Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մենք ամեն բան անում ենք, որ մեր հարթակը լինի հնարավորինս պարզ․ Ռոման Դանեղյանը՝ Renderforest-ի մասին
Startups 11/02/2019 09:27

«Renderforest»-ն առցանց հարթակ է, որը թույլ է տալիս օգտատերերին ինքնուրույն բարձր թողունակության տեսանյութ ստեղծել:

2015 թվականից գործող ստարտափն այսօր բավականին հաջողած և ամբողջ աշխարհում հայտնի ընկերություն է։ Այս հարթակի միջոցով օրական պատրաստվում է 25,000 տեսանյութ։

Ստարտափը, հաշվի առնելով օգտատերերի կարծիքները և ցանկությունները, պարբերաբար տեսանյութ պատրաստելու նոր հնարավորություններ է ստեղծում։

Բացի այդ, վերջերս «Renderforest»-ը հայտնվեց  G2crowd հարթակի՝ «2019 թվականի 100 լավագույն ծրագրային ապահովման ընկերություններ» (Best Software Companies 2019 Awards-խմբ.) վարկանիշային ցուցակում՝ զբաղեցնելով 87-րդ հորիզոնականը։ Այս ցուցանիշով այն շրջանցեց անգամ Facebook-ին։

«Starthub»-ի հետ զրույցում «Renderforest»-ի մարքեթինգ թիմի ղեկավար Ռոման Դանեղյանը պատմել է հարթակի նոր առանձնահատկությունների և ընկերության ճանաչողականության բարձրացումը խթանող ռազմավարության մասին։

– Ո՞րն է եղել նման հարթակ ունենալու հիմնական պատճառը։ Ի՞նչ խնդիրներ է այն լուծում։

– Ստարտափի հիմնադիրն, աշխատելով անիմացիոն տեսանյութեր պատրաստող ընկերություններում, հասկացել է, որ սահմանափակ բյուջե ունեցող նորաստեղծ ընկերությունների համար նմանատիպ ծառայություններ հասանելի չեն։ Անհատական տեսանյութ պատրաստելու համար սկսնակ ընկերությունները պետք է վճարեին մի քանի հազար դոլար, ինչը, բնականաբար, չունեին։ Արդյունքում «Renderforest»-ի ներկայիս հիմադիրն առաջարկեց ստեղծել մի հարթակ, որտեղ ստարտափները կկարողանան բավականին մատչելի գներով ու ինքնուրույն պատրաստել ցանկացած տեսանյութ։ Այսպիսով, 2015 թվականի սկզբին գործարկվեց «Renderforest» հարթակը։

Հարթակը լուծում է մի քանի խնդիր․ այն ավտոմատացված է, ինչը թույլ է տալիս առանց որևէ ջանք գործադրելու պատրաստել ցանկացած տեսանյութ։ Հարթակի միջոցով կարելի է շատ արագ ստանալ ցանկացած տեսանյութ, ինչը նշանակում է ժամանակի խնայում։ Եվ ամենակարևորը, ընկերությունները մի քանի հազարների փոխարեն կարող են ծախսել ընդամենը 20-30 դոլար և ստանալ որակյալ տեսանյութեր։

– Ինչո՞ւ Renderforest։

-«Render»-ը տեխնիկական բառ է։ Այն ենթադրում է այն պրոցեսը, որն անհրաժեշտ է վերջնական պատկերն ունենալու համար։ Մենք ունենք շատ կաղապարներ, ուստի մեր կաղապարների պահուստը նման է անտառի, որտեղ կարելի է ամեն տեսակը գտնել։ Այստեղից էլ «forest» բառը։ Պատկերավոր ասած, մեր հարթակը «ռենդերինգի անտառ» է։

– Ի՞նչ փոփոխություններ է կրել հարթակն այս ընթացքում։

– Ամենասկզբում կայքը միայն անգլերենով էր, հիմա այն թարգմանաված է 7 լեզուներով։ Երկրորդը, մենք ունեինք շատ պարզ, առաջին սերնդի վիդեոխմբագրիչ, որտեղ օգտատերն ուղղակի կարողանում էր համակարգչից նկար տեղադրել և ստանալ լոգո անիմացիան։

Դրանից հետո՝ տարիների ընթացքում, մենք ստեղծեցինք տեսարանների ավելի մեծ գրադարան։ Մարդիկ արդեն կարողանում էին լեգոյի պես իրենց տեսանյութերը հավաքել։ Քանի որ հիմա ունենք մոտ 500-ից ավել կաղապար՝ մի քանի հարյուրավոր տեսարաններով։ 

Բացի այդ, օգտատերերն ամեն տեսարանին ետկադրային ձայնավորում ավելացնելու հնարավորություն ունեն հիմա։ Նշեմ, որ այս ծառայությունը վճարովի է և հասանելի է մեր բաժանորդագրված օգտատերերին։

2018 թվականի աշնանը մենք նաև ավելացրեցինք նոր գործիք, որի միջոցով հնարավոր է տեքստը վերածել անիմացիայի։ Այսինքն՝ օգտատերը գրում է իր տեքստը, մեր մեքենայական ուսուցման հիման վրա ստեղծված համակարգը ավտոմատ գրադարանից ընտրում է համապատասխան տեսարանները՝ ըստ բանալի բառերի։

Նոյեմբերին թողարկեցինք մեր լոգոներ պատրաստելու հարթակը, որը թույլ է տալիս լոգոներ, վիդեոներ պատրաստել մի տեղում։

Ունենք 500-ից ավել կաղապար, որոնց մեծ մասը միջինում ունի 200-300 տեսարան, նույնիսկ կան կաղապարներ, որոնք ունեն միչև 800 տեսարան։

-Որո՞նք են ձեր հարթակի առավելությունները։

– Մենք ամեն բան անում ենք, որ մեր հարթակը լինի հնարավորինս պարզ։ Պարզությունը մեզ համար դարձել է ռազմավարության պես մի բան․ մենք փորձում ենք թողարկել մի բան, որը նախորդից շատ ավելի պարզ կլինի։

Մենք շատ ենք լսում մեր օգտատերերին։ Օրինակ՝ ետկադրային ձայնավորումը եղել է նրանց առաջարկը։

-Ի՞նչ նորություններ սպասել Renderforest-ից։

-Պատրաստվում ենք թողարկել մոբայլ հավելված։ Նաև վերաթողարկելու ենք մեր վիդեոխմբագրիչն արդեն 5-րդ անգամ՝ նոր առանձնահատկություններով։

-Որպես հաջողած ընկերության ներկայացուցիչ՝ ի՞նչ սխալներ կարող եք թվարկել, որոնք անում են հայկական ստարտափները։

– Բոլոր ստարտափներն, անկախ գտնվելու վայրից, ցանականում են մեծ ներդրումներ ստանալ և, հնարավարության դեպքում, վաճառվել մեծ ընկերություններին։ Օրինակ՝ մեզ շատ առաջարկներ են արվել, բայց այդ ամենը մերժել ենք մի պարզ պատճառով, որովհետև ներդումը միշտ չէ, որ օգտակար է։ Այսինքն՝ ստարտափը արագ գումար է ստանում, որը կարող է շատ սխալ ծախսել։ Այնինչ՝ անընդհատ գումար փնտրելու փոխարեն պետք է շատ աշխատել պրոդուկտի վրա, նոր լուծումներ մտածել և այլն։ Սկզբնական շրջանում ներդրումն անհրաժեշտ է բոլորին։ Բայց պետք է այդ ֆազայից ինչ-որ ժամանակ կարողանալ դուրս գալ։

Սխալներից մեկը նաև շտապելն է։ Այսինքն՝ մարդիկ ուզում են շատ կարճ ժամանակում հասնել լուրջ արդյունքների։ Օրինակ՝ «Renderforest»-ը մոտավորապես մեկ ու կես տարուց ավել հենց բուն հարթակն է պատրաստել։ Այսինքն՝ այդքան ժամանակ որևէ գումարի մուտք չի եղել։

Մարքեթինգային առումով, ևս մի սխալ կա։ Մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե որտեղ է իրենց թիրախային լսարանը։ Նրանք փորձում են բոլոր սոցիալական կայքերում բացել հաշվեհամարներ, բոլորն առաջ տանել ու զարգացնել։ Մտածում են՝ քանակությունն ինչքան շատ լինի, այդքան ավելի լավ։ Պետք է հասկանալ՝ որտեղից է գալիս օգտատերերի ամենաշատ հոսքը։ Պետք չէ միանգամից մի քանի ճանապարհով փորձել պրոդուկտն առաջ տանել։

Նշենք, որ «Renderforest»-ն ունի 5 միլիոնից ավել օգտատեր։ Օրական գրանցումների թիվն անցնում է 8,000-ը։ Հարթակում օրական պատրաստվում է 25,000 տեսանյութ։

Անահիտ Լալայան

Լուսանկարները և տեսանյութը տրամադրել է Ռոման Դանեղյանը