Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հայաստանի կանայք. ևս մեկ քայլ՝ ՏՏ ոլորտում հաջողության ճանապարհին
News 20/05/2021 16:23

Դեռևս շուրջ երկու ամիս առաջ մեկ երեխայի մայր 42-ամյա Մարինե Մելքոնյանն ստիպված էր հույսը դնել առցանց հատուկենտ դասընթացների կամ ազատ վարձու աշխատանքների վրա, որպեսզի պահպաներ համակարգչային ծրագրավորողի իր հմտությունները: Սակայն մեկ տասնամյակ առանց լրիվ դրույքով աշխատանքի մնալուց հետո Մարինեին սկսեց թվալ, որ պետք է խաչ քաշի իր մասնագիտական զարգացման վրա, քանի որ հույս գրեթե չէր մնացել: Իսկ նա հազիվ թե կրկին երիտասարդանար, որ կարողանար կտրուկ փոփոխություն մտցնել կարիերայում: «Ամեն ինչ շատ հիասթափեցնող էր », – խոստովանում է նա:

Ամեն ինչ այդպես էլ կմնար, եթե աչքով չընկներ Հայկական բարեգործական ընդհանուր միության «Կին ծրագրավորողներ» ծրագրի ֆեյսբուքյան գովազդը, որը թույլ տվեց նրան՝ կրկին երազել: «Ծրագրի յուրաքանչյուր տարր՝ գործողությունների շրջանակից մինչև հայտերի ներկայացման գործընթացի խորություն, հուշում էր, որ սա հերթակա հրապարակային աճպարարությունը չէ, ինչպես վերապատրաստման այլ դասընթացները, որոնք ողողել են Հայաստանի շուկան», – ասում է Մարինեն:

Ծրագիրը մեկնարկել է 2020թ. նոյեմբերին՝ որպես ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնություն կոչված գլոբալ միջոցառման երրորդ բաղադրիչ, որը բազմաբովանդակ, միջմասնագիտական ծրագիր է՝ նախատեսված մասնագիտական զարգացման, ձեռներեցության և քաղաքացիական հասարակությունում առաջնորդության միջոցով Հայաստանում կանանց սոցիալ-տնտեսական ինքնուրույնությունը խթանելու համար: ««Կին ծրագրավորողներ» ծրագիրը հարթում է ևս մեկ ճանապարհ, որով Հայաստանի կանայք կարող են ընդլայնել իրենց աշխատանքային հորիզոնները մի բնագավառում, որը արագորեն դառնում է ժամանակակից Հայաստանի տնտեսության հենասյունը», – նշում է ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչության անդամ, ՀԲԸՄ-ի՝ 2017 թվականին մեկնարկած «Կանանց հզորացման նախաձեռնության» համահիմնադիր Անի Մանուկյանը:

ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագիրը հիմնված է յոթ քայլից բաղկացած գործընթացի վրա, որում ներառված են ՏՏ ծրագրերի կառավարման, որակի ապահովման և React JS-ի դասընթացներ՝ կրթաթոշակներով և երկրի լավագույն տեխնոլոգիական ֆիրմաներում փորձաշրջանով աշխատանքի տեղավորվելու հնարավորություններով հանդերձ: Երևանում գործող Quick Start վերապատրաստման կենտրոնի կողմից մշակված երեքից հինգ ամիս տևողությամբ դասընթացները առաջարկվում են անվճար: Ավարտելուն պես, խմբերից յուրաքանչյուրի լավագույն վեց մասնակիցները արժանանում են կրթաթոշակների՝ իրենց ընտրած ուղղությամբ կրթություն ստանալու նպատակով:

Ծրագիրը նաև առաջարկում է աշխատանքային հիմնադրույթների վերաբերյալ առցանց դասընթացներ, որոնց ժամանակ ուսուցանվում է ամեն ինչ՝ սկսած էլեկտրոնային նամակագրությունից ու պրեզենտացիայի հմտություններից մինչև ինքնավստահություն և բիզնես-էթիկա, այդ թվում՝ սեռական հետապնդման դեպքերի ճանաչում և խուսափում դրանցից. մի բան, որ, ըստ «Կին ծրագրավորողներ»-ի ղեկավար Հասմիկ Հայրապետյանի՝ «Հայաստանի շատ կանանց դեռևս չի հաջողվում անել»:

Առցանց դասընթացները մատուցվում են Հայկական վիրտուալ քոլեջի՝ կրթության ոլորտում ՀԲԸՄ-ի մեկ այլ հաջողված նախաձեռնության վիրտուալ հարթակի միջոցով:

Դիմակայելով Արցախում կրած ռազմական պարտության և ՔՈՎԻԴ-ով վարակման ահագնացող թվերի պատճառով երկրում տիրող վհատության մթնոլորտին, ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագիրը 2021 թվականի մարտին տվեց ծրագրի ղեկավարների և որակի ապահովման մասնագետների՝ 31 շրջանավարտից բաղկացած առաջին խումբը: Նրանց թվում է և Մարինեն, ով ներկայումս փորձաշրջան է անցնում ծրագրային ապահովման ընկերությունում՝ սպասելով լրիվ դրույքով աշխատանքի առաջարկի: React JS ծրագրավորման ևս տասնվեց մասնագետ դասընթացները կավարտի այս հունիսին:

Հայտերի ընդունման առաջին գործընթացի ավարտին ծրագիրը նախնական ստացել էր 530 դիմում, որն, ըստ Հայրապետյանի՝ «ՏՏ ոլորտում ներգրավվելու՝ Հայաստանի կանանց շրջանում տարածվող իրական շարժման» վկայությունն էր:

Նախաձեռնությունը արդեն իսկ գրավել է տեխնոլոգիայի բնագավառի բազմաթիվ ընկերությունների ուշադրությունը, որոնք սկսել են ակտիվ օգտվել դրանից, այդ թվում՝ Instigate ինժեներական խոշոր ընկերությունը, որը առաջիններից էր, որ իր Գորիսի մարզային գրասենյակում աշխատանքի ընդունեց ՀԲԸՄ-ի որակի ապահովման մասնագետներից մեկին, այն դեպքում, երբ նա ընդամենը մեկ ամիս էր, ինչ փորձաշրջանով աշխատում էր այնտեղ:

Թեև գնահատանքի խոսքեր ասելու համար դեռ վաղ է, ընկերության հարավային մասնաճյուղը գլխավորող Կառլեն Օհանյանը ողջունում է թիմում կին աշխատողի ներկայությունը՝ ընդգծելով նրա գիտելիքների խորությունն ու գործնական իմացությունը, որ այնքան կարևոր են աշխատավայրում արագ ինտեգրվելու համար: «Ինչպես շատ այլ երկրներում, Հայաստանում ևս, խնդիրը այն է, որ դուք միշտ կարող եք գնել որակի ապահովման հավաստագիր, եթե ձեր ֆինանսական հնարավորությունները դա թույլ են տալիս: ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ»-ի դեպքում ակնհայտ է, որ դիմողներից յուրաքանչյուրը մանրակրկիտ ընտրություն և վերապատրաստում է անցել, և դա օգնում է, որ ընկերությունները ավելի արագ զարգանան, քան դա հնարավոր է պատահական առցանց դասընթացներ ավարտածների պարագայում», – ասում է Օհանյանը:

Մինչ տվյալ բնագավառը նոր-նոր է սկսում կարևորել միջանձնային շփման հմտությունները, ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագրի շրջանավարտները ապացուցել են, որ «լավ ընտրություն են» այն ընկերությունների համար, որոնք շահագրգիռ են հիմնականում տղամարդկանց կողմից զբաղեցված աշխատատեղերը արդյունավետ հաղորդակցության և թիմային աշխատանքի ասպարեզում վերապատրաստում անցած կանանցով համալրելու հարցում:

36-ամյա Լուսինե Վարդիկյանը, ով բանկային համակարգում աշխատանքի բազմամյա փորձ ունի և արդեն երրորդ անգամ է մայրացել, փորձում է իր տեղը գտնել ՏՏ ոլորտում: Նրա համար «Կին ծրագրավորողներ» ծրագրում ներգրավվելը նոր շունչ էր ոչ միայն կարիերայի հետ կապված նոր հնարավորություններ որոնելու, այլև ՔՈՎԻԴ-ով պայմանավորված մեկուսացումը թոթափելու առումով: Առաջնորդվելով իր աշխատանքին և ընտանեկան էթիկային հարիր կարգապահությամբ և պատասխանատվության զգացումով, ավարտելուց հետո պրակտիկա անցնելու համար Լուսինեն դիմել էր միայն մեկ կազմակերպության, որքան էլ ՀԲԸՄ-ում իր մենթորները հակառակն էին սովորեցրել: «Ես ուզում եմ կատարելապես համապատասխանել իմ ընտրած կազմակերպության պահանջներին», – ասում է նա, սակայն գերազանցության ձգտումը միակ պատճառը չէ, որով բացատրվում է աշխատանք գտնելու հարցում նրա պասիվությունը:

Հայաստանի 25-ից 35 տարեկան գործազուրկ բոլոր կանանց 62 տոկոսի նման, Լուսինեի առաջնային պարտականությունը մնում են իր երեխաները: «Ահա պատճառը, թե ինչու է ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագիրը առաջին հերթին ուղղված մայրերին. որպեսզի նրանք ևս կարողանան գտնել իրենց նոր կոչումը ՏՏ ոլորտում, որը կօգնի նրանց՝ կայանալ ֆինանսապես և հաղթահարել տեխնոլոգիայի ոլորտում կանանց ներգրավվածության հետ կապված հայկական կարծրատիպերը», – ասում է ծրագրի ղեկավար Հայրապետյանը:

Կառավարությունը ներկայումս մշակում է երեխաների խնամքի վերաբերյալ նոր օրենսդրություն, որը ծնողներին, հատկապես՝ մայրերին, թույլ կտա իրենց փոքրիկի վաղ տարիքում վերադառնալ աշխատանքի: Սակայն, Հայրապետյանի պնդմամբ, Հայաստանի տեխնոլոգիայի ոլորտից կանանց դուրս մնալու պատճառները ավելի խորն են, քան աշխատող ծնողների հիմնախնդիրը: «Դա ընկալման հարց է. իբրև թե կանայք իրենց բնույթով, չգիտես ինչու, հարմար չեն նման աշխատանքի համար, և որ պետք է ձգտեն առավել «ավանդական» աշխատանքի, օրինակ՝ կրթության և բժշկության ասպարեզում: ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագիրը նախատեսված է նման կեղծ բաշխումը հերքելու համար՝ տաղանդավոր կանանց ուղղորդելով դեպի արագորեն զարգացող այս ոլորտը, որը այնպես ունի դրա կարիքը», – ասում է նա:

Տեխնոլոգիայի ոլորտում աշխատող կանանց թվով Հայաստանը 11 տոկոսով առաջ է համաշխարհային միջին ցուցանիշից, որը կազմում է ընդամենը 19 տոկոս: Այս ցուցանիշը ամրապնդել է Հայրապետյանի վստահությունը այն հարցում, որ Հայաստանը կարող է առաջատարը դառնալ դեռևս էապես տղամարդկանցով համալրված բնագավառում առկա գենդերային անջրպետը վերացնելու գործում: Եվ դրա համար կան բոլոր հիմքերը:

Հակառակվելով տարածված կարծիքին, Instigate-ի փոխտնօրեն Աննա Գևորգյանը ոչ միայն խրախուսում է նորաթուխ մայրերի մուտքը ասպարեզ, այլև բոլոր կանանց քաջալերում է սկսել հնարավորինս վաղ: «Տեխնոլոգիայի դեպքում խնդիրը ոչ սեռն է, ոչ էլ ծնող լինելը: Խնդիրը միայն այն է, թե որքանով լավ եք տիրապետում ձեր աշխատանքին: Երբ ասում եմ, որ ընտանիք կազմելը և, միևնույն ժամանակ, մասնագիտական ոլորտում աճելը հնարավոր է՝ ես խոսում եմ իմ իսկ փորձից՝ որպես երեք երեխայի մայր», – ասում է նա:

Հայացքը դեպի առաջ՝ Հայրապետյանը այժմ հետադարձ կապի մեջ է գործընկեր կազմակերպությունների հետ՝ գնահատելու համար «Կին ծրագրավորողներ»-ի շրջանավարտների առաջին խումբը, որպեսզի Հայաստանի ամենախոստումնալից արդյունաբերական ոլորտը և ամենատաղանդավոր կանայք միասին հասնեն հաջողությունների: «Դրանից կշահեն բոլորը», – ասում է նա, – «հատկապես Հայաստանը՝ ընդհանուր առմամբ»:

Գևորգ Մնացականյան