Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
21 ընկեր Հայաստանի մեռնող գյուղերին նոր շունչ է հաղորդում
Startups 23/08/2018 16:11

Վրանային ճամբարի ձևաչափով «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ին կարելի է հանդիպել ամենատարբեր գաղափարներով հանդես եկող ստարտափների։

Շատերն այս տարի շեշտը դրել էին ոչ այնքան նորարարական, այլև՝ սոցիալական ուղղվածություն ունեցող նախագծերի վրա։

Ձեզ ենք ներկայացնում սոցիալական «Dream village» (Երազանքի գյուղ – հեղ.) նախագիծը, որի նպատակն է բարեկարգել Հայաստանում մեռնող գյուղերը։

Մեզ հետ զրույցում նախագծի համահիմնադիր Արմենուհի Սաֆարյանը պատմեց նախագծի շրջանակներում իրենց կողմից արդեն իսկ իրականացված բարեփոխումների մասին։

Դրախտիկ՝ Հայաստանի ամենաանհեռանկարային գյուղերից մեկը

Անցած տարվա վերջից 21 ընկերներով որոշեցինք սկսել մի ծրագիր, որի նպատակն է Հայաստանի մեռնող և ծերացող գյուղերում փոխել թե՛ մթնոլորտը, թե՛ սեփական գյուղի հանդեպ ունեցած մարդկանց վերաբերմունքը։ Այս նախագծի շրջանակում սկսել ենք Սևանի հակառակ ափին գտնվող Դրախտիկ գյուղից։ Ընտրել ենք հենց այս գյուղը, քանի որ այն զբոսաշրջության տեսանկյունից Հայաստանում ամենաանհեռանկարային գյուղն էր։ Հատկանշական էր նաև այն, որ գյուղը կոչվում է Դրախտիկ, իսկ մեր նպատակն է ամբողջ հանրապետության մասշտաբով  ստեղծել դրախտի քարտեզ։

Վեց ամսում ՝ մոտ 2000 զբոսաշրջիկ

Մենք մոտ վեց ամիս է, ինչ գործունեություն ենք ծավալում այս գյուղում։ Այս ընթացքում հասցրել ենք ներգրավել մոտ 2000 զբոսաշրջիկ։ Բացի այդ, մեզ հաջողվել է փոխել մտածելակերպ։ Գյուղացին սկսել է գիտակցել, որ գումար խնդրելու փոխարեն պետք է փորձի այն ինքնուրույն վաստակել՝ տրամադրելով զբոսաշրջիկներին գյուղական սնունդ և գիշերակաց։

Գյուղին նոր շունչ է հաղորդվել

Նախ ասեմ, որ «Awesome» հիմնադրամից մենք ստացանք 1000 ԱՄՆ դոլար, որի միջոցով բարեկարգվեց գյուղի դպրոցը։ Նաև մենք ավարտում ենք մեր բանակցությունները ՄԱԿ-ի հետ, ինչի արդյունքում ակնկալում ենք մեծ ծավալի ներդրումներ։ Այդ միջոցներով նախատեսում ենք վերանորոգել 10 ընտանիքի տներ, որոնք հետագայում կարելի է օգտագործել որպես հյուրատներ։ Նախատեսում ենք ունենալ մանկապարտեզ, մշակույթի կենտրոն, գրադարան։ Ծրագրում ընդգրկել ենք նաև ձիարշավարանի բարեկարգումը։ Նախատեսել ենք նիստերի դահլիճ, որը կարելի օգտագործել Team building-ների (խմբակային միջոցառումներ-հեղ.) համար։

Հեծանվային զբոսաշրջություն և SMM դասընթացներ

Գյուղը գտնվում է Սևանի ափից 3 կմ այն կողմ, ուստի մտածել ենք, որ այստեղ կարելի է զարգացնել հեծանվային տուրիզմը։

Մենք նաև մեծ ուշադրություն ենք դարձնում գյուղի երիտասարդների կրթության վրա։ Այդ իսկ պատճառով իրենց համար կազմակերպում ենք անվճար SMM դասընթացներ, որպեսզի ձեռքբերած գիտելիքները նպաստեն գյուղի հետագա զարգացմանը։ Ավելին, այս դասընթացների արդյունքում մի աղջիկ արդեն աշխատանք է գտել։