Innopark. Երևանում մեքենա կայանելն այլևս խնդիր չի առաջացնի
Startups 28-08-2018 14:12

Beeline Startup Incubator-ը տարեկան 4 անգամ իրականացվող 16 շաբաթանոց ծրագրաշար է, որը մեծ ներուժ ունեցող 10 ստարտափի հնարավորություն է ընձեռում ձեռք բերել այնպիսի կարևոր հմտություններ, ինչպիսիք են պրոդուկտների նախագծումը, շուկայի գնահատումը, հետազոտումը, մարքեթինգը և այլն։

Յուրաքանչյուր ինկուբացիոն ցիկլ տևում է 4 ամիս, որի ընթացքում ստարտափների համար կազմկերպվում են հատուկ միջոցառումներ, թրեյնինգներ և հանդիպումներ։

Իսկ թե որքանով է այս ծրագիրն օգնում ստարտափներին կայացման ճանապարհին, կներկայացնենք StartHub-ի նոր շարքում։

Այս անգամ զրուցել ենք Beeline Startup Incubator-ի ռեզիդենդ Innopark ստարտափ նախագծի ղեկավար, բիզնեսի զարգացման մասնագետ Սոնա Վեզիրյանի հետ։

Հավելված, որը  կլուծի ավտոմեքենաների կայանման դժվարին խնդիրը

«Innopark» հավելվածի հեղինակները զբաղվում են կայանատեղիների ավտոմատացմամբ։ Թանկարժեք սարքեր տեղադրելու փոխարեն հեղինակներն օգտագործում են քաղաքում տեղադրված տեսախցիկները, որոնցից ստացված տեղեկատվությունը մշակում են հատուկ ալգորիթմի միջոցով։ Տվյալ ալգորիթմի միջոցով մշակված ծրագիրը թույլ է տալիս տեսնել քաղաքում եղած բոլոր ազատ կամ զբաղված կայանատեղիները։

Հավելվածը շուտով հասանելի կլինի Playmarket-ում և App Store-ում, որը կարելի ներբեռնել անվճար։ Ծրագրի միջոցով հնարավոր է շատ արագ գտնել ամենամոտ ազատ կայանատեղին՝ խնայելով վառելիքը և ժամանակը։

Innopark-ի մրցակցային առավելությունները

Այն լուծումը, որ մենք ենք տրամադրում, նմանատիպ այլ հավելվածներ Հայաստանում չեն առաջարկում։ Եթե արտերկրում այս խնդիրը փորձում են լուծել՝ թանկարժեք սարքեր տեղադրելով, ապա մենք դրա փոխարեն առաջարկում ենք մեր կողմից մշակված ալգորիթմը, որն ունի ճշգրտության բարձր աստիճան ։ 

Բացի այդ, մենք ունենք «Find my car» բաժինը, որի միջոցով վարորդը կարողանում է հեշտությամբ գտնել կայանած մեքենայի վայրը։

Մեր մրցակցակային առավելություններից ամենագլխավորն այն է, որ մենք տրամադրում ենք  տեղեկատվություն իրական ժամանակում, այսինքն՝ ծրագրի օգտատերը կարող է տեսնել, թե այս պահին որ փողոցի վրա քանի ազատ ավտոկայանատեղի կա։

Ավելացնեմ նաև, որ մեր հավելվածն ունի շատ պարզ և հարմարավետ ինտերֆեյս։ 

Beeline Startup Incubator-ն ի՞նչ տվեց Innopark-ին

Նախևառաջ, Beeline Startup Incubator-ում մեզ աջակցել են բիզնես մոդելի զարգացման հարցում։ Մինչ այդ մենք եղել ենք MVP (minimum viable product-հեղ.) փուլում։ Այս չորս ամսվա ընթացքում հստակեցրել ենք մեր ունեցած մոդելը։ Արդեն իսկ փորձում ենք համագործակցել տարբեր ներդրողների հետ, հույս ունենալով, որ շուտով կունենանք առաջին լուրջ ներդրումը։ Հենց այստեղ է, որ գտել ենք մեր հավելվածի խոցելի տեղերը և շտկել դրանք։ Բացի այդ, մեզ շատ օգնեց այստեղ ավանդույթ դարձած ստարտափների միջև եղած սերտ համագործակցությունը։ Իհարկե, նաև ընդլայնեցինք մեր ունեցած ցանցը (Network- հեղ.)։

Ավելին՝ հենց այս ընթացքում էլ գործարկել ենք մեր հավելվածը։

Ի՞նչ նորություններ սպասել հավելվածից

Ծրագրում նախատեսում ենք ընդգրկել Երևանի ամբողջ կենտրոնական հատվածը։ Ապա ունենալ այն սարքը, որը թույլ կտա նախապես ամրագրել կայանատեղին։ Մենք այն արդեն նախագծել ենք, հիմա էլ արդյունավետ տարբերակներ ենք փնտրում՝ մասերի ձեռքբերման և արտադրությունը կազմակերպելու համար։