Categories: Startups

Scylla ստարտափ․ համակարգ, որը կօգնի կանխարգելել հանցագործությունները

Գերմանաբնակ հայ մասնագետներն արհեստական ինտելեկտի հիման վրա մշակել են Scylla կոչվող անվտանգության համակարգը, որը թույլ կտա կրճատել հացնագործությունների թիվն աշխարհում՝ նախապես կանխատեսելով դրանք։

«Ամեն ինչ սկսվեց 2016-թվականին՝ Լոս Անջելեսում ընկերոջս երեխայի մկրտության ժամանակ: Ես հետևում էի երջանիկ ընտանիքին՝ լսելով ընտանեկան արժեքների վերաբերյալ երիտասարդներին ուղղված տեղի եկեղեցականի քարոզը։ Այդ պահին ընկերս շրջվեց և հարցրեց՝ ես, որպես ինժեներական կրթություն ունեցող մարդ, ի՞նչ եմ մտածում դպրոցներում հաճախակի տեղի ունեցող կրակոցների մասին։ Ինչպե՞ս կարող են տեխնոլոգիաները պաշտպանել մեր երեխաներին այդ պատուհասից։ Նայելով նրա 5-ամյա դստեր աչքերին՝ ես հասկացա, որ պետք է ստեղծեմ մի բան, ինչի օգնությամբ հնարավոր կլինի որոշակիորեն լուծել այդ լուրջ խնդիրը։ Այսպես ծնվեց Scylla-ի գաղափարը»,-Startupbootcamp աքսելերատորների գլոբալ ցանցին տրված հարցազրույցում նշել է «Դեվելանդու» ընկերության հիմնադիր-տնօրեն, Scylla ստարտափի հիմնադիր Ալբերտ Ստեփանյանը։

«StartHub»-ին տրված բացառիկ հարցազրույցում Ալբերտ Ստեփանյանը պատմել է Scylla-ի առանձնահատկությունների մասին։

– Նախքան Scylla անվտանգության համակարգին անդրադառնալը կխնդրեմ՝ պատմեք ձեր մասնագիտական գործունեության և «Դեվելանդու» ընկերության մասին։

– 2009 թվականից սկսել եմ զբաղվել ծրագրավորմամբ, տվյալների վերլուծաբանությամբ: 2011 թվականից աշխատել եմ ԱՄՆ-ում, 2012-ի ավարտին տեղափոխվել եմ Գերմանիա,  որտեղ աշխատել եմ որպես տեխնիկական տնօրեն մի շարք խոշոր ընկերություններում, ինչպիսին է օրինակ՝ աշխարհի խոշորագույն ապահովագրական Allianz ընկերությունը:  Դրանից հետո հիմնադրել եմ  իմ՝ արհեստական բանականության տեխնոլոգիական լուծումների ինովացիոն լաբորատորիան Հայաստանում` Develandoo-ն, որն այս 4 տարիների ընթացքում մեծացել է և արդեն իսկ ունի 100 և ավելի աշխատակից, իսկ գլխամասային գրասենյակը տեղափոխվել է Գերմանիա: Այժմ աշխատում ենք մի քանի խոշոր ներդրողների հետ, կառավարությունների հետ։ Մենք հիմնականում զբաղվում ենք արհեստական բանականության վրա հիմնված ֆինանսական համակարգեր տրամադրելով և պաշտպանական համակարգեր արտադրելով:

– Որքա՞ն ժամանակ է գործարկել եք Scylla անվտանգության համակարգը։

– Այն գործարկել ենք 2017 թվականի հուլիսից, այսինքն՝ մոտ  մեկ ու կես տարի առաջ: Համակարգն այժմ արդեն վաճառքի փուլում է, ակտիվորեն ներդրվում է տարբեր երկրներում:

– Ո՞րն է Ձեր համակարգի հիմնական գործառույթը։

– Այս համակարգն իրենից ներկայացնում է անվտանգության իրական ժամանակի ավտոնոմ մեխանիզմ՝ մշակված արհեստական բանականության, ինչպես նաև մեքենայական ուսուցման մեթոդաբանության հիման վրա՝ տեսախցիկների միջոցով ճանաչելու և վերլուծելու մարդկային վարքագիծը, վիզուալ օբյեկտները, մասնավորապես՝ զենք, զինամթերք։

– Կոնկրետ ի՞նչ խնդիրներ է լուծում Ձեր ստարտափը։

– Մեր կարճաժամկետ տեսլականն է հասնել նրան, որ հանցագործությունները կանխվեն ժամանակին, քանի որ հաճախակի տեղի ունեցող զանգվածային կրակոցների ժամանակ օրինակ ԱՄՆ-ում կամ ահաբեկչությունները՝ Եվրոպայում, առաջինը հիմնականում հատուկ նշանակության ուժերի հետ կապ են հաստատում հենց քաղաքացիները դեպքի վայրից, իսկ փորձը ցույց է տալիս, որ քաղաքացիները զանգահարում են բավականին ուշ, հիմնականում վախեցած, և հաճախ ոչ ստույգ տեղեկատվություն են տալիս:  Այդ  ահազանգերին արձագանքելով և դեպքի վայր ժամանելով՝ նրանք, այնուամենայնիվ, ունենում են տեղեկատվության պակաս, և մարդկանց պաշտպանելուն ուղղված ջանքերը բավականին երկար ժամանակ են խլում, երբեմն նաև ոչ այդքան արդյունավետ: 

Եթե տեսել եք Սթիվեն Սփիլբերգի «Յուրահատուկ կարծիք» (Minority report) ֆիլմը, ինչպես և հենց այդ ֆիլմում, հետագայում մեր մեծ նպատակն է, որ հանցագործությունները կանխատեսվեն և կանխվեն մարդկանց էմոցիաների և շարժումների հիման վրա՝ դրանք գնահատելով:

– Ինչպե՞ս է Ձեր համակարգը վերոնշյալ  խնդիրները լուծելու։

– Մենք վարժեցրել ենք այս համակարգը, որպեսզի այն ունենա երեք պարամետր՝ իրական ժամանակում զենք, զինամթերքի հայտնաբերում, մարդկային շարժումների և կասկածելի վարքագծի վերլուծում, կանխատեսում, ինչպես նաև ունենք մեր կողմից մտածված, այսպես կոչված, desicion maker-ը, որը տարբեր իրավիճակներում մարդկանց գործողությունների հիման վրա կարողանում է հասկանալ՝ դա վտանգավոր իրավիճակ է, թե ոչ: Բացի դրանից, մենք տրամադրում ենք վեբ ղեկավարման վահանակ, որը բաղկացած է երեք մասից։ Առաջին վեբ վահանակը տեղադրված է Օպերացիոն վերահսկման կենտրոնում, երկրորդը՝ մոբայլ հավելված է, որը  հատուկ նշանակության ջոկատայինների մոտ է, իսկ մյուսը ադմինիստրատիվ վահանակն է, որով հատուկ նշանակության ջոկատի պետը կարողանում է կոնկրետ տարածքները կամ տեսախցիկները նշանակել հատուկ մարդկանց, և միայն այդ մարդիկ են ստանում ազդանշանները:

– Ինչո՞ւ Scylla։

– Scylla անունը ծագել է հին հունական դիցաբանությունից, Հոմերոսի «Ոդիսականը» ստեղծագործությունից, որտեղ գոյություն ուներ երկու էակ՝  Scylla-ն և Charibidis-ը, որոնք ծովային անդունդ ներկայացնող կերպարներ էին և դասակարգում, որոշում էին, թե որ նավը պետք է հատի ծովը։ Նույնն էլ մեր այս պրոդուկտը, որն իրենից ներկայացնում է անվտանգության համակարգ. այն հայտնաբերում և վերլուծում է՝ արդյոք դա մարդկային բռնի վարքագիծ է, թե ոչ:

– Ինչպե՞ս կգնահատեք հայկական ստարտափ էկոհամակարգը։

-Կարծում եմ՝ հայաստանյան ստարտափ համակարգը դեռևս լավ զարգացած և համակարգված չէ, այսինքն՝  չկա մի ռազմավարական ոլորտ, որտեղ հայկական ստարտափը  զարգանա, չկա կազմավորված ներդրումների ցանց, և ես նաև չեմ տեսնում ստարտափների գաղափարների գնահատում և ռազմավարական զարգացում հենց պետության կողմից:

Ըստ իս՝ այստեղ պետք է ներդրումներ կատարվեն արհեստական բանականության հիման վրա ֆինանսական համակարգերի պատրաստման մեջ, թեկուզ բլոկչեյնի, սմարթ կառավարության, սմարթ, առավել ապահով քաղաքների ստեղծման մեջ: Կարծում եմ՝ ավելի շատ պետք է մտածել ռեալ բաների մասին, ոչ թե՝ VR հավելվածներ պատրաստելու:

– Պլաններ ունե՞ք Հայաստանում որևէ բան սկսելու։

– Այժմ մենք ձգտում ենք Հայաստանում դառնալ արհեստական բանականությամբ զբաղվող առաջատար ընկերություն, քանի որ ունենք  բավականին խոստումնալից ռազմավարական տեսլական, թե Հայաստանում արհեստական բանականությունը  որտեղ պետք է զարգանա:

Ես ինքս ծառայել եմ ՀՀ զինված ուժերում 2006-2008 թվականներին: Կցանկանայի, որ  Հայաստանը սկսեր արտադրել զենք, զինամթերք, այդ թվում՝ սմարթ-զենքի տեսակներ, և քանի որ հիմա աշխարհում պայքար է գնում Եվրոպայի, Չինաստանի և ԱՄՆ միջև, թե որը կլինի  առաջինը արհեստական բանակության  շրրջանակներում, ես  կարծում եմ, որ Հայաստանն ունի բավականաչափ ներուժ և գիտակ մասնագետներ, և մենք էլ շատ մոտիվացված ենք այդ հարցում, որ Հայաստանը ձգտի թեկուզ ոչ առաջինը լինել, բայց գոնե ունենա իր ուրույն տեղը այդ մրցավազքում, լինի այդ եզակի փոքր երկրներից: Ես նաև կցանկանայի, որ մեր ընկերությունը լինի դա խթանող, առաջ տանող գործոններից մեկը, քանի որ մենք Հայաստանում ոլորտի առաջնային դիրքերում ենք գտնվում:

Լուսանկարները տրամադրել է Ալբերտ Ստեփանյանը

Անահիտ Լալայան

Share