Հայկական Picsart նկարների խմբագրման առաջատար հարթակը 130 մլն դոլար է ներգրավել C շարքի ներդրումային փուլի արդյունքում։ Փուլն իրականացվել է SoftBank Vision Fund 2 հիմնադրամի կողմից՝ G Squared, Tribe Capital, ինչպես նաև արդեն իսկ ներդրող հանդիսացած Sequoia, DCM, Graph Ventures, և Siguler Guf & Company ընկերությունների մասնակցությամբ։
Հիմնադրման պահից Picsart-ն ներգրավել է 195 մլն ԱՄՆ դոլար, իսկ ընկերության տարեկան 100 մլն դոլար եկամուտի շնորհիվ այն արդեն իսկ գնահատվում է 1 մլրդ դոլարից ավելի։ Picsart-ն առաջին Հայաստանում ստեղծված ստարտափն է, որը հատում 1 մլրդ դոլար շեմը։
«Մենք ցնականում ենք աշխարհը դարձնել ավելի ստեղծագործ, և ներգրավված միջոցները կօգնեն մեզ ավելի ուժեղացնել մեր դիրքերը՝ որպես նոր ստեղծագործ սերնդի «ողնաշար»», – նշել է Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը։
Picsart-ն այժմ ունի 150 մլն-ից ավել ամսական օգտատեր՝ աշխարհի ավելի քան 180 երկրից։ Picsart-ի հավելվածը բազմաթիվ անգամ հայտնվել է աշխարհի ամենաշատ ներբեռնվող հավելվածների առաջատար շարքերում։ Ընկերությունը հիմնադրվել է 2012թ.-ին, և այժմ ունի 800-ից ավել աշխատակից Սան Ֆրանցիսկոյի, Բենգալորի, Պեկինի, Բեռլինի, Լոս Անջելեսի, Մոսկվայի, Նյու Յորքի, Տոկիոյի և Երևանի գրասենյակներում։
Starthub Armenia-յի կողմից շնորհավորելով Picsart-ին՝ հավելենք, որ Picsart-ի նման հաջողությունը սպասված էր, և մոտակա տարիներին սպասում ենք հայկական մի քանի այլ ընկերությունների կողմից նման հաջողության կրկնություն։