Մայիսի 21-ին շուրջ 150 երիտասարդ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ) մասնակցեցին «WIDS Հայաստան 2022. Տվյալագիտությունը հանուն կայուն զարգացման» համաժողովին:
WIDS Armenia 2022-ը իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող՝ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի (AWDA), Safe YOU-ի, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների, Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ համագործակցությամբ։
WiDS Հայաստան 2022-ը մասնավոր միջոցառում է, որն անցկացվում է որպես «Կանայք տվյալագիտության մեջ» (WiDS) համաշխարհային համաժողովի մաս: Այն կազմակերպվում է Սթենֆորդի համալսարանի կողմից աշխարհի շուրջ 200+ վայրերում և ներկայացնում է ակնառու կանանց, ովքեր իրականացնում են կարևոր աշխատանք տվյալագիտության ոլորտում։
Այս տարվա համաժողովի խորագիրն էր՝ «WIDS Հայաստան 2022. Տվյալագիտությունը հանուն կայուն զարգացման», որը թիրախավորում էր Տվյալագիտության սոցիալական և տնտեսական ազդեցությունը գյուղատնտեսության, հյուրընկալության, ՏՀՏ/բարձր տեխնոլոգիաների, ինչպես նաև կրթության ոլորտներում:
Քննարկումների ընթացքում ներկայացվեց, թե ինչպես են տվյալները նպաստում ռազմավարությունների, քաղաքականության, ծրագրավորման և բյուջեների ձևավորմանը՝ աջակցելով Հայաստանի զարգացմանը: Համաժողովը նաև նոր կապեր հաստատելու հնարավորություն էր այն անհատների համար, ովքեր հետաքրքրված են ոլորտով:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության փոխտնօրեն Ռեբեկա Վայթը բացման խոսքով ողջունեց միջոցառման կազմակերպիչներին և ընդգծեց, թե որքան կարևոր է կանանց համար տվյալագիտության ոլորտի առաջատար այլ կանանց հետ ծանոթություններ հաստատելը:
Միջոցառման ընթացքում կայացան քննարկումներ բազմաթիվ թեմաների շուրջ, այդ թվում՝ տվյալագիտությունը՝ որպես մասնագիտական աճի միջոց, գյուղատնտեսական ստարտափներում տվյալագիտության կիրառումը՝ որպես հիմք, ինչպես է տվյալագիտությունը ձևավորում հյուրընկալության ոլորտի ապագան: Միջոցառման ընթացքում կայացավ նաև «Երբ տվյալագիտությունը ապահովում է լավագույն տեխնոլոգիական ընկերությունների արտադրանքների աճը» խորագրով պանելային քննարկումը, կազմակերպվեցին մի շարք աշխատարաններ:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) աջակցում է հայ կանանց և երիտասարդներին՝ տվյալագիտության տեխնիկական գիտելիքների և հմտությունների զարգացման գործում։
Համաժողովից հետո ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կիրականացվի տվյալագիտության պիլոտային դասընթաց, որը հնարավորություն կտա տեղացի երիտասարդներին ձեռք բերել տվյալների վերլուծության հմտություններ և գիտելիքներ՝ տարբերակելու պատկերացումներն ու օրինաչափությունները հում տվյալներից, ինչը թույլ կտա ավելի ճիշտ բիզնես որոշումներ կայացնել: