Եթե չեք հասցնում լիարժեք հետևել ձեր շան առողջությանն ու ժամանցին, ապա վստահեք գործը Gabby հավելվածին: Ներբեռնեք հավելվածը, նշեք ցեղատեսակը, տարիքը, քաշը, մնացածը կանի հավելվածը:
«Անհրաժեշտ ինֆորմացիան ունենալուց հետո ծրագիրը կասի՝ իրականում որքան պետք է լինի շան քաշը, որքան կալորիա է անհրաժեշտ շանը, ինչքան վազի: Հավելվածում կարելի է նշումներ անել նաև պատվաստումների մասին, որի շնորհիվ էլ ծրագիրը կազմում է պատվաստումների ժամանակացույց ու հիշեցնում հաջորդ պատվաստման մասին», – պատմում է հավելվածի համահիմնադիր Վաչե Սահակյանը:
Պարզվում է՝ մեր օրերում ընկերության ու սիրո պակաս ունեն ոչ միայն մարդիկ, այլ նաև մեր չորքոտանի բարեկամները: Բայց եթե մարդկանց ծանոթությունների հավելվածներին չեք վստահում, Gabby-ին ձեր շնիկի անձնական կյանքը հաստատ կարող եք վստահել: Ծրագիրը զբաղվում է նաև շների ծանոթություններով ու զուգավորմամբ: Այսպիսով, հավելվածում նշելով թաթիկի նշանի վրա, ծրագիրը ձեր շնիկի համար կփնտրի ընկեր, իսկ սրտիկի դեպքում՝ զուգընկեր:
«Այստեղ, ինչպես մարդկանց ծանոթությունների հավելվածներում, կարելի է նայել շների պրոֆիլները: Հետաքրքրությունների համընկնելու դեպքում շնատերերը կարող են զրույց սկսել, պայմանավորվել հանդիպման մասին, որպեսզի իրենց կենդանիները կարողանան միասին խաղալ»:
Հավելվածը հասանելի է Android և iOS համակարգերով: Այն արդեն սպասարկում է մի քանի հարյուր օգտատիրոջ: Ըստ Վաչեի՝ առայժմ դժգոհություններ չկան: Հավելվածը դեռ թեստավորվում է հայկական շուկայում, իսկ ապագայում նախատեսվում է այն դուրս հանել միջազգային շուկա:
Gabby-ն իսկական փրկություն է խիստ զբաղված կամ պարզապես ծույլ շնասերների համար, որոնք կամ ժամանակ չունեն լիարժեք զբաղվել չորքոտանի բարեկամով, կամ պարզապես ալարկոտ են: Ի դեպ, հավելվածի ստեղծումը հենց զբաղվածության արդյունք է:
Gabby-ի համահեղինակ Վաչեն ժամանակի սղության պատճառով իր բիգլ ցեղատեսակի շանը բավարար անհրաժեշտության ժամանակ հատկացնել չի կարողացել, ապարդյուն ճիգեր է գործադրել նրա համար ընկեր գտնելու հարցում: Այնպես որ, հավելվածի միտքը անհրաժեշտությունից է ծագել:
Երեք ընկերների՝ Վաչեի, Արամի և Նարեկի ծրագիրը ներդրումների կարիք ունի: Տղաները հիմա բանակցություններ են վարում պոտենցիալ ներդրողների հետ: Ներդրումները հնարավորություն կտան ընդլայնել հավելվածի ֆունկցիոնալությունը: