Hyetech-ը SmartGateVC-ն և Globally – Global Entrepreneurship Foundation-ը մեկնարկել են հուլիսի 8-ին կայանալիք Entrepreneurship Immersion Programme (EIP) ծրագրի երրորդ շրջափուլի հայտերի ընդունումը:
EIP-ն 10-օրյա ինտենսիվ ծրագիր է ԱՄՆում, որը 10-12 նորաստեղծ հայկական տեխնոլոգիական ստարտափներին հնարավորություն կտա ծանոթանալ Սիլիկոնային հովտի ստարտափ էկոհամակարգին: Սիլիկոնային հովտում և Լոս Անջելեսում գտնվելու ընթացքում ստարտափների հիմնադիրները կհասկանան, թե ինչպես լավագույնս ներգրավվել տեղի տեխնոլոգիական շուկայի մեջ և առավելագույն արժեք քաղել առկա ռեսուրսներից, կհանդիպեն իրենց ոլորտից փորձագետների և գործարարների, այդ թվում՝ ներդրողների և պոտենցիալ հաճախորդների։ Մասնակիցները կծանոթանան ստարտափների կառուցման տեմպին, կզգան Սիլիկոնային հովտի ստարտափ մշակույթի ռիթմը:
EIP-ի 2016 թվականի ապրիլի 1-ի առաջին ծրագիրը արդյունավետ էր մասնակից հիմնադիրների համար։ 2017-2018 թվականներին հայկական ստարտափների շուկան գրանցեց զգալի աճ, ինչը ոգեշնչեց ծրագրի կազմակերպիչներին 2019 թվականին նախաձեռնել EIP-ի երկրորդ շրջափուլը։ «2019-ին EIP-ն բարելավեց իմ բիզնես մտածողությունը։ Ես իսկապես զգացի Սիլիկոնյան հովտի ստարտափ մշակույթը»,— նշում է EIP 2019-ի շրջանավարտ, Expper Technologies-ի գործադիր տնօրեն և համահիմնադիր Կարեն Խաչիկյանը։ Expper Technologies ընկերությունը 2022 թվականին ներգրավեց 2 միլիոն դոլար սաղմնային ներդրում, և ընկերության Robin the Robot ռոբոտը TIME ամսագրի կողմից ճանաչվել է որպես 2021 թվականի լավագույն գյուտերից մեկը։ Ծրագրի շրջանավարտներից են D’efektը, որը App Store-ում բազմիցս անգամ հաղթել է «Օրվա հավելվածը» կոչումը, իսկ 2020-ին գնվել է Picsart-ի կողմից, EasyDMARC-ը, որը էլեկտրոնային նամակագրության ապահովության առաջատար հինգ ծրագրերի շարքում է աշխարհում և վերջերս ներդրում է ներգրավել այնպիսի ընկերություններից ինչպիսին է Crosspring-ը, իսկ Earlyօne-ը արդեն ծառայություններ է տրամադրում 45 կազմակերպությունների աշխարհով մեկ։
EIP 2022-ը կանցկացվի հուլիսի 8-18-ին։ Ծրագրի ընթացքում մասնակիցները կհանդիպեն հարավային Կալիֆորնիայի բիզնես-փորձագետների և փորձառու ձեռներեցների հետ։ Կմասնակցեն դասընթացների այնպիսի թեմաներով ինչպիսին են «Ինչպես վաճառել ԱՄՆ-ի մեծ ընկերություններին, երբ դու ստարտափ ես», «Ինչպես ներկայացնել քո ստարտափ պլանը, որ այն գրավի ներդրողներին» և ավելին, կայցելեն տեղական վենչուրային կապիտալի ընկերություններ, աքսելերացիոն ծրագրեր և ԱՄՆ ներդրողներին կներկայացնեն իրենց ստարտափ գաղափարները:
Ցանկացած ստարտափ, որը ներգրավել է 500 հազար դոլարից քիչ ներդրում, կարող է դիմել ծրագրին: Բոլոր ծախսերը (բացառությամբ թռիչքի և վիզայի ծախսերը) հոգալու համար տրամադրվում են կրթաթոշակներ։ Մասնակիցներին նաև կտրամադրվի ԱՄՆ վիզա ստանալու աջակցություն։ Դիմելու վերջնաժամկետը ապրիլի 15ն է:
Ծրագրի մասին ավելին կարող եք ծանոթանալ և դիմել տվյալ հղումով https://www.hyetech.io/eip2022: Հարցերի դեպքում կարող եք նամակ գրել [email protected] էլ․ հասցեին։
EIP 2022-ը կյանքի է կոչվել HyeTech-ի, SmartGateVC-ի, և Globally – Global Entrepreneurship Foundation-ի համատեղ ուժերով: