Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հայտնի են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի «Հավատարմություն դրոշին» խորագրով մրցույթի հաղթողները
News 04/10/2021 16:33

Հոկտեմբերի 1-ին ամփոփվել են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կազմակերպած «Հավատարմություն դրոշին» խորագրով մրցույթի արդյունքները և հայտնի են դարձել հաղթողները:

Մրցույթի հիմնական նպատակը հատկապես պատանիների ու երիտասարդների շրջանում ազգային կարևորագույն արժեքների, մեր պետականության կարևորագույն խորհրդանշանների՝ դրոշի, զինանշանի և օրհներգի նկատմամբ ունեցած է՜լ ավելի ջերմ վերաբերմունքի ձևավորումն ու արժևորումն է: 

««Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը բացի իր բուն՝ տեխնոլոգիական ուղղվածության ծրագրերից, մեծ նշանակություն է տալիս նաև այնպիսի նախաձեռնությունների իրականացմանը, որոնք ուղղված են ինքնիշխանության, պետականաշինության ու պետական խորհրդանիշների հանդեպ պատկառանքի ու մեծարման մշակույթի ձևավորմանն ու ամրապնդմանը: 

Այդ իսկ նպատակով ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ հայտարարեցինք Դրոշին հավատարմության խոստման այս մրցույթի անցկացման մասին»,- նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:  

Նա ընդգծել է, որ ՁԻՀ-ը կարևորագույն առաքելություն է համարում ապագայի տեխնոլոգիական հմտություններ ու գիտելիքներ ստացող երիտասարդների մեջ հայրենիքի շենացման ու առաջընթացի ապահովման գործին մասնակցության պարտավորվածության ու նվիրումի կայուն զգացման ձևավորումը: 

Մրցույթին ներկայացվել են 38 հեղինակների 53 ստեղծագործություններ, որենցից  21-ը՝ արձակ,  32-ը՝ չափածո անվանակարգերում։ Մրցույթը բաց էր ցանկացած տարիքի և մասնագիտության անձանց համար։ Գնահատման հիմնական չափանիշներն էին կառուցվածքը, լեզուն ու ոճը, տեքստի օրիգինալությունը։ 

Մրցանակային ֆոնդը (1.000.000 ՀՀ դրամ) բաշխվել է երկու անվանակարգերում գնահատող հանձնախմբի կողմից՝ իրենց բովանդակությամբ լավագույնը ճանաչված ստեղծագործությունների հեղինակների միջև։ 

Չափածո  անվանակարգում մրցանակների են արժանացել՝ 

  • Անահիտ Ղազախեցյանը – միաժամանակ 2 ստեղծագործությունների համար: Մրցանակի չափ՝ 500000 ՀՀ դրամ։
  • Լուսինե Եղիյանը250000 ՀՀ դրամի չափով

Արձակ անվանակարգում  մրցանակի է արժանացել՝ 

  • Վալյա Գասպարյանը՝ 250000 ՀՀ դրամի չափով։ 

«Հավատարմություն դրոշին» մրցույթի անցկացման գործընթացին աջակցել է նաև «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամը։

Մրցույթի գնահատման գործընթացում ներգրավվել են տարբեր ոլորտների փորձառու մասնագետներ՝

  • Հասմիկ Հակոբյան – գրականագետ, Գրանիշ գրական համայնքի խմբագիր, 
  • Արքմենիկ Նիկողոսյան – գրականագետ, Անտարես հրատարակչության գլխավոր խմբագիր, 
  • Արմեն Սարգսյան – բանաստեղծ, Գրքի երևանյան փառատոնի գեղարվեստական ղեկավար, 
  • Պավել Սարգսյան – «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի տնօրեն, 
  • Մարիամ Դավթյան – «Զիմաստ» խորհրդատվական ընկերության տնօրեն, 
  • Ժենյա Ազիզյան – «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրերի ղեկավար։ 

«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից մեկն է: Այն հիմնադրվել է 2002թ-ին և աջակցում է Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճին՝ ստեղծելով նպաստավոր միջավայր նորարարության զարգացման, տեխնոլոգիաների կատարելագործման և ընկերությունների ընդլայնման համար: