակված այս նոր ձևաչափը առաջաին անգամ հաջողությամբ անցկացվեց անցած տարի դեկտեմբերին Արաբական Միացյալ Էմիրություններում։ Չնայած առաջին SSSholidays-ը մեկ հարկի տակ էր համախմբել հիմնականում հայաստանյան ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչներին, այս անգամ կազմակերպիչները փորձելու են այն հնարավորինս միջազգայնացնել։ Այս պահին մեծ ներգրավվածություն է ակնկալվում հատկապես Հնդկաստանից և Ռուսաստանից։
SSSholidays India Vizag միջոցառմանը մասնակցելու հնարավորություն կունենան ոչ միայն ստարտափ ընկերությունները, այլ նաև ոլորտով հետաքրքրված անհատներ և այլ կազմակերպություններ։ Ստարտափների համար այս պահին ոլորտային հստակ սահմանափակումներ չկան, սակայն համակազմակերպիչները ավելի շատ հետաքրքրված են առողջապահական և ֆինանսական ոլորտի ստարտափներով։ Միջոցառմանը մասնակցելու դիմում հայտերը տեղադրված են Սիսայդ Ստարտափ Սամմիթ ընկերության պաշտոնական կայքէջում։
Որպես միջոցառման անցկացման վայր այս պահին նախանշվում է Radisson Blu Resort Visakhapatnam հյուրանոցը։ Սակայն չի բացառվում, որ մեծ ներգրավվածության դեպքում ներառվեն նաև հարակից ծովափնյա հյուրանոցները։ Օրակարգը բաղկացած է և՛ կրթական և՛ ժամանցային բաժիններից։ Ինչպես նշում են կազմակերպիչները՝ միջոցառման գլխավոր նպատակը նեթվորքինգն է։ Նրանք խոստանում են անել ամեն ինչ մասնակիցների հանգիստը հաճելի և օգտակար դարձնելու համար։
Միջոցառմանը մասնակցող ստարտափները պետք է նախ անցնեն որակավորման փուլը, իսկ արդեն միջոցառման ընթացքում՝ հատուկ մշակված կրթական ծրագիր։ Միջոցառման վերջին օրերին կանցկացվեն ստարտափների մրցույթներ։ Մրցանակային նախնական ֆոնդը կազմելու է շուրջ 35.000$: Բացի գրատային մրցանակներից, մասնակից ստարտափների համար բացվելու են ներդրումների և աքսելերացոին ծրագրերի մեջ ներգրավվելու հնարավորությունններ հայկական և հնդկական ֆոնդերի կողմից։
Բոլորին հայտնի Սիսայդ Ստարտափ Սամմիթ նախագիծը Ստարտափ Արմենիա հիմնադրամի կողմից սկսել է իրականացվել դեռևս 2016թ.-ից։ 2016-2021 թվականներին Հայաստանում և արտերկրում անցկացված 7 սամմիթներին մասնակցել են ավելի քան 1000 ստարտափ ընկերություններ, բանախոսներ, մենթորներ և ներդրողներ ավելի քան 50 երկրից։
Միջոցառման շրջանակներում մինչ օրս իրականացրած ներդրումները գերազանցում են 4 մլն դոլարը։