Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) մայիսի 28-ին FAST Creative Campus-ում կազմակերպեց թվով 8-րդ փիչինգը, որի շրջանակներում հայտարարվեց «Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանց» (STAN) ծրագրի ընդլայնման մասին։
Մեկնարկելով 2018թ․-ին՝ ծրագիրը նպատակ ունի միավորել աշխարհի տարբեր երկրներից հայ նշանավոր մասնագետների՝ գաղափարից մինչև սաղմնային փուլերում գտնվող, գիտական և տեխնոլոգիական նորարարություններով զբաղվող հայկական ստարտափներում ներդրումներ իրականացնելու համար։ Նախապատվությունը տալով արհեստական բանականության (ԱԲ) հենքով լուծումներ առաջարկող ստարտափներին՝ STAN-ը առաջարկում է ներդրումային հնարավորություններ երեք հիմնական ուղղություններով.
- Ավանդական հրեշտակային ներդրումներ. ներդրումներ նախասաղմնայինից մինչև սաղմնային փուլերում գտնվող, գիտական և տեխնոլոգիական նորարարություններով զբաղվող ստարտափներում
- Կանանց ձեռներեցություն. ներդրումներ կազմավորման վաղ փուլում գտնվող և կանանց կողմից ղեկավարվող ստարտափներում՝ Հայաստանում կանանց ձեռնարկատիրական գործունեությանը խթանելու նպատակով
- Moonshot նախագծեր․ ներդրումներ բարձր ռիսկայնություն/բարձր շահույթ ունեցող նախագծերում, որոնք առաջարկում են գերբարդ և խորը տեխնոլոգիական լուծումներ գլոբալ խնդիրները լուծելու համար:
«STAN-ն ընդլայնում է իր գործունեությունը ինչպես ներդրումային նոր ուղղություններ առաջարկելով, այնպես էլ համալրելով իր հրեշտակների ցանցը: Վերջերս Ամերիկայի Միացյալ Նահանգներից 6 նոր հրեշտակ ներդրողներ միացան STAN-ին՝ ընդհանուր անդամների թիվը հասցնելով 31-ի: Մայիսի վերջին կայացած փիչինգի ընթացքում ինը ստարտափ Ավանդական հրեշտակային ներդրումներ ուղղությունից, երկուսը՝ Moonshot նախագծերից և չորսը՝ Կանանց ձեռներեցություն ուղղությունից ներկայացրեցին իրնեց գաղափարները։ Ներկայումս հրեշտակ ներդրողները որոշ ստարտափների հետ արդնեն իսկ քննարկում են ներդրումների հնարավորությունները․ շուտով կհայտարարենք կատարված գործարքների մասին»,- Հայկազ Արամյան՝ FAST-ի նորարարությունների առաջատար վերլուծաբան:
Եթե հետաքրքրված եք ձեր ստարտափի ֆինանսավորման հնարավորություններով կամ ցանկանում եք դառնալ հրեշտակ ներդրող, այցելեք կայքէջ: