Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Արցախում ցուրտ է ու մութ, բայց թունելի վերջում լույս կա՝ որակյալ կրթությունն է
News 15/03/2022 12:06

Արցախի Հաղորտի գյուղում կառուցվող «Մունք» տեխնոդպրոցի համար դրամահավաքն ավարտված է. նախատեսված 67,5 մլն դրամի փոխարեն հավաքվել է շուրջ 70 մլն: Ոլորտի առաջատարեր մասնագետների ու ընկերությունների ակտիվ ներգրավմամբ ու կրթությունն արժեվորող բարերարների աջակցությամբ՝ երեխաներն իրենց երազանքը դարձնում են իրականություն: «ռեԱրմենիա» հարթակի միջոցով՝ նախագիծն իր շուրջն է համախմբել է հարյուրավոր անհատների և կազմակերպությունների:

Այս նախագծի շուրջ տեղի ունեցող համագործակցությունը մեկնաբաներով, «ռեԱրմենիա»-ի տնօրեն Գևորգ Պողոսյանը նշում է․ «Մեզ շատ է դուր եկել այս պրոցեսը, որովհետև իսկական համագործակցություն է տեղի ունեցել: Տեխնոդպրոցի շնորհիվ՝ միայն Մարտունու շրջանից շուրջ 300 երեխաներ հնարավորություն կունենան ապրել իրենց համայնքում ու միջազգային մակարդակի տեխնոլոգիական կրթություն ստանալ, սովորել ծրագրավորում, ավիամոդելավորում, գրաֆիկ դիզայն, թվային մարքեթինգ»։

Նախագիծն իրականացնող «Ես» կրթական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Մերի Մկրտումյանն էլ ավելացնում է․ «Տեխնիկական վերազինման շնորհիվ «Մունք»-ը իր սաներին հնարավորություն կտա կապի մեջ լինել ոլորտի լավագույն մասնագետների հետ, տեղայնացնել նրանց գիտելիքն ու փորձը, և հենց գյուղում ապահովել որակյալ կրթություն: Տեխնոդպրոց ունենալու համար հավաքագրած գումարի մի չնչին մասն է հատկացվելու կառուցապատման ու բարեկարգման աշխատանքներին. գումարի գերակշիռ մասը ծախսվելու է սարքավորումների ձեռքբերման վրա»:

«Տեխնոդպրոցը կառուցելուց հետո, ընդհանուր, ոչ միայն համայնքը կփոխվի, այլ ողջ Արցախում կփոխվի իրավիճակը։ Մենք պատերազմից հետո հասկացանք, որ այն տանուլ տվեցինք ոչ թե զենք կամ զինամթերք չունենալու, այլ մեր չկրթված լինելու պատճառով, որովհետև Ադրբեջանից ինչ-որ մեր հասակակից աղջիկ կամ տղա անօդաչու սարքերով խփում էին մեր զինվորներին։ Մենք չունեինք այդ բոլորը, որովհետև մենք չունեինք տեխնոլոգիական կրթություն։ Իսկ տեխնոլոգիական կրթություն ստանալու համար պետք են տեխնոլոգիական կրթություն տվողներ։ Տեխնոդպրոցը տեխնոհամայնք կստեղծի, որը կզարգանա և կտարածվի ամբողջ Արցախում, ինչը մեզ կտա զարգացած Արցախ», – ասում է Հաղորտիում Տեխնոդպրոցի կառուցմանը սպասող երիտասարդներից մեկը՝ Էլինա Մարտիրոսյանը։

Շինարարական աշխատանքները համայնքապետարանի շենքում, որը համայնքապետը նվիրել է Տեխնոդպրոցին, սկսվել են գրեթե մեկ ամիս առաջ, երբ դրամահավաքի միջոցով հավաքվել էր անհրաժեշտ գումարը։ Հիմա շինարարությանը զուգահեռ իրականացվում է կրթական «տաղանդների բացահայտման» փուլը, որի շրջանակում շարժական լաբորատորիաների շնորհիվ մասնագետները այցելում են տարբեր համայնքներ ու գտնում տեխնոլոգիական կրթությամբ հետաքրքրվող երիտասարդների։

Նախատեսվում է, որ դպրոցը հնարավոր կլինի շահագործել արդեն այս ամռանը։ Ըստ նախագծի հեղինակների, դպրոցի շնորհիվ մեկ տարի անց Հաղորտին ՏՏ ոլորտում ունենալու է շուրջ 40 մրցունակ մասնագետ:

«Ես» կրթական հիմնադրամը ստեղծվել է 2019 թ-ին Աշոտ Ավանեսյանի և նրա կնոջ՝ Լուիզայի կողմից։ Այսօրվա դրությամբ հիմնադամի դասընթացներն օգնել են արդեն 80 արցախցի 13-17 տարեկան երեխաներին։ Ուսումն ավարտելուց հետո աշակերտները հնարավորություն են ստանում իրենց սեփական ընկերությունները ստեղծել։ Առաջին հաջողված նախագիծն է դարձել StartSystems ստարտափը, որը հիմնադրել են դասընթացի առաջին շրջանավարտները։ Մարտունու շրջանում այս պահին 100-ից ավել երեխա է մասնակցում դասընթացին, մոտակա երկու ամիսների ընթացքում այդ թիվն անցնելու է 120-ը։ Եվս 50 աշակերտ ունի Ստեփանակերտի լաբորատորիան։ Հաջորդ տարվա սկզբին «Ես» կրթական հիմնադրամը կունենա ՏՏ գիտելիքներովավելի քան 200 շրջանավարտ։ 

«ռեԱրմենիա» համագործակցության և դրամահավաքի հարթակի նախաձեռնողներն են Tufenkian Foundation-ը, TheCrowdFundingFormula-ն, MerakiPal-ը, Global AM-ը, Techնոտունը, Backbone-ը: Հարթակը հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարձրաձայնել Հայաստանի խնդիրները, ինչպես նաև առաջարկել այդ խնդիրները լուծող նախագծեր, կիսվել փորձով, հմտություններով կամ ֆինանսական և նյութական ռեսուրսներով։ «ռեԱրմենիա»-ն իր հերթին ստեղծում է միջավայր փոխադարձ վստահության և թափանցիկության ապահովման համար, որն արդյունավետ համագործակցության հիմքն է։ Հարթակի ստեղծմանն արդեն միացել են տարբեր կազմակերպություններ, որոնց թվում են Krisp-ը, gg-ն, 10Web-ը, Art Lunch-ը, UATE-ն, Ucraft-ը,  Picsart-ը, Digitain-ը, Easy D’Marc-ը, COAF-ը, Onex-ը, AppearMe-ն, VPOS Testing-ը, BANA-ն, Zigzag-ը, Kantata-ն: