Գերմանաբնակ հայ մասնագետներն արհեստական ինտելեկտի հիման վրա մշակել են Scylla կոչվող անվտանգության համակարգը, որը թույլ կտա կրճատել հացնագործությունների թիվն աշխարհում՝ նախապես կանխատեսելով դրանք։
«Ամեն ինչ սկսվեց 2016-թվականին՝ Լոս Անջելեսում ընկերոջս երեխայի մկրտության ժամանակ: Ես հետևում էի երջանիկ ընտանիքին՝ լսելով ընտանեկան արժեքների վերաբերյալ երիտասարդներին ուղղված տեղի եկեղեցականի քարոզը։ Այդ պահին ընկերս շրջվեց և հարցրեց՝ ես, որպես ինժեներական կրթություն ունեցող մարդ, ի՞նչ եմ մտածում դպրոցներում հաճախակի տեղի ունեցող կրակոցների մասին։ Ինչպե՞ս կարող են տեխնոլոգիաները պաշտպանել մեր երեխաներին այդ պատուհասից։ Նայելով նրա 5-ամյա դստեր աչքերին՝ ես հասկացա, որ պետք է ստեղծեմ մի բան, ինչի օգնությամբ հնարավոր կլինի որոշակիորեն լուծել այդ լուրջ խնդիրը։ Այսպես ծնվեց Scylla-ի գաղափարը»,-Startupbootcamp աքսելերատորների գլոբալ ցանցին տրված հարցազրույցում նշել է «Դեվելանդու» ընկերության հիմնադիր-տնօրեն, Scylla ստարտափի հիմնադիր Ալբերտ Ստեփանյանը։
«StartHub»-ին տրված բացառիկ հարցազրույցում Ալբերտ Ստեփանյանը պատմել է Scylla-ի առանձնահատկությունների մասին։
– Նախքան Scylla անվտանգության համակարգին անդրադառնալը կխնդրեմ՝ պատմեք ձեր մասնագիտական գործունեության և «Դեվելանդու» ընկերության մասին։
– 2009 թվականից սկսել եմ զբաղվել ծրագրավորմամբ, տվյալների վերլուծաբանությամբ: 2011 թվականից աշխատել եմ ԱՄՆ-ում, 2012-ի ավարտին տեղափոխվել եմ Գերմանիա, որտեղ աշխատել եմ որպես տեխնիկական տնօրեն մի շարք խոշոր ընկերություններում, ինչպիսին է օրինակ՝ աշխարհի խոշորագույն ապահովագրական Allianz ընկերությունը: Դրանից հետո հիմնադրել եմ իմ՝ արհեստական բանականության տեխնոլոգիական լուծումների ինովացիոն լաբորատորիան Հայաստանում` Develandoo-ն, որն այս 4 տարիների ընթացքում մեծացել է և արդեն իսկ ունի 100 և ավելի աշխատակից, իսկ գլխամասային գրասենյակը տեղափոխվել է Գերմանիա: Այժմ աշխատում ենք մի քանի խոշոր ներդրողների հետ, կառավարությունների հետ։ Մենք հիմնականում զբաղվում ենք արհեստական բանականության վրա հիմնված ֆինանսական համակարգեր տրամադրելով և պաշտպանական համակարգեր արտադրելով:
– Որքա՞ն ժամանակ է գործարկել եք Scylla անվտանգության համակարգը։
– Այն գործարկել ենք 2017 թվականի հուլիսից, այսինքն՝ մոտ մեկ ու կես տարի առաջ: Համակարգն այժմ արդեն վաճառքի փուլում է, ակտիվորեն ներդրվում է տարբեր երկրներում:
– Ո՞րն է Ձեր համակարգի հիմնական գործառույթը։
– Այս համակարգն իրենից ներկայացնում է անվտանգության իրական ժամանակի ավտոնոմ մեխանիզմ՝ մշակված արհեստական բանականության, ինչպես նաև մեքենայական ուսուցման մեթոդաբանության հիման վրա՝ տեսախցիկների միջոցով ճանաչելու և վերլուծելու մարդկային վարքագիծը, վիզուալ օբյեկտները, մասնավորապես՝ զենք, զինամթերք։
– Կոնկրետ ի՞նչ խնդիրներ է լուծում Ձեր ստարտափը։
– Մեր կարճաժամկետ տեսլականն է հասնել նրան, որ հանցագործությունները կանխվեն ժամանակին, քանի որ հաճախակի տեղի ունեցող զանգվածային կրակոցների ժամանակ օրինակ ԱՄՆ-ում կամ ահաբեկչությունները՝ Եվրոպայում, առաջինը հիմնականում հատուկ նշանակության ուժերի հետ կապ են հաստատում հենց քաղաքացիները դեպքի վայրից, իսկ փորձը ցույց է տալիս, որ քաղաքացիները զանգահարում են բավականին ուշ, հիմնականում վախեցած, և հաճախ ոչ ստույգ տեղեկատվություն են տալիս: Այդ ահազանգերին արձագանքելով և դեպքի վայր ժամանելով՝ նրանք, այնուամենայնիվ, ունենում են տեղեկատվության պակաս, և մարդկանց պաշտպանելուն ուղղված ջանքերը բավականին երկար ժամանակ են խլում, երբեմն նաև ոչ այդքան արդյունավետ:
Եթե տեսել եք Սթիվեն Սփիլբերգի «Յուրահատուկ կարծիք» (Minority report) ֆիլմը, ինչպես և հենց այդ ֆիլմում, հետագայում մեր մեծ նպատակն է, որ հանցագործությունները կանխատեսվեն և կանխվեն մարդկանց էմոցիաների և շարժումների հիման վրա՝ դրանք գնահատելով:
– Ինչպե՞ս է Ձեր համակարգը վերոնշյալ խնդիրները լուծելու։
– Մենք վարժեցրել ենք այս համակարգը, որպեսզի այն ունենա երեք պարամետր՝ իրական ժամանակում զենք, զինամթերքի հայտնաբերում, մարդկային շարժումների և կասկածելի վարքագծի վերլուծում, կանխատեսում, ինչպես նաև ունենք մեր կողմից մտածված, այսպես կոչված, desicion maker-ը, որը տարբեր իրավիճակներում մարդկանց գործողությունների հիման վրա կարողանում է հասկանալ՝ դա վտանգավոր իրավիճակ է, թե ոչ: Բացի դրանից, մենք տրամադրում ենք վեբ ղեկավարման վահանակ, որը բաղկացած է երեք մասից։ Առաջին վեբ վահանակը տեղադրված է Օպերացիոն վերահսկման կենտրոնում, երկրորդը՝ մոբայլ հավելված է, որը հատուկ նշանակության ջոկատայինների մոտ է, իսկ մյուսը ադմինիստրատիվ վահանակն է, որով հատուկ նշանակության ջոկատի պետը կարողանում է կոնկրետ տարածքները կամ տեսախցիկները նշանակել հատուկ մարդկանց, և միայն այդ մարդիկ են ստանում ազդանշանները:
– Ինչո՞ւ Scylla։
– Scylla անունը ծագել է հին հունական դիցաբանությունից, Հոմերոսի «Ոդիսականը» ստեղծագործությունից, որտեղ գոյություն ուներ երկու էակ՝ Scylla-ն և Charibidis-ը, որոնք ծովային անդունդ ներկայացնող կերպարներ էին և դասակարգում, որոշում էին, թե որ նավը պետք է հատի ծովը։ Նույնն էլ մեր այս պրոդուկտը, որն իրենից ներկայացնում է անվտանգության համակարգ. այն հայտնաբերում և վերլուծում է՝ արդյոք դա մարդկային բռնի վարքագիծ է, թե ոչ:
– Ինչպե՞ս կգնահատեք հայկական ստարտափ էկոհամակարգը։
-Կարծում եմ՝ հայաստանյան ստարտափ համակարգը դեռևս լավ զարգացած և համակարգված չէ, այսինքն՝ չկա մի ռազմավարական ոլորտ, որտեղ հայկական ստարտափը զարգանա, չկա կազմավորված ներդրումների ցանց, և ես նաև չեմ տեսնում ստարտափների գաղափարների գնահատում և ռազմավարական զարգացում հենց պետության կողմից:
Ըստ իս՝ այստեղ պետք է ներդրումներ կատարվեն արհեստական բանականության հիման վրա ֆինանսական համակարգերի պատրաստման մեջ, թեկուզ բլոկչեյնի, սմարթ կառավարության, սմարթ, առավել ապահով քաղաքների ստեղծման մեջ: Կարծում եմ՝ ավելի շատ պետք է մտածել ռեալ բաների մասին, ոչ թե՝ VR հավելվածներ պատրաստելու:
– Պլաններ ունե՞ք Հայաստանում որևէ բան սկսելու։
– Այժմ մենք ձգտում ենք Հայաստանում դառնալ արհեստական բանականությամբ զբաղվող առաջատար ընկերություն, քանի որ ունենք բավականին խոստումնալից ռազմավարական տեսլական, թե Հայաստանում արհեստական բանականությունը որտեղ պետք է զարգանա:
Ես ինքս ծառայել եմ ՀՀ զինված ուժերում 2006-2008 թվականներին: Կցանկանայի, որ Հայաստանը սկսեր արտադրել զենք, զինամթերք, այդ թվում՝ սմարթ-զենքի տեսակներ, և քանի որ հիմա աշխարհում պայքար է գնում Եվրոպայի, Չինաստանի և ԱՄՆ միջև, թե որը կլինի առաջինը արհեստական բանակության շրրջանակներում, ես կարծում եմ, որ Հայաստանն ունի բավականաչափ ներուժ և գիտակ մասնագետներ, և մենք էլ շատ մոտիվացված ենք այդ հարցում, որ Հայաստանը ձգտի թեկուզ ոչ առաջինը լինել, բայց գոնե ունենա իր ուրույն տեղը այդ մրցավազքում, լինի այդ եզակի փոքր երկրներից: Ես նաև կցանկանայի, որ մեր ընկերությունը լինի դա խթանող, առաջ տանող գործոններից մեկը, քանի որ մենք Հայաստանում ոլորտի առաջնային դիրքերում ենք գտնվում:
Լուսանկարները տրամադրել է Ալբերտ Ստեփանյանը
Անահիտ Լալայան