Սույն թվականի հունիսի 14–ին ժ 12:30-16:30 «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի մեծ սրահում (Խորենացի փողոց 15, Երևան 0010) տեղի կունենա”Կանայք և տեղեկատվական հասարակությունը” հկ-ի կողմից կազմակերպած Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2021 մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը հրավիրված են բարձրաստիճան հյուրեր, ովքեր հանդես կգան ողջույնի խոսքով:
Տեխնովացիան աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթն է 10-18 աղջիկների համար: Ծրագրի նպատակն է ոգևորել և հզորացնել երիտասարդ աղջիկներին՝ դառնալու նորարարներ և առաջնորդներ իրենց համայնքներում` լուծելով իրենց համայնքների խնդիրները, ստացած ձեռներեցության և տեխնոլոգիական գիտելիքների միջոցով: Հինգերորդ տարին է Հայաստանը մասնակցում է ծրագրին: 2017 թվականին առաջին անգամ մասնակցելով ծրագրին, ունեցանք հաջողված պատմություն՝ Կարբի գյուղի դպրոցի «Մեկ քայլ առաջ» աղջիկների թիմը իր «Հայկական ժեստերի լեզու» հավելվածով ստացավ միջազգային գլխավոր մրցանակը կրթություն անվանակարգում և հրավիրվեց Սիլիկոնյան հովիտ մասնակցելու միջազգային մրցանակաբաշխությանը:
2017 թվականից ի վեր, Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան ծրագրի ընթացքում սոցիալական տարբեր խնդիրներին առնչվող 186+հավելված է ստեղծվել, 408+ թիմ, 2088+ աշակերտուհի, 408+ մենթոր է մասնակցել Հայաստանի բոլոր մարզերի քաղաքներից ու գյուղերից:
Ավարտվեց Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2021 մրցափուլը: Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2021 մրցաշրջանի մարտահրավերներն էին՝
- կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտուհիների և մենթորների մասնակցության խրախուսումը թիմերում,
- արհեստական բանականության մոդուլի կիրառման խրախուսումը։
Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2021 ծրագրին գրանցվեց 488 աշակերտուհի և 108 մենթոր, 92 թիմ ձևավորվեց, իսկ հայաստանյան կիսաեզրափակիչ փուլ դուրս եկավ 48 թիմ, ներառյալ 11 ներառական թիմ և 14 թիմ, որ օգտագործեցին արհեստական բանականության մոդուլ իրենց հավելվածում:
Մայիսի 17-ին, 19-ին, 21-ին «Տեխնովացիա աղջիկներ Հայաստանյան 2021» մրցույթին մասնակցած թիմերը ժյուրիին ներկայացրեցին իրենց բջջային հավելվածները, որի արդյունքում, ինչպես նաև օնլայն գնահատման արդյունքում ժյուրին որոշեց հաղթող թիմերին: «Տեխնովացիա աղջիկներ, Հայաստանյան 2021» մրցանակաբաշխությանը հաղթող թիմերը մրցանակներ կստանան տարբեր անվանակարգերում:
«Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2021» ծրագիրը ֆինանսավորվում է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության դրամաշնորհով: «Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2021» մրցույթին աջակցում են Սերվիս Տիտան ընկերությունը, Սինոփսիս Արմենիա ընկերությունը, Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միությունը, Եվրոպական համալսարանը, Chessify
ընկերությունը, Արարատ բանկը, “Հույսի կամուրջ”, “Ագաթ” հասարակական կազմակերպությունները։