2021թ․-ի ապրիլի 5-11-ին կայացավ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականցվող «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից կազմակերպված «Startup Boost Week Vol7» միջոցառումը։ «Ռոստելեկոմ» Հայաստանը աջակցեց միջոցառման իրականացմանը՝ տրամադրելով հաղթող թիմերի մրցանակները։ Այս տարի միջոցառումն ուներ նոր ձևաչափ․ այն հարթակ տրամադրեց ստարտափեր ստեղծելու և զարգացնելու համար՝ ուսանողներին տալով իրական փորձառություն և մրցակցային առավելություններ։
Մեկ շաբաթվա ընթացքում մասնակից ուսանողները կազմավորեցին թիմեր, աշխատեցին փորձառու մենթորների հետ և ստացան մրցանակներ շահելու հնարավորություն՝ վերջին օրը ժյուրիի անդամներին ներկայացնելով իրենց գաղափարները։ Հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափակումները՝ “Startup Boost Week Vol7” անցկացվեց մասնակի առցանց ձևաչափով։ Մարզերը նույնպես ներգրավված էին, և մարզային կենտրոններում գտնվող երիտասարդական կազմակերպությունները և տեխնոլոգիական ընկերությունները հյուրընկալեցին ուսանողների 5-15 հոգանոց խմբեր։ Միջոցառումը հյուրընկալեց 100-ից ավել ուսանողների՝ 8 առանցքային կենտրոններում, այդ թվում՝ Գյումրի (Annaniks և Chessify), Վանաձոր (SevenSmarts և Instigate Mobile), Դիլիջան (YCCD), Երևան (Smart Center և Change Lab)։ «gg» ընկերության բացառիկ աջակցության շնորհիվ առաջին անգամ Արցախի ուսանողները նույնպես մասնակցեցին ծրագրին։ Միջոցառման 7 օրերի ընթացքում մասնակիցները միասին աշխատելու, թիմեր կազմավորելու, գաղափարներ հավաքագրելու և դրանք իրագործելու հնարավորություն ունեցան: Ուսանողները հանդիպեցին և աշխատեցին փորձառու մենթորների, ներդրողների և ձեռներեցների հետ, հանձինս Ամալյա Մխիթարյանի` ANEL Services կառավարիչ և նախագծերի մասնագետ National Instruments-ում, Արամ Ջիվանյանի՝ Skycryptor-ի համահիմնադիր և տնօրեն, Արտավազդ Սոխիկյանի՝ Buymie-ի համահիմնադիր և տեխնիկական տնօրեն, Աշոտ Խուդգարյանի՝ ninetynine-ի համահիմնադիր և տնօրեն, Գոռ Վարդանյանի՝ Chessify-ի համահիմնադիր և տնօրեն, Հրանտ Դավթյանի՝ Metric-ի հիմնադիր և տնօրեն, Նարե Գևորգյանի՝ Embry Tech-ի համահիմնադիր և գլխավոր դիզայիներ, և Սարգիս Կարապետյանի՝ Embry Tech-ի համահիմնադիր և տնօրեն։ Հատկանշական է, որ մենթորների մեծ մասը ներգրավված տարածաշրջաններից են, որը յուրօրինակ բովանդակություն ավելացրեց մարզերի մասնակիցների շրջանում։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, ԵՄ-ն բիզնեսի համար «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի թիմի ղեկավար՝ Վիլհելմ Հյուգոն, «Ռոստելեկոմ» Հայաստան-ի տնօրեն՝ Հայկ Ֆարամազյանը, և «Քաթըլիսթ» հիմնադրամի համահիմնադիր՝ Աշոտ Արզումանյանը։ Ընդգծվեց միջոցառման կարևորությունը հայ ուսանողների համար և շեշտվեց ծրագրի դերը վերջիններիս նորարարական գաղափարների իրագործման ճանապարհին: Ինչպես նշեց Վիլհելմ Հյուգոն, – «Startup Boost Week-ը կոչված է առողջ ձեռներեցության զարգացմանը և միջմարզային, միջհամալսարանական համագործակցության առաջացմանը և խթանմանը։ Այն տալիս է գաղափարների առաջացման և իրականացման հնարավորություն»։
