Հայաստանում ֆրանսիական համալսարանը կազմակերպում է «Արհեստական բանականության գիշեր» միջոցառման հայաստանյան առաջին թողարկումը, որը տեղի կունենա ապրիլի 8-ին՝ 18։00-ից սկսած։
Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի հետ համատեղ և SoftConstruct ընկերության հովանավորությամբ կազմակերպվող այս բացառիկ միջոցառման նպատակն է ավելի ճանաչելի դարձնել համակարգչային մասնագիտությունները, վեր հանել մարդկային կապիտալի դերը նորագույն տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում, բացահայտել արհեստական բանականության վրա հիմնված տարբեր մոտեցումներ։
Մասնակիցները հնարավորություն կունենան ներկա գտնվելու մի շարք կոնֆերանսների և քննարկումների՝ հայ և օտարերկրացի լավագույն մասնագետների բանախոսությամբ (Թուլուզ 3 համալսարանի դասախոսներ, ՀՖՀՀ ռեկտոր պրոֆեսոր Բերտրան Վենար, SoftConstruct ընկերության «Hoory» ստարտափի գործադիր տնօրեն և կիբերանվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյան, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյան, Համաշխարհային բանկի տեղեկատվական և կիբերանվտանգության ռիսկերի էքսպերտ, ՀՀ կենտրոնական բանկի կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Կոմիտաս Ստեփանյան և այլք), ինչպես նաև մասնակցելու ֆիլմերի ցուցադրության։
Միջոցառումը կմեկնարկի 18։00-ին, Հայաստանում ֆրանսիական համալսարանի Ա դահլիճում (հասցեն՝ Երևան, Դավիթ Անհաղթի 10)
Միջոցառման լեզուներն են հայերենը և ֆրանսերենը՝ համաժամանակյա թարգմանությամբ ։