ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառումը՝ DigiTec Expo-ն, 1 տարվա դադարից հետո վերադառնում է։
Այս տարի ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 29-31 «Կարեն Դեմիրճյանի անվան» Մարզահամերգային համալիրում։
ԴիջիԹեք 2021-ի շրջանակներում, բացի ցուցահանդեսից, առաջին անգամ կանցկացվի «DigiTec Summit» միջազգային համաժողովը՝ արտասահմանյան և տեղական ներկայացուցիչների մասնակցությամբ։
Համաժողովի հիմնական նպատակը պանելային քննարկումների միջոցով ներկայիս տեխնոլոգիաների դերի վերհանումն է ճգնաժամային իրավիճակում և դրանց ադապտացման մեխանիզմերի քննարկումը՝ անընդհատ փոփոխվող աշխարհի մարտահրավերներին։
ԴիջիԹեքը համախմբում և արտացոլում է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ձեռքբերումներն ու ապագան: Այստեղ 80,000-ից ավելի այցելուները ծանոթանում են գլոբալ տեխնոլոգիական տենդենցներին: Ավելի քան 120 տեղական և արտասահմանյան ընկերություններ ցուցադրում են իրենց նորարական լուծումները, նոր համագործակցությունների եզրեր փնտրում և պարզապես՝ կիսվում ոլորտային հաջողություններով:
Ցուցահանդեսի բաժիններն են՝
կոմպլեքս ինժեներական լուծումներ,
ՏՏ սարքավորումներ և համակարգեր,
արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում,
իրերի համացանց (IoT),
ծրագրային և վեբ լուծումներ,
կիբեռանվտանգություն,
հեռահաղորդակցության և ցանցային լուծումներ,
բջջային տեխնոլոգիաներ և հավելվածներ,
դիզայն և անիմացիա,
խաղային տեխնոլոգիաներ և մուլտիմեդիա,
ֆինանսական տեխնոլոգիաներ,
տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար,
տեխնոլոգիական կրթություն: