Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հուլիսի 1-ից ստարտափները հնարավորություն կունենան Հայաստանում արտոնագրելու իրենց ստեղծած համակարգչային ծրագրերը
News 01/07/2021 17:50

Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է գյուտերի ստեղծման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված գույքային և անձնական հարաբերությունները։ 

«Նոր օրենքի ընդունմամբ Հայաստանը դառնում է աշխարհում երկրորդ երկիրը ԱՄՆ-ից հետո, որն իրականացնում է համակարգչային ծրագրերի արտոնագրում։ Համակարգչային ծրագրերի հուսալի պաշտպանությունը բարենպաստ պայմաններ կստեղծի Հայաստանում ստարտապների, նորարար հեղինակների համար մտավոր արժեքներ ստեղծելու և դրանք Հայաստանում արտոնագրելու համար։ Արված փոփոխությունները և Հայաստանում արտոնագրման գործընթացի կազմակերպման արագությունն ու հեշտությունը նախադրյալներ կստեղծեն տարածաշրջանում Հայաստանի ավելի բարենպաստ դիրքավորման և երկրում նորարարության ու կայուն տեխնոլոգիական զարգացման, ինչպես նաև տնտեսական աճի խթանման համար»,- նշեց ՀՀ ԷՆ Մտավոր Սեփականության գործակալության պետի պաշտոնակատար Քրիստինե Համբարյանը։

Դեռևս 2018 թվականի նոյեմբերին ԱՄՆ Հայ իրավաբանների միության (Armenian Bar Association) կողմից ձևավորվել է ՄՍ/ՏՏ կոմիտե, որի նպատակն է դյուրացնել առաջարկությունների և լուծումների մշակման գործընթացը ոլորտում օրենսդրական թերությունները վերացնելու համար: Աշխատանքային խումբը կազմված էր սփյուռքի և Հայաստանի ոլորտի լավագույն փորձագետներից, իրավաբաններից, պետական և մասնավոր հատվածի, բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներից, Ազգային ժողովի պատգամավորներից։ Աշխատանքային խմբի կողմից «Արտոնագրերի մասին» օրենքում արված փոփոխությունների և առաջարկների շուրջ իրականացված համատեղ աշխատանքների արդյունքում  այսօր արդեն հնարավոր է Հայաստանում իրականացնել համակարգչային ծրագրերի արտոնագրումը։ 

Արտոնագրերին դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ Մտավոր Սեփականության գործակալության պաշտոնական կայքէջում։

«Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքին ծանոթացեք այստեղ։