Նոյեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Cyber Mantis Games ստարտափն ամբողջ աշխարհին կներկայացնի Սասունցի Դավթին
Startups 20/09/2018 09:50

Beeline Startup Incubator-ը տարեկան 4 անգամ իրականացվող 16 շաբաթանոց ծրագրաշար է, որը մեծ ներուժ ունեցող 10 ստարտափի հնարավորություն է ընձեռում ձեռք բերել այնպիսի կարևոր հմտություններ, ինչպիսիք են պրոդուկտների նախագծումը, շուկայի գնահատումը, հետազոտումը, մարքեթինգը և այլն։

Յուրաքանչյուր ինկուբացիոն ցիկլ տևում է 4 ամիս, որի ընթացքում ստարտափների համար կազմակերպվում են հատուկ միջոցառումներ, թրեյնինգներ և հանդիպումներ։

Իսկ թե որքանով է այս ծրագիրն օգնում ստարտափներին կայացման ճանապարհին, կներկայացնենք StartHub-ի նոր շարքում։

Այս անգամ զրուցել ենք Beeline Startup Incubator-ի ռեզիդենդ «Cyber Mantis Games» ստարտափի գլխավոր տնօրեն Ալբերտ Հովակիմյանի հետ։

-Կխնդրեմ՝ պատմեք Ձեր ստարտափի մասին։

– Մենք ստեղծում ենք համակարգչային խաղեր, որոնք ներկայացնում են հայկական մշակույթը։ Առաջին խաղը նվիրված է լինելու Սասունցի Դավթի կերպարին։ Փորձել ենք նոր շունչ հաղորդել բոլորիս կողմից սիրված և ճանաչված հերոսի կերպարին։ Կանենք այնպես, որ մեր ազգային էպոսի հերոսի մասին ամբողջ աշխարհում իմանան։

Սասունցի Դավթի մասին խաղում կներկայացնենք երկու պատմություն, որոնցից մեկի գործողությունները կծավալվեն հեռավոր ապագայում՝ մոտ 2800-ականներ, մյուսինը՝ միջնադարյան Հայաստանում։ Առաջին հատվածում, որտեղ ներկայացված է ապագան,  կպատմվի Դավիթ անունով հերոսի մասին, ով մի օր հիշողությունը կորցրած կարթնանա։ Եվ օրեցօր նա կսկսի վերհիշել անցյալը՝ հայտնվելով արդեն միջնադարյան Հայաստանում՝ Դավթի կերպարում։

-Ինչու՞ որոշեցիք հենց համակարգչային խաղեր ստեղծել։

– Ես և ընկերներս միշտ էլ հետաքրքրված ենք եղել նման խաղերով։ Մի օր էլ որոշեցինք ունենալ մեր սեփականը։ Ուսումնասիրելով ոլորտը՝ հասկացանք, որ նման խաղերի պահանջարկ իրոք կա մեր երկրում, քանի որ այստեղ անգամ նման խաղերի արտադրությամբ զբաղվող ընկերություններ չկան։ Ուստի որոշեցինք ստեղծել առաջին նման խաղերի արտադրությամբ զբաղվող մեր ընկերությունը։

Եվ ամեն ինչ սկսեցինք 2017 թվականին, երբ որոշեցինք մասնակցել Սևան Ստարտափ Սամմիթին, որտեղ և Seed battle-ում գրավեցինք առաջին հորիզոնականը։ Դրանից հետո ստացանք ISTC-ի աքսելերացիոն ծրագրին մասնակցելու հրավեր, որտեղ և սկսեցինք աշխատել գաղափարի վրա։ Այս տարի էլ որոշեցինք մասնակցել Սևան ստարտափին՝ ներկայանալով արդեն խաղի նախատիպով։ Ամենահետաքրքիրն էլ այն էր, որ այս անգամ էլ մեզ հաջողվեց «AR VR mobile web» բաթլում զբաղեցնել առաջին տեղը։

– Խաղը որքանո՞վ է ցուցադրությանը պատրաստ ։

– Այս պահի դրությամբ աշխատում ենք խաղի 40 րոպե տևողությամբ դեմո տարբերակի վրա, որը նախատեսում ենք ներկայացնել ամբողջ աշխարհին երկու-երեք ամսից։ Իսկ խաղի ամբողջական տարբերակը պատրաստ կլինի մեկ ու կես տարի հետո՝ խոշոր ներդրումներ ու մեծ թիմ ունենալու պարագայում։

– Ձեր մրցակցային առավելությունները որո՞նք են։

– Ճիշտ չէ խոսել մրցակցության մասին խաղային շուկայում, քանի որ աշխարհում կա մոտ 450 մլն խաղացող միայն «Indie video game» ոլորտում, ինչը նշանակում է, որ նման խաղերի պահանաջարկ միշտ էլ կլինի։ 

-Ձեզ օգնու՞մ են մասնագետներ։

– Մենք աշխատում ենք պատմաբանների հետ, ովքեր մեզ օգնում են ճիշտ վերարտադրել միջնադարյան Հայաստանը։

Ասեմ նաև, որ շատ մեծ ուշադրություն ենք դարձրել երկխոսություններին, որտեղ փորձել ենք պահպանել հայկական շունչը։

Օրինակ՝ «Օհան ջա՜ն» և նմանատիպ հայկական այլ արտահայտություններ կներմուծվեն խաղի երկխոսությունների մեջ։

-Խաղի մասին ունե՞ք օտարերկրացիների նախնական արձագանքներ։

– Ասեմ, որ մենք ունենք հատուկ խումբ, որտեղ ընդգրկված են տարբեր երկրների ներկայացուցիչներ, որոնց և ուղարկում ենք մեր խաղի կերպարների նկարները, երկխոսության որոշ հատվածներ և այլն։ Այսպես փորձում ենք պարզել վերջիններիս կարծիքը։ Ու նշեմ, որ բոլորն էլ շատ ոգևորված են այն փաստով, որ մենք փորձել ենք  բոլորի կողմից  սիրված Cyberpunk ժանրում ներմուծել հայկական մշակույթի տարրեր։ 

-Beeline Startup Incubator-ն ի՞նչ տվեց Ձեր ստարտափին։

-Ինկուբատոր գալու հիմնական նպատակը խաղի դեմո տարբերակն ունենալն էր։ Ու ասեմ, որ այս պահին մենք արդեն շատ մոտ ենք մեր նպատակն իրականացնելուն. դեմո տարբերակի  85%-ը պատրաստ է: Բացի այդ, այստեղ մենք հնարավորություն ունեցանք աշխատել «Beeline Startup Incubator»-ի ղեկավար Գևորգ Պողոսյանի հետ, ով իր խորհուրդներով օգնեց ճիշտ ներկայացնել պրոդուկտը ներդրողներին։ Նաև  նշեմ, որ տարածքն այստեղ շատ տրամադրող և հարմարավետ է՝ թիմի հանդիպումները կազմակերպելու համար։

Լուսանկարները տրամադրել է Cyber Mantis Games ստարտափը։