Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Իրանական «P-gum» բջջային հավելված․ մետաղադրամ՝ յուրաքանչյուր քայլի դիմաց
Startups 22/08/2018 11:29

Վրանային ճամբարի ձևաչափով «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ն այս տարի իր շուրջ համախմբեց բազմաթիվ հետաքրքիր գաղափարներով էնտուզիաստների և փորձառու մասնագետների։

Մրցույթի մասնակիցները ժամանել են Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից, Պակիստանից, Ֆրանսիայից, Իսպանիայից և այլ երկրներից։ Նրանք բոլորն էլ հայտնի են իրենց երկրների շուկայում, իսկ Հայաստան ժամանելու նպատակը՝ ներգրավել մեր երկրի շուկան իրենց ծրագրերի մեջ։

Մեզ հետ զրույցում «P-gum» բջջային հավելվածի UI/UX դիզայներ Նավիդ Նաջմը պատմեց իրենց հավելվածի առանձնահատկությունների մասին։

Յուրաքանչյուր քայլի դիմաց՝ թվային մետաղադրամ

Նավիդ Նաջմը և իր ընկերները «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ին ժամանել են Իրանից։ Նրանք ներկայացնում են շատ օգտակար և կրեատիվ բջջային հավելված, որը կոչվում է «P-gum»։ Տղաները մեզ բացատրեցին, որ հավելվածի առաջին «P» տառը պարսկերեն նշանակում է փող, իսկ «gum»-ը՝ քայլ։

Հավելվածը 5 ամիս է, ինչ գործում է

Հավելվածը գործարկելուց հետո մեկ շաբաթ անց տղաներն արդեն հասցրել էին աշխատել 2000 ԱՄՆ դոլար։ Նրանց խոսքով, Իրանում շատ մեծ է «P-gum»-ի նկատմամբ հետաքրքրությունը, քանի որ իր ձևաչափով այն առաջինն է այս երկրում։

Այս պահի դրությամբ հավելվածն ունի 2000 ակտիվ օգտատեր։

Այն հնարավորություն է տալիս ամեն կատարած քայլի դիմաց աշխատել գումար։ Առաջին հերթին, այս ծրագիրը խրախուսում է առողջ ապրելակերպը։ Բացի այդ, նաև հնարավորություն է տալիս հեշտ գումար աշխատել։ Օգտատերը պարզապես պետք է ներբեռնի հավելվածը, որն ի դեպ անվճար է, գրանցվի համակարգում, ակտիվացնի այն, քայլի ու, ըստ արված քայլերի կուտակի թվային մետաղադրամներ, որոնք կարելի է փողի վերածել։ Այս գումարով հնարավոր է գնումներ անել, օգտվել զեղչերից կամ վճարել երթևեկության համար։

«Հասարակական տրանսպորտի ոլորտում մենք արդեն պայմանագիր ենք կնքել մի շարք մասնավոր կազմակերպությունների հետ», – նշում է Նավիդ Նաջմը։

Ծրագիրը դեռևս հասանելի է միայն իրանցի օգտատերերին

«Մենք դեռևս չենք կարող հաստատել օտարերկրացիների գրանցումը: Այս պահին մեր հավելվածը հասանելի է միայն իրանցիներին, սակայն արդեն սկսել ենք բանակցել տարբեր միջազգային ընկերությունների հետ՝ այս խնդիրը լուծելու նպատակով», – մանրամասնում է հավելվածի համահիմնադիրը։

Ինչպե՞ս է հավելվածն աջակցում բիզնեսի զարգացմանն Իրանում

Այս հավելվածի հիմնադիրները մի շարք պայմանագրեր ունեն մեծ ձեռնարկությունների հետ, որոնք կօգտագործեն «P-gum»-ի տարբեր ծառայություններ՝ շուկայում իրենց դիրքերը բարելավելու նպատակով։

Այս կազմակերպություններին վաճառվում են «P-gum locations», որոնք նշվում են հավելվածի քարտեզ բաժնում։ Թվային մետաղադրամի համար QR կոդը գտնելու համար անհրաժեշտ է այցելել քարտեզում նշված վայրերը։

Հայաստանը՝ որպես մեծ ներուժ ունեցող շուկա

«Մենք դեռևս չենք քննարկել մեր հավելվածը կիրառելու հարցերն այստեղ, սակայն ակնկալում ենք անել դա մոտ ապագայում, քանի որ Հայաստանը իսկապես մեծ ներուժ ունեցող շուկա է մեզ համար։ Հեղափոխությունից հետո ՏՏ ոլորտը ահռելի աճ է գրանցել այստեղ»,- հավելեց Նավիդ Նաջմը: