Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Pixomatic․ IMG դրամաշնորհը հնարավորություն է տվել ստարտափին ունենալ լավագույն և ժամանակակից գործիքներ
Startups 20/11/2018 16:20

2017 թվականից սկսած «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագիրն աջակցում է հայաստանյան ստարտափներին։

Հոդվածների նոր շարքով կանդրադառնանք բոլոր այն ստարտափներին, որոնք «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ստացել են դրամաշնորհ։

Շարքի հաջորդ մասնակիցը հայկական Pixomatic ստարտափն է։

Pixomatic-ը ներկայացնում է լուսանկարների ժամանակակից առցանց խմբագիր՝ պատկերի կտրման բացառիկ հատկությամբ: Այն թույլ է տալիս ակնթարթորեն հեռացնել ցանկացած լուսանկարի ետին պլանը, դարձնել այն թափանցիկ, ավելացնել տարբեր գույներ և ֆիլտրեր, կամ փոխել ֆոնն այլ պատկերով:

Ստարտափի բջջային հավելվածն ունի ավելի քան 500 հազար ամսական ակտիվ օգտատեր, նաև հասանելի է վեբում, iOS-ի և Android-ի համար։

Pixomatic-ի համահիմնադիր Գարիկ Ավետիսյանը պատմում է, որ ստարտափի վրա աշխատանքները սկսել են 2015 թվականին՝ երեք ընկերներով։ Ստարտափը գործարկվել է 2016 թվականին։ Այն թիրախավորել է թե՛ շարքային օգտատերերի, թե՛ գործարարների լսարանները։

«Pixomatic-ի գործարկման ժամանակ միակ առանձնահատկությունը նկար կտրելն էր, իսկ այս պահին ունենք շատ ավելի հետաքրքիր նորամուծություններ։ Մենք հնարավորություն ենք տալիս ջնջել լուսանկարից անցանկալի օբյեկտները, նաև ունենք սելֆիների որակը լավացնող գործիքներ և շատ այլ առանձնահատկություններ», – ներկայացնում է Գարիկ Ավետիսյանը:

Pixomatic-ի համահիմնադիրի խոսքով, հավելվածի առանձնահատկությունը պայմանավորված է տարբեր պատկերների մշակման ալգորիթմների և մեքենաների ուսուցման տեխնոլոգիաների կիրառմամբ։

2017 թվականին ստանալով «Նորարարության համաֆինանսավորվող դրամաշնորհ» (IMG) դրամաշնորհը՝ Pixomatic-ի թիմը հնարավորություն է ստացել մշակել և զարգացնել patch և heal (լուսանկարներից անցանկալի օբյեկտները վերացնելու) գործիքները։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք իրենք շահագրգռված են մուտք գործել ԵՄ շուկա, Pixomatic- ի համահիմնադիրը նշել է, որ այդ շուկան հսկայական նշանակություն ունի իրենց համար․ հաճախորդների բազայի 35%-ը ԵՄ երկրներից է։

Խոսելով վաղ փուլում Pixomatic-ի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ Գարիկ Ավետիսյանը նշեց.

«Բիզնես ստեղծելը, նույնիսկ փոքր սրճարան բացելը, ամենուր դժվար է: Ամենակարևորը չդադարել հաշվի նստել թիրախային լսարանի և օգտատերերի կարծիքի հետ։ Նաև, պետք է ունենալ հստակ տեսլական։ Իսկ հիմնադիրները պետք է միշտ լինեն լավատես»։

Բացի այդ, Pixomatic-ն առաջիկա 1 տարվա համար հավակնոտ նպատակ ունի․նախատեսում է ունենալ ամսական 10 միլիոն օգտատեր:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» եւ «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի, ինչպես նաեւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից եւ իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:

ԵՄ-ի կողմից տրամադրվող «Նորարարության համաֆինանսավորվող դրամաշնորհ» (IMG) եւ «Գիտական եւ տեխնոլոգիական ձեռներեցության դրամաշնորհ» (STEP) ծրագրերն իրականացվում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ համագործակցությամբ:

Լուսանկարները և տեսանյութը՝ blog.eif.am կայքից