30 ավագ մասնագետ միացել է DISQO-ին. ընկերությունը շարունակում է ընդլայնվել
Startups 16-05-2019 19:40

DISQO ստարտափի համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Դրո Քոչարյանը Երևանում է։ Սա նրա երկրորդ այցն է հայաստանյան գրասենյակի հիմնադրման 6 ամիսների ընթացքում։ Ամփոփելով այս ընթացքում գրանցած հաջողությունները՝ նա նշում է. «Հայաստանի մասնագիտական պոտենցիալը գերազանցեց մեր սպասելիքները։ Ակնկալում ենք 30 ավագ մասնագետների ներգրավել մեկ տարում, բայց դա հասցրել ենք անել ընդամենը 6 ամսում և այժմ էլ շարունակում ենք փնտրել նոր կադրերի։ Թիմի աճի նման տեմպի գաղտնիքը մեր կիրառած ժամանակակից բարձր տեխնոլոգիաներն են, որ գրավում են ավագ մասնագետներին։ Կարևոր նշանակություն ունի նաև այն փաստը, որ ընկերությունն աշխատում է սեփական պրոդուկտի մշակման ու զարգացման վրա, որի սպառողը Fortune 500 ցանկում ընդգրկված առաջատար ընկերություններն են»:

Ընկերությունը 6 ամսում հասցրել է ընդլայնել ոչ միայն թիմը, այլև գրասենյակը՝ տեղափոխվելով ավելի մեծ ու հարմարավետ միջավայր Թումոյում։ Այս ընթացքում հայաստանյան թիմը նաև վերապատրաստվել է DISQO-ի Լոս Անջելեսում գտնվող գլխամասում։

«Մեզ համար նպատակային է տեղի լավագույն մասնագետների համար աճելու ու զարգանալու միջավայր ու հնարավորություններ ստեղծել հենց Հաայստանում՝ նվազեցնելով երկրից տաղանդի արտահոսքը։ Հպարտորեն կարող եմ նշել, որ մեր գործունեությամբ արդեն իսկ հասցրել ենք այս հարցում ևս հաջողություններ գրանցել»,- նշում է հայաստանյան գրասենյակի տնօրեն Թանիա Սահակյանը։

Ընկերության տվյալների վերլուծաբան Արմինե Սաղաթելյանը նշում է. «Ինձ համար ոգևորիչ է, որ DISQO-ում զբաղվում եմ միջազգային հսկա ընկերությունների տվյալների վերլուծությամբ։ Ավելին, այդ տվյալները մենք հենց մեր թիմի մշակած ծրագրային լուծման շնորհիվ ենք ստանում։ Այս դինամիկան ինձ դուր է գալիս թե’ աշխատանքում ու թե’ մասնագիտական աճի պրոցեսում»:

Գիտելիքի ու փորձի փոխանակումները թիմի համար կարևոր են նաև ընկերությունից դուրս՝ հայկական ՏՏ համայնքի հետ։ «Ամենատարբեր ելույթների, դասընթացների ու հանդիպում-քննարկումների միջոցով մենք պատրաստվում ենք կիսվել ձեռք բերած փորձով։ Արդեն սկսել ենք այս ուղղությամբ աշխատել և շուտով կունենանք «DISQOtech: challenges and solutions in high-tech» թեմայով հանդիպում-քննարկում ՏՏ համայնքի ներկայացուցիչների հետ»,- պատմում է ավագ ծրագրավորող Դավիթ Սիրադեղյանը։ Նշված հանդիպումը տեղի է ունենալու մայիսի 20-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում և ներգրավելու է շուրջ 100 ՏՏ մասնագտեների։

Ընկերության թափուր հաստիքներին կարելի է ծանոթանալ և դիմել այստեղ։