Ընդհանուր առմամբ մասնակիցները կազմեցին 20 թիմեր՝ ներկայացված գաղափարների շուրջ, որոնք ելույթների տեսքով վերջին օրը հանձնեցին փորձառու ժյուրիների դատին։ Ժյուրիի կազմում էին Աշոտ Տոնոյանը՝ Service Titan Armenia մասնաճյուղի տնօրեն, Գրիգոր Հովհաննիսյանը՝ BANA – Business Angel Network of Armenia տնօրեն, Մարիամ Համբարձումյանը՝ The Crowdfunding Formula-ի կառավարող գործընկեր, Քնարիկ Գրիգորյանը՝ gg ընկերության ֆինանսական տնօրեն, և Աշոտ Արզումանյանը՝ «Քաթըլիսթ» հիմնադրամի համահիմնադիր։
Հաղթող թիմերն են՝
1-ին տեղ` HealthyChallenges, հավելված, որը խրախուսում է առողջ ապրելակերպը՝ իր հաճախորդներին տալով ֆիզիկական առաջադրանքներ մարտահրավերների տեսքով։ 2-րդ տեղ` Anger Room, որն առաջարկում է նվազեցնել սթրեսը վիրտուլ իրականությունում կոտրելով տարբեր իրեր։
3-րդ տեղ` PerfectLook, արհեստական բանականությամբ աշխատող բջջային հավելված է, որը օգնում է հաճախակի առցանց գնումներ կատարող մարդկանց գտնել և ձեռք բերել հենց իրենց կազմվածքին համապատասխանող հագուստ։
Հաղթողներին պարգևատրեցին մրցանակներով՝
«Ռոստելեկոմ» Հայաստանը տրամադրել է 350 եվրո, 250 եվրո և 150 եվրո դրամական պարգևներ համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցներին, ինչպես նաև ստարտափ կառուցելու վերաբերյալ գրքեր։
Հատուկ մրցանակներ տրվեցին ևս 4 թիմերի՝
“Kid’s Lock, հավելվածը օգնում է երեխաների կրթությանը, ծնողներին տալով հնարավորություն վերահսկելու երեխաների կողմից բջջային հեռախոսների օգտագործումը։ “gg” ընկերությունը պարգևատրել է թիմին 250 եվրոյով և կաջակցի գաղափարի իրականացմանը ArmBionics-ն օգնում էվերինվերջույթները կորցրած մարդկանց, որպեսզի վերջիններս կարողանան հոգալ իրենց ամենօրյա կարիքները։ Թիմը ստացավ մենթորության և աջակցության բացառիկ հնարավորություն ժյուրիների կողմից, ինչպես նաև Հայաստան Ստարտափ Ակադեմիայի նախաաքսելերացիոն ծրագրի 7-րդ շրջափուլին հարցազրույցի մասնակցելու առաջարկ։ EasyCook հավելվածը թույլ է տալիս տանը եղած մթերքները գրանցել և ստանալ բազմատեսակ ուտեստների բաղադրատոմսեր, ինչպես նաև տեղադրել բաղադրատոմսերը հարթակում և ստանալ ներերը։ Թիմը ստացավ Hero House Entrepreneurship Assistants’ School-ի 4-րդ շրջափուլին մասնակցության հնարավորություն։ Kangar հավելվածը օգնում է իր հաճախորդներին խնայել ժամանակ՝ տրամադրելով հանրային տրանսպորտի ուղղությունները և ժամանակացույցը։ «gg» ընկերության կողմից թիմը ստացավ համագործակցության առաջարկ։
«gg» ընկերության ֆինանսական տնօրեն Քնարիկ Գրիգորյանը հայտարարեց հատուկ բոնուսների և զեղչերի մասին՝ մարզերում բնակվող մասնակիցների՝ դեպի Երևան այցելությունների կազմակերպման նպատակով։