STEP ծրագրի միջոցով էսքիզները վերածեցինք իրական սարքի. Lift Up
Startups 07-03-2019 17:21

2017 թվականից սկսած «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում»(EU-SMEDA) ծրագիրն աջակցում է հայաստանյան ստարտափներին։

Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը շարունակում է անդրադառնալ բոլոր այն ստարտափներին, որոնք «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ստացել են դրամաշնորհ։ 

Lift Up ստարտափ թիմն աշխատում է սահմանափակ կարողություններ ունեցողների անվասայլակների համար նախատեսված սարքերի ստեղծման վրա, որոնք կօգնեն օգտագործողին տեղաշարժվել աստիճաններով վերև և ներքև՝ առանց որևէ մեկի օգնության:

Ըստ ստարտափի համահիմնադիր Աստղիկ Օսյանի, սարքերը մեխանիկական են, կարող են կցվել արդեն-իսկ գոյություն ունեցող ցանկացած տեսակի անվասայլակի, համապատասխանում են ցանկացած տիպի անիվների, և օգտագործվում  են աստիճաններով տեղաշարժվելիս:

Թիմը բազկացած է 4 անդամներից.

«Թիմի ղեկավարը սոցիալական գիտությունների գծով մասնագետ է: Աշխատանքային փորձի և հետազոտության ընթացքում սահմանափակ կարողություններ ունեցող անձանց հետ կապված բազմաթիվ խնդիրներ են առաջացել:

Խնդիրներից մեկն այն էր, որ շատ անվասայլակ օգտագործող մարդիկ, ովքեր ունեն շարժվելու սահմանափակ հնարավորություն, չեն կարողանում տանից դուրս գալ հենց աստիճանների պատճառով։ Սա հանգեցնում է սոցիալական մեկուսացման։ Ուստի սկսեցինք ինչ-որ բան մտածել, ինչը կթեթևացներ սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց և նրանց ընտանիքների կյանքը»,- նշել է Աստղիկ Օսյանը։

Շուկայի ուսումնասիրության ժամանակ թիմը պարզել է, որ չկա որևէ մեխանիկական սարքավորում, որը կարող է օգտագործվել ցանկացած անվասայլակի պարագայում:

«Կան որոշ թեքահարթակներ, որոնք շատ մեծ կամ ծանր են, կամ կարող են բարձրացնել միայն մի քանի քայլ: Կան նաև բարձրանալու կամ մագլցելու համար նախատեսված անվասայլակներ, որոնք արժեն մոտավորապես $2.000։ Դա չափազանց թանկ է սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար»,- բացատրել է Աստղիկ Օսյանը։

Ըստ նրա, սարքը բավականին էժան կլինի՝ իր մեխանիկական կոնստրուկցիայի շնորհիվ։

«Սարքը թեթև է և հեշտ է օգտագործել: Այն կարող է օգտագործվել ցանկացած սայլակի դեպքում, նույնիսկ՝ մանկասայլակի: Սարքը կարող է կիրառվել անմիջապես օգտվողի կողմից», - տեղեկացրեց հիմնադրամի համահիմնադիրը:

ԵՄ-ն ստարտափների համար հիմնական շուկաներից է, որը STEP-ի կողմից ստացավ դրամաշնորհ 2018-ի նոյեմբերին։

«STEP ծրագրի միջոցով մենք էսքիզները վերածեցինք իրական սարքի։ Մենք մտադիր ենք մշակել սարքը՝ ապահովելու նրա անվտանգությունը և ֆունկցիոնալությունը», - ասել է Աստղիկը:

Հիմնական դժվարությունը, որին հանդիպել է Lift Up-ը հայկական շուկայում, կապված էր թիրախային շուկաներ հասնելու հետ։

«Դրա պատճառն այն է, որ մի կողմից հայկական շուկան չափազանց փոքր է, մյուս կողմից բավականին դժվար է դուրս գալ միջազգային շուկա»,- պարզաբանել է Աստղիկը։

Lift Up թիմը մոտ ապագայում պլանավորում է ստեղծել վերջնական թեստավորված տարբերակը։ Ըստ ստարտափի համահիմնադրի եզրակացման՝ թեստավորման պրոցեսը կտևի մոտավորապես 1 տարի՝ համոզվելու համար, որ սարքն անվտանգ է, ամուր է և կծառայի երկար ժամանակ։