Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հիմնարկ. IMG-ի շնորհիվ ստարտափը ներդրողների համար ավելի գրավիչ է դարձել
Startups 11/12/2018 07:28

2017 թվականից սկսած «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագիրն աջակցում է հայաստանյան ստարտափներին։

Հոդվածների նոր շարքով կանդրադառնանք բոլոր այն ստարտափներին, որոնք «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի  շրջանակներում  ստացել են դրամաշնորհ։

Շարքի հաջորդ մասնակիցը հայկական «Հիմնարկ» ստարտափն է։

Այն օնլայն հարթակ է, որն ավտոմատացնում է կադրային գործավարությունը և աշխատավարձերի հաշվարկը։ Համակարգը նվազագույնի է հասցնում մուտքագրման և ճշտության վերահսկման ջանքը, ինչպես նաև աշխատակիցներին թույլ է տալիս ստանալ լիարժեք տեղեկատվություն ստացված աշխատավարձի հաշվարկի, պահումների, հասանելի արձակուրդային օրերի և այլ կադրային ու աշխատավարձի հաշվարկի վերաբերող հարցեր։

Ստարտափը հիմնադրվել է Ռուբեն Օսիպյանի և Սմբատ Պետրոսյանի կողմից, ովքեր միասին սովորել են Հայաստանի  պետական  տնտեսագիտական համալսարանի մաթեմատիկական մոդելավորման և գործառնությունների հետազոտման ֆակուլտետում: 2006 թվականին ստարտափի համահիմնադիրները միասին աշխատել են «Instigate» ընկերությունում, իսկ 2015 թվականի գարնանը որոշել են հիմնադրել իրենց սեփական ստարտափը։ 

«Հիմնարկ»-ի թիմը բաղկացած է 15 հոգուց: Ինչպես նշում է Ռուբեն Օսիպյանը, թիմի մի մասը ստարտափի գործընկեր ընկերության աշխատակիցներն են։

Ստարտափի համահիմնադիրի խոսքով, հայաստանյան ՓՄՁ-ները չունեն HR & Payroll ավտոմատացում, քանի որ առկա լուծումները չափազանց թանկ են նրանց համար:

«Համատեղ ունենալով 20 տարուց ավել փորձ փոքր բիզնեսների ֆինանսական և հաշվապահական հաշվառման գործընթացներում, «մաշկի վրա զգալով» HR & Payroll գործընթացներում առկա խնդիրները՝ մեզ հաջողվել է գտնել դրանց լուծումները։ Դրանք են՝ ադմինիստրատիվ թիմի ջանքերի անարդյունավետ օգտագործումը, վրիպակները և սխալները, իրավական ռիսկերը և առանց փաստերի որոշումներ կայացնելը»,- պարզաբանում է նա։

Իմանալով վերոնշյալ խոչընդոտների մասին՝ «Հիմնարկ»-ի թիմը հայաստանյան ՓՄՁ-ներին առաջարկում է հասանելի, ամպային HR & Payroll լուծում։

Տեխնիկական առումով հարթակը հագեցած է աշխատակիցների ինքնասպասարկման համար նախատեսված հավելվածով, որը նրանց թույլ է տալիս մուտք գործել աշխատավարձերի հաշվարկային համակարգ, տեսնել հասանելի հանգստյան օրերը, առցանց դիմել դրանց համար։ Բացի այդ, այն նվազեցնում է մարդկային ռեսուրսների մասնագետների և աշխատակիցների միջև ուղիղ կապը։ Լինելով ամպային հարթակ՝ այն թույլ է տալիս մուտք գործել ցանկացած վայրից:

Թեև նորաստեղծ ընկերությունը ներկայումս թիրախավորել է նախկին ԽՍՀՄ երկրների, Իրանի և Թուրքիայի շուկաները, նրա համահիմնադիրը հայտարարում է, որ իրենք բաց են նաև ԵՄ շուկայում ընդլայնման հնարավորության առաջարկի համար։

Ավելի վաղ այս տարի ստարտափը ստացել է IMG դրամաշնորհ։ Ինչպես նշում է Ռուբեն Օսիպյանը, այն մեծ ազդեցություն է ունեցել նորաստեղծ ընկերության հետագա զարգացման գործում։

«IMG դրամաշնորհը ստանալուց հետո մենք հնարավորություն ստացանք միջազգային խմբի ներդրողների կողմից ստանալ ֆինանսավորում։ Ես կարող եմ ասել, որ այս գրանտը ներդրումների համար մեզ շատ ավելի գրավիչ է դարձրել։ Միաժամանակ դրամաշնորհը մեզ օգնել է ավելի շատ կենտրոնանալ ապրանքի և օգտատերերի կարիքների վրա, քան՝ գումար գտնելու »,- ասում է նա։

Նրա խոսքով, տեղական հայկական շուկան սկսնակների համար կապույտ օվկիանոս է:

«Ունենալով նվազագույն սոցիալական հմտություններ և 2-3 տարվա աշխատանքային փորձ ՀՀ ՏՏ ոլորտում՝ կարելի է կապ հաստատել կարևոր մարդկանց հետ։ Այդ կապերը կօգնեն երիտասարդ ձեռնարկատերերին գտնել շատ հարցերի պատասխաններ։ Այստեղ կան նաև այլ նախաձեռնություններ, որոնք օգնում են սկսնակներին զարգանալու ճանապարհին։ Դրանք են՝  Armenia Startup Academy-ն, STEP-ը, IMG-ը և այլն», – նշում է Ռուբեն Օսիպյանը։

Առաջիկա տարվա ընթացքում «Հիմնարկ»-ը մտադիր է ավելացնել իր օգտատերերի բազան և ընդլայնել իր գործունեությունը Վրաստանում:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» եւ «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի, ինչպես նաեւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից եւ իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:

ԵՄ-ի կողմից տրամադրվող «Նորարարության համաֆինանսավորվող դրամաշնորհ» (IMG) եւ «Գիտական եւ տեխնոլոգիական ձեռներեցության դրամաշնորհ» (STEP) ծրագրերն իրականացվում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ համագործակցությամբ:

Լուսանկարները՝ blog.eif.am կայքից