Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
noomee-ն օգնում է աուտիզմ ունեցող երեխաներին լինել ինքնուրույն
Startups 02/10/2018 10:42

Beeline Startup Incubator-ը տարեկան 4 անգամ իրականացվող 16 շաբաթանոց ծրագրաշար է, որը մեծ ներուժ ունեցող 10 ստարտափների հնարավորություն է ընձեռում ձեռք բերել այնպիսի կարևոր հմտություններ, ինչպիսիք են պրոդուկտների նախագծումը, շուկայի գնահատումը, հետազոտումը, մարքեթինգը և այլն։

Յուրաքանչյուր ինկուբացիոն ցիկլ տևում է 4 ամիս, որի ընթացքում ստարտափների համար կազմակերպվում են հատուկ միջոցառումներ, թրեյնինգներ և հանդիպումներ։

Իսկ թե որքանով է այս ծրագիրն օգնում ստարտափներին կայացման ճանապարհին, կներկայացնենք StartHub-ի նոր շարքում։

Այս անգամ զրուցել ենք Beeline Startup Incubator-ի ռեզիդենտ «noomee» ստարտափի հիմնադիր Գայանե Հովհաննիսյանի հետ։

-Ի՞նչ խնդիր է լուծում Ձեր ստարտափը։

-«noomee»-ն աուտիզմ ունեցող երեխաների համար նախատեսված բջջային հավելված է։ Նման երեխաներն ունեն խոսքի, շփման, առօրյան կազմակերպելու խնդիրներ։ Մենք փորձել ենք լուծել հենց այդ խնդիրները։

-Ինչպե՞ս է Ձեր հավելվածը լուծում այդ խնդիրները։

– Այն բաղկացած է չորս բաժնից։ Առաջին բաժնում տեղադրված են երեխայի առօրյան կազմակերպող նյութեր։ Այսինքն՝ նկարների, ձայնային հուշումների և տեսանյութների միջոցով երեխան սովորում է ճիշտ հերթականությամբ կազմակերպել յուրաքանչյուր օր՝ ամենապարզունակ գործուղություններից սկսած մինչև ամենաբարդը։

Հավելվածում ներկայացված է վիճակագրություն, որը նախատեսված է ծնողների և մասնագետների համար։ Այն թույլ է տալիս պարզել՝ արդյոք երեխան պատրաստ է անցնել հաջորդ փուլ, թե՞ ոչ։

Երրորդ բաժնում ներկայացված են սոցիալական պատմություններ (Social Stories-խմբ.), որոնք տեսանյութերի միջոցով աուտիզմ ունեցող երեխաներին օգնում են ցուցաբերել տարբեր իրավիճակների համար համապատասխան վարք։ Օրինակ՝ ինչպես բարևել, գնալ խանութ, գնումներ կատարել և այլն։ Այսինքն՝ բոլոր այն հմտությունները, որոնք օգնում են մեզ ինքնուրույն լինել։

Նշեմ, որ հավելվածի նախնական կարգավորումներն անում են ծնողները։ Նրանք կարող ենք փոփոխել ձայները, ձայնագրել իրենցը, նկարները և հերոսներին։

Եվ վերջապես, չորրորդ բաժնում կցված կլինի քարտեզ, որի միջոցով ծնողը կկարողանա GPS tracking կարգավորումների միջոցով պարզել երեխայի գտնվելու վայրը։

– Ինչու՞ եք որոշել հենց նման հավելված ստեղծել։

-Լինելով էրգոթերապիստ (Էրգոթերապիան նպատակ ունի օգնելու մարդկանց ինքնուրույն լինել՝ ներգրավելով նրանց տարբեր ոլորտներում իրականացվող զբաղվածության գործընթացներում –խմբ.)՝ գիտակցեցի, որ թե՛ ծնողների, թե՛ մասնագետների աշխատանքը հեշտացնելու համար անհրաժեշտ է ունենալ հենց նմանատիպ հավելված։

-Ինչու՞ հենց noomee։

– Մենք կարծում ենք, որ մեր հավելվածի միջոցով երեխան ձեռք է բերում նոր ու կարևոր հմտություններ։ Այդ իսկ պատճառով որոշել ենք անվանել այն noomee, ինչը համարժեք է երեխայի շուրթերով արտաբերած «new me» արտահայտությանը։

– Հավելվածն արդեն հասանելի՞ է։

-Տարեվերջին հավելվածն ամբողջովին կգործի և հասանելի կլինի Android համակարգում։ Բջջային հավելվածը նախատեսված է 3-18 տարեկան երեխաների համար։ Բացի տարիքային առանձնահատկություններից մենք ներառել ենք նաև հարցաթերթիկ ծնողների համար, որտեղ ծնողները պետք է լրացնեն երեխայի մասին ինֆորմացիա, օրինակ՝ IQ մակարդակը, երեխան խոսում է, թե ոչ և այլ մանրամասներ ։

-Ձեր մրցակցային առավելությունները…

-Մեզ հետ աշխատում են փորձառու մասնագետներ։ Մենք պարբերաբար անում ենք թեսթավորումներ՝ ծրագրի խոցելի տեղերը պարզելու նպատակով։ Ու փորձում ենք անընդհատ թարմացնել ծրագիրը՝ ներմուծելով նոր տարրեր։

-Ի՞նչ տվեց Beeline Startup Incubator-ը Ձեր ստարտափին։

– Ինկուբատոր ընդունվելու գլխավոր պայմանը թիմ ունենալն էր, ինչն էլ ինձ ստիպեց շատ արագ համալրել թիմս։ Հենց ինկուբատորում ծանոթացա հավելվածն անդրոիդ համակարգում գրանցելու նրբություններին։ Երբ եկել էի ինկուբատոր, կար միայն պրոդուկտի նախատիպը, իսկ հիմա արդեն՝ MVP-ն (minimum viable product-խմբ.)։ Նաև Incubator-ը տրամադրում է գաղափարները գեներացնելու համար շատ հարմարավետ  և տրամադրող աշխատանքային տարածք։

Լուսանկարները տրամադրել է Գայանե Հովհաննիսյանը