Beeline Startup Incubator-ը տարեկան 4 անգամ իրականացվող 16 շաբաթանոց ծրագրաշար է, որը մեծ ներուժ ունեցող 10 ստարտափի հնարավորություն է ընձեռում ձեռք բերել այնպիսի կարևոր հմտություններ, ինչպիսիք են պրոդուկտների նախագծումը, շուկայի գնահատումը, հետազոտումը, մարքեթինգը և այլն։
Յուրաքանչյուր ինկուբացիոն ցիկլ տևում է 4 ամիս, որի ընթացքում ստարտափների համար կազմկերպվում են հատուկ միջոցառումներ, թրեյնինգներ և հանդիպումներ։
Իսկ թե որքանով է այս ծրագիրն օգնում ստարտափներին կայացման ճանապարհին, կներկայացնենք StartHub-ի նոր շարքում։
Այս անգամ զրուցել ենք Beeline Startup Incubator-ի ռեզիդենդ M.In.D (Motivation, Innovation, Development) ստարտափի հիմնադիր Արման Ավետիսյանի հետ։
-Ինչպե՞ս է ծագել ստարտափ ստեղծելու գաղափարը։
-Մեր ստարտափի գաղափարը ծնվել է ISTC-ում, որտեղ էլ կազմավորվել է մեր 4 հոգանոց թիմը։ ISTC ինկուբատորի դասընթացների ավարտին յուրաքանչյուրս պետք է հանդես գար ելույթով, որում կներկայացներ իր ստարտափի գաղափարը։ Հենց այստեղ էլ ես ներկայացրեցի M.In.D-ի գաղափարը, որի շուրջ էլ հավաքվեց թիմը։
-Կխնդրեմ՝ պատմեք Ձեր ստարտափի մասին։
– Օգտագործելով «լրացված իրականություն» (Augmented Reality (AR) – բջջային հեռախոսների տեսախցիկների օգնությամբ շրջակա օբյեկտները լրացնել այլ պատկերներով – խմբ.) հասկացությունը՝ ստեղծում ենք տարատեսակ քվեսթներ։ Հիմա մենք պատրաստում ենք գործարկել բջջային հավելված, որի միջոցով հնարավոր կլինի Երևան քաղաքում մասնակցել տարբեր քվեսթների։
-Ի՞նչ պետք է անի օգտատերը, որ մասնակցի քաղաքային քվեսթներին։
– Շատ պարզ։ Նախևառաջ պետք է ներբեռնել մեր հավելվածը, որն անվճար է։ Ապա, պատկերացրեք, դուք քայլում եք Երևանի որևէ փողոցով, և մեզանից ստանում եք հաղորդագրություն այն մասին, որ ձեր գտնվելու վայրում քվեսթ կա։ Դուք ընդամենը պետք է միացնեք ձեր հեռախոսի տեսախցիկը և կտեսնեք առաջադրանքը։ Քվեսթի առաջադրանքները կատարելու համար դուք ստանում եք միավորներ։ Ամենաշատ միավոր հավաքած մասնակիցը ամեն ամսվա վերջում մեր կողմից խրախուսվում է։
– Նախկինում նմանատիպ քվեսթներ ստեղծելու փորձ ունեցե՞լ եք։
– Այո, մենք նաև աշխատել ենք տարբեր ընկերությունների հետ, որոնց խնդրանքով ստեղծել ենք մեկանգամյա քվեսթներ։ Ենթադրենք, ընկերությունը կազմակերպում է տոնական միջոցառում կամ խնջույք, և ցանկանում է զբաղեցնել իր աշխատակիցներին։ Եվ այդ միջոցառման համար մենք կազմում ենք հետաքրքիր և թեմատիկ քվեսթներ։
– Beeline Startup Incubator-ն ի՞նչ տվեց M.In.D-ին։
-Մեզ այստեղ օգնեցին զարգացնել մեր գաղափարը, ներկայանալի դարձնել, ընդլայնեցինք մեր ցանցը։ Ասեմ, որ շարունակելու ենք աշխատել նաև դասընթացն ավարտելուց հետո, քանի որ Beeline-ն-ը կլինի մեր ստարտափի գործընկերը։
-Ավարտելուց հետո ի՞նչ պլաններ ունեք։
-Սեպտեմբերին վերջին կգործարկենք հավելվածը՝ ներդնելով մեկ քվեսթ, որպեսզի հասկանանք՝ որքանով կլինեն են մեր քվեսթները պահաջված։ Մտածում ենք ներդրումներ ներգրավելու մասին, որպեսզի ընդլայնենք թիմը և զարգացնենք նոր քվեսթներ։
– Ի՞նչն է Ձեզ ոգեշնչել այս գաղափարի համար։
– Կարդալով Pokémon Go-ի մասին բազմաթիվ բացասական արձագանքները, հասկացա, որ հնարավոր է ստեղծել այնպիսի քվեսթներ, որոնք նախ կունենան հարուստ բովանդակություն, և իրենց մեջ որևէ վտանգ չեն պարունակի։ Ավելին՝ մեր քվեսթները չեն պահանջում մշտապես նայել էկրանին։
-Ինչպե՞ս եք գումար աշխատելու, եթե հավելվածն անվճար է։
– Կլինեն իհարկե վճարովի էքսկլյուզիվ քվեսթներ։ Բացի այդ, կհամագործակցենք մասնավոր բիզնեսի հետ՝ նրանց ընկերությունների տարածքը ներգրավելով մեր քվեսթներում։
-Ձեր խորհուրդը սկսնակներին…
-Նախևառաջ, պետք չէ վախենալ նոր բաներ փորձելուց, նույնիսկ եթե չհաջողեք։ Պետք է փորձել այնքան, որ վերջիվերջո ստացվի ձեզ մոտ։
Լուսանկարները՝ M.In.D-ի ֆեյսբուքյան էջից