Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
14-ամյա դեռահասներն աուտիկ երեխաների համար հավելված կստեղծեն
Startups 22/08/2018 12:03

Վրանային ճամբարի ձևաչափով «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ին կարելի է հանդիպել ամենատարբեր գաղափարներով հանդես եկող ստարտափների։ Նրանք նույնիսկ առաջարկում են անհավանական թվացող խնդիրների հեշտ լուծումներ։

Այս տարվա մրցույթին ներկայացված էին այնպիսի նախագծեր, որոնք նորություն էին նույնիսկ հայաստանյան ՏՏ շուկայում։ Օրինակ՝ Աշտարակի «Այգ» կրթական զարգացման կենտրոն ՀԿ-ի 14-ամյա սաները աուտիկ երեխաների համար մտածել են «1 of U» բջջային հավելվածը։ 5 հոգուց բաղկացած 14-ամյա աղջիկների խումբը վերոնշյալ հավելվածի միջոցով ցանկացել է աջակցել աուտիկ երեխաներին՝ հասարակության մեջ ավելի հեշտ ինտեգրվելու ճանապարհին։

Նրանք մեզ պատմեցին, որ ամեն բան սկսվել է 2017 թվականի նոյեմբերին, երբ իրենց խմբավարի՝ Նարինե Մեսրոպյանի առաջարկով որոշել են մասնակցել Technovation challenge մրցույթին։ Այն աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթ է` նախատեսված 10-18 տարեկան աղջիկների համար։ Այս մրցույթի համար աղջիկները պետք է ներկայացնեին նորարարական գաղափար, որը գտնելու ընթացքում այցելել են «Իմ ուղին» սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոն։ Այստեղ «Այգ»-ի 14-ամյա սաները հանդիպել են աուտիզմ ունեցող երեխաների, որոնք էլ դարձել են հավելված ստեղծելու դրդապատճառը։

Այս հավելվածը, որը դեռևս միայն նախատիպն ունի, Technovation challenge մրցույթին ունեցել է բավականին դրական արձագանքներ և շահել գլխավոր մրցանակ՝ Grand Prize։

Վերադառնալով հավելվածին՝ նշենք, որ այն նախագծված է այնպես, որ աուտիզմ ունեցող երեխան կարողանա կոմիքսների, խաղերի, նկարների միջոցով հաղթահարել շփման հետ կապված խնդիրները։ Այս հավելվածում առանձնացված է ոչ աուտիկ երեխաների համար հատուկ բաժին, որտեղ նրանց ներկայացվում են աուտիկ երեխաների հետ շփվելու ճիշտ եղանակները։

«Օրինակ՝ մենք ունենք բաժին, որտեղ կան նկարներ, որոնց վրա սեղմելով՝ աուտիկ երեխան կարող է բացատրել՝ ինչ է ուզում այդ պահին։ Ավելին՝ հավելվածը թույլ է տալիս ձայնային ազդանշանի միջոցով ավելի հեշտ հաղորդակցվել։ Կան նաև խաղեր, որոնք օգնում են երեխաներին ճիշտ կողմնորոշվել տարբեր սոցիալական իրավիճակներում»,- պատմում է հավելվածի կոդի հեղինակ Թերեզա Թումանյանը։

Նշենք, որ թիմում ընդգրկված է 5 հոգի, որոնցից երկուսը՝ Տաթևը և Մարին, զարգացրել են հավելվածի բիզնես-պլանը, իսկ մյուս երկուսը՝ դիզայնը։

Այն դեռ չի գործարկվել, բայց վերջիններս խոստանում են, որ ամեն բան անում են այդ ուղղությամբ։ Գործարկվելուն պես հավելվածը իր ձևաչափով առաջինն է լինելու Հայաստանում։

«Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ին աղջիկներին  հաջողվեց հաղթահարել խմբային արգելքը և շահել 1500 ԱՄՆ դոլար, որը հենց բեմի վրա որոշվեց կրկնապատկել։