Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
GRÜV՝ արվեստագետներին և երաժշտասերներին միավորող նորարարական հարթակ
Startups 05/11/2018 07:32

Հայաստանում այժմ ՏՏ ոլորտի զարգացման համար շատ լավ ժամանակներ են։

Մեզ հետ զրույցում նշել է GRÜV ստարտափի հիմնադիր և տեխնիկական մասով ճարտարապետ Արմեն Ռոստամյանը։

Ունենալով ավելի քան 10 տարվա տեխնիկական փորձ Սիլիկոնյան հովտում՝ նա մի օր որոշում է վերադառնալ Հայաստան՝ թողնելով Լոս Անջելեսում իր կողմից հիմնած «Grüv» ստարտափը։

GRÜV-ը հարթակ է, որը թույլ է տալիս ապակենտրոնացնել և ժողովրդավարացնել երաժշտական արդյունաբերությունը:

Այն բաղկացած է երեք բաժնից։

Առաջին բաժինը՝ Cantus-ը, թույլ է տալիս արվեստագետներին հրապարակել իրենց երաժշտությունը և վաստակել գումարներ անմիջապես երկրպագուներից՝ առանց որևէ միջնորդի։ Երկրպագուները կարող են նաև այստեղ անել կանխատեսումներ՝ կապված իրենց կողմից սիրված կամ նոր արվեստագետի հաջողության վերաբերյալ։ Դրա համար նրանք պետք է կազմեն երաժշտության ցանկ։ Այդ ցանկի համար վերջիններս կխրախուսվեն թոքեններով։

Երկրորդ բաժինը կոչվում է Capella։ Այն թույլ է տալիս արվեստագետներին բացահայտել միմյանց, մեկնարկել պաշտոնական նախագծեր, վերաթողարկել ձայնասկավառակներ՝ այստեղ տեղակայված խելացի պայմանագրերի միջոցով։

«Ապակենտրոնացված և ինքնուրույն թողարկած ձայնասկավառակները կլինեն երաժշտական արդյունաբերության ապագան», – ընդգծել է Արմեն Ռոստամյանը:

Cantus -ը նաև թույլ է տալիս երկրպագուներին ապակենտրոնացված և թափանցիկ քվեարկությամբ ֆինանսավորել նոր ձևավորված նախագծեր կամ ձայնասկավառակներ, ինչը նույնպես համաձայնեցվում է վերոնշյալ պայմանագրով։

Երրորդ բաժինը Chorum-ն է, որը թվայնացված ձայնային աշխատանքի կայանատեղի է, ինչն արվեստագետներին թույլ է տալիս համագործակցել իրական ժամանակում՝ երաժշտություն ստեղծելու համար:

«Մենք հիմա աշխատում ենք ստեղծել որոշ հետաքրքիր նոր գործիքներ, որպեսզի ավելի հեշտացնենք երաժշտություն ստեղծման գործընթացը։ Օրինակ, պատկերացրեք, որ երաժշտության ստեղծման գործընթացը նման է կոդ գրելուն։ Մենք ասում ենք, որ այդ կոդը ստեղծելու համար ամենևին անհրաժեշտ չէ ունենալ հզոր և շատ թանկ համակարգիչ։ Մենք մեր հարթակում թե՛ արվեստագետներին, թե՛ երկրպագուներին տրամադրում ենք այն բոլոր անհրաժեշտ գործիքները, որոնք շնորհիվ երկու կողմերն էլ հնարավորություն կունենան արարել և համագործակցել», – պատմել է GRÜV-ի հիմնադիրը։

Վերջինս նաև նշեց, որ ցանկություն կա նմանատիպ հարթակ ստեղծել նաև Հայաստանում։

Լուսանկարը տրամադրել է Արմեն Ռոստամյանը

Անահիտ Լալայան