Նյութագիտությունը վերջին տարիներին դարձել է տնտեսության տարբեր ճյուղերի համար գիտական կարևորագույն ուղղություններից մեկը: Այն միջառարկայական գիտական ուղղություն է, որն ընդգրկում է ֆիզիկան, քիմիան և կենսաբանությունը, ինչպես նաև ինժեներական կիրառությունները և արդյունաբերական արտադրության գործընթացները:
Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ), «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) և Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC)՝ PMI Science-ի աջակցությամբ ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետում հիմնում են նոր համաշխարհային կարգի մագիստրոսական ծրագիր նյութագիտության ոլորտում։
Առաջադեմ ուսումնական ծրագրի, հետազոտությունների և նորարարությունների շնորհիվ այս մագիստրոսական ծրագիրը թույլ կտա պատրաստել նյութագիտության ոլորտի առաջատար մասնագետներ:
Մագիստրոսական այս ծրագրի ներքո մեկնարկում է նյութագիտության տարբեր ուղղություններով երկու նոր դասընթաց՝ նորագույն կոմպոզիտային նյութեր, կենսաբժշկական նյութեր։
Բոլոր դասընթացներն անվճար են, սակայն տեղերը սահմանափակ են։ Այդ պատճառով ընտրությունը կատարվելու է` ըստ ներկայացված Cover Letter-ի և CV-ի:
Դասընթացները նախատեսված են հատկապես քիմիայի, ֆիզիկայի և կենսաբանության ոլորտների բակալավրի 4-րդ կուրսի և մագիստրատուրայի ուսանողների, ասպիրանտների և գիտ․ աշխատողների համար։
Դասընթացի հաջող ավարտից հետո մասնակիցները կստանան վկայականներ։
Հետաքրքրված ուսանողները, մասնագետներն ու հետազոտողները կարող են դիմել դասընթացներին՝ լրացնելով առցանց հայտաձևը: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է դեկտեմբերի 6-ը:
Դասընթացներին առավել մանրամասն ծանոթացեք այստեղ: