Ազգային արագացման հանրային նախաձեռնությունը կոչով դիմում է Հայաստանի և Արցախի Հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններին ակտիվորեն ներգրավվելու և մասնակցելու հայերենի մեքենայական թարգմանության տվյալների բազայի խմբագրման աշխատանքներին։
Ձեր մասնակցությամբ դուք կնպաստեք հայերենի՝ որպես բնական լեզվի թվայնացմանը, կձևավորեք հայերենի ազգային կորպուսը, կօգնեք լրամշակել տեխնոլոգիական առաջադիմության այս չափազանց կարևոր գործիքը։ Աշխատանքներին կարող են մասնակցել անգլերենին և հայերենին լավ տիրապետող դասախոսները, ուսուցիչները, ուսանողներն ու աշակերտները։ Հատուկ այս նպատակով ստեղծվել է կայք (http://3.144.127.191/mt/), որտեղ առավելագույնս ադապտացված գործիքներով հնարավոր է խմբագրել մեքենայական թարգմանության նյութերը։
Այս կապակցությամբ նախաձեռնությունը հայտարարություն է տարածել.
«Մեր տեխնոլոգիական մշակումները արժևորվում են ինչպես ազգային նպատակների իրականացման տեսանկյունից, այնպես էլ գիտական հենքի տեսանկյունից։ Մեր բնական լեզվի մշակման գործիքները ծրագրավորման, լեզվաբանության և ազգային գաղափարախոսության համադրության արդյունք են։ Տվյալների բազայի խմբագրումը և մշակումը կարող է ծառայել նաև որպես լեզվաբանական արդիական ուսումնասիրությունների և հետազոտությունների հարթակ։
Ազգային արագացման հանրային նախաձեռնությունը միակ հայկական տեխնոլոգիական կառույցն է, որը նեյրոցանցերի և խորը մեքենայական ուսուցման միջոցով իրականացնում է հայերենով մեքենայական սարքերի հետ հաղորդակցության գործիքների՝ արհեստական ձայնի սինթեզի TTS (Text To Speech), խոսքի ճանաչման ASR (Automatic Speech Recognition), մեքենայական թարգմանության NMT (Neural Machine Translation) մշակումը, որոնց հղումները կցված են ստորև։
Նախաձեռնությունը նաև ձևավորում է հայկական Big Data, որի արդյունքներով նախատեսված է կառուցել զուտ ազգային, առավելագույնս պաշտպանված, ամբողջապես հայաստանակենտրոն, զարգացման ծրագրերի մշակման աշխատանքային միջավայր հանդիսացող ցանց։ Վերջնական նպատակը հավաքական բանականության մշակումն է։
Աշխատանքներն իրականացվում են հանրային նախաձեռնությամբ։ Մեր նախաձեռնությունը մտադիր է տարատեսակ անձնական հավելվածների տեսքով անվճար հիմունքներով կամավորներին տրամադրել բոլոր թվային գործիքները»։
Նախաձեռնության աշխատանքների մասին առավել մանրամասն տեղեկություն կարող եք գտնել Ազգային արագացման հանրային նախաձեռնություն ֆեյսբուքյան էջի միջոցով։
Ազգային կորպուսի ստեղծումը կախված է յուրաքանչյուրից։
Հղումները` ստորև,
1. Armenian TTS – https://www.youtube.com/watch?v=W1AGRF6VrUw
2. Armenian ASR v.1.006 – https://www.youtube.com/watch?v=6bOi6m5AG8E
3. Armenian NMT hայերեն-անգլերեն թարգմանություն – http://arm.ican24.net:8501
4. Armenian NMT dataset – http://3.144.127.191/mt